«Ես այն գլխից ասել եմ, որ թավիշը շատ լավ է՝ որպես օպերայի վարագույր». Էդգար Բաղդասարյան

21-08-2019
1766 դիտում
«Ես այն գլխից ասել եմ, որ թավիշը շատ լավ է՝ որպես օպերայի վարագույր». Էդգար Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը

- Պարո՛ն Բաղդասարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է հնարավորություն տալ, որպեսզի Ամուլսարի հանքավայրը շահագործեն։ Վերջին օրերին այս հարցի շուրջ իրավիճակը թեժացել է, բողոքի ակցիաներ են, ի՞նչ կարծիք ունեք դուք խնդրի վերաբերյալ։

- Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել։ Ես կասեմ մի բան, որը շատերին կարող է այնքան էլ դուր չգալ։ Ես վաղուց գիտեի, որ այդ հանքավայրը պետք է աշխատի, մեկ վայրկյան չէի կասկածում։ Եվ դա ճիշտ որոշում է վարչապետի կողմից։ Ասեմ ինչու. ես չէի ուզենա, որ այդ հանքը լիներ, բայց քանի որ այն կա, արդեն պատրաստի գործում է, և այստեղ կան մեծ շահերի բախումներ, անհնար է, մենք չենք կարող այս պահին դա դադարեցնել։

Ամուլսարի ծրագիրը վերացնել՝ նշանակում է սպասել, թե երբ Հայաստանի դեֆոլտը կլինի։ Նման վտանգ է մեզ սպասում։ Եվ ինձ շատ է զարմացնում այն, որ մարդիկ, ովքեր հեղափոխությանը մասնակցել են, սատարել են Նիկոլ Փաշինյանին, հիմա նրան դնում են, շախմատային տերմինով ասած՝ ցուգցվանգի մեջ։ Եթե չգիտեն, թե ցուգցվանգն ինչ է, ասեմ, որ դա իրավիճակ է, երբ դուք պարտված չեք, բայց ձեր յուրաքանչյուր քայլը տանում է պարտության։

Ինչքանո՞վ է ճիշտ այս իրավիճակում վարչապետին նման դրության մեջ դնել։ Բարդ իրավիճակ է, այո՛, ես չէի ուզենա, որ այդ հանքը լիներ։ Բայց այն կա, պայմանագրեր կան, ստորագրված են, և կապ չունի, թե ո՛վ է ստորագրել՝ Սերժը, Ռոբը, թե՞ Պողոսը։ Եվ Հայաստանին լուրջ վտանգ է սպառնում, եթե մենք դա չեղարկենք, դա կարող է մեզ դեֆոլտի հասցնել։ Իսկ այն մարդիկ, ովքեր ասում են՝ ոչ մի բան չի լինի, նրանք սիրողական նոստրադամուսներ են, որ աջից ու ձախից հայտնվել են, չեն հասկանում իրավիճակի ամբողջ լրջությունը։

Շատ լուրջ խնդրի առաջ է կանգնած Կառավարությունը։ Սա հավանաբար երկրորդ լուրջ փորձությունն է Ռոբերտ Քոչարյանի գործից հետո։ Ավելին, սա ավելի լուրջ գործ է, քան Քոչարյանի հարցը։ Եվ այս իրավիճակում չի կարելի Կառավարությանը ցուգցվանգի վիճակում դնել։ Եվ չի կարելի մտածել, որ մարդիկ ավելի շատ են մտածում բնության ու երկրի մասին, քան նրանք, ովքեր այնտեղ նստած են։

Հակառակ դեպքում սա աբսուրդի է վերածվում։ Իսկ այդ փողոց փակելն արդեն քրեորեն պետք է պատժել և ուղղակի փողոցներն ավլել առանց թավիշի։ Ես այն գլխից ասել եմ, որ թավշյա հեղափոխությանը կողմնակից չեմ, թավիշը շատ լավ է՝ որպես օպերայի վարագույր։

- Նկատելի է, որ այս հարցի համատեքստում վերջին օրերին տարբեր քաղաքական ուժեր են ակտիվացել, նաև անհատներ, փորձում են դիվիդենդներ շահել, նաև ուղղորդված պայքար է նկատվում։ Որքանո՞վ է դա ընդունելի։

- Նախկին իշխանությունները հիմա երանության մեջ են, նստած երևի կենաց են խմում, ասում են՝ հասանք մեր ուզածին։ Դրա համար երբ ասում եմ՝ ցուգցվանգ, դա նկատի ունեմ։ Չի կարելի ձեր կողմից ընտրված վարչապետին դնել նման իրավիճակի մեջ ու կարծել, թե դուք ավելի շատ եք մտածում Հայաստանի մասին։

Այդ մարդիկ, որոնք իրենց այդպես ճղում են, և որոնց 95 տոկոսն ազնիվ մարդիկ են, ես մեկ վայրկյան չեմ կասկածում, գոնե իրենք պետք է հասկանան, որ շատ ինֆորմացիայի ուղղակի չեն տիրապետում։ Որևէ բան պահանջել կարելի է ընդամենը մի դեպքում, եթե դու գոնե 70 տոկոսով տիրապետում ես ամբողջ ինֆորմացիային։ Այս զգացմունքային, պաթետիկ ու պաթոսային բաները պետք է վերջացնել, վստահել նրանց, ում իշխանության ես բերել։ Եթե ոչ, հաջորդ ընտրություններ կան, խնդրեմ։

Ես շատ բան կարող եմ ասել, բայց գտնում եմ, որ շատ անբարոյական է այս ծայրահեղ վիճակում ցուգցվանգը խորացնել։ Այո՛, սա որոշակի պոպուլիզմի հետևանք է, որը պետք էր մի քիչ շուտ վերջացնել։ Բայց, ցավոք, մեր Կառավարությունը մի քիչ ձգեց դա։ Ես էլի կողմնակից եմ բաց ու թափանցիկ հարաբերությունների, բայց իշխանությունը մի քիչ պիտի սակրալ լինի, ոչ թե փակ, այլ սակրալ, չի կարելի բացեիբաց խաղալ։ Չի կարելի անընդհատ հաճոյանալ ամբոխին, որովհետև հետո չես կարող քայլեր անել, որոնք այդ ամբոխին դուր կգան։ 

- Այսինքն՝ այն մասին եք խոսում, որ իշխանությունը հաշվետվողականությո՞ւն է որդեգրել։

- Այո՛, ես գտնում եմ, որ պոպուլիզմը մի քիչ երկարեց, պետք էր դրան մի քիչ շուտ վերջ տալ։ Կարծում եմ՝ Կառավարությունն էլ հասկացավ, որ սա մի քիչ էլ դրա հետևանքն է։ Իշխանությունը մի բան է, բայց փողոցում լինելը տարբեր բան է։ Չի կարելի շարունակել այն քաղաքականությունը, որը փողոցում էր, այդ ռոմանտիզմը պետք է վերացնել։ Ես կարծում եմ, որ պետք է վստահել և թողնել, որ որոշում կայացնի Կառավարությունը։ Եթե մենք մտածում ենք, որ այնտեղ մեր ազգի թշնամիներն են նստած, որոնք պետք է վնաս տան Հայաստանի բնությանը, բանակին, տնտեսությանը, ուրեմն այդ ժամանակ մենք ազգովի ապուշ ենք։ Չի կարելի մտածել, որ դու Հռոմի Պապից ավելի շատ կաթոլիկ ես լինելու։ Հանգիստ նստեք տեղներդ։

- Պարո՛ն Բաղդասարյան, օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանը մերժում է Հայաստանին հանձնել ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին, որը հանցագործության մեջ է մեղադրվում։ Ավելի վաղ մերժել էր հանձնել նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին։ Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի այս քաղաքականությունը։

- Կարծում եմ՝ սա քաղաքական որոշում է և ավելի շատ կապված է ռուսաստանյան ներքաղաքական խնդիրների հետ։ Պուտինի վիճակն էլ այդքան քաղցր չէ, և արի ու տես, որ Հայաստանն ինչ-որ չափով օրինակներ ու ճանապարհներ է ցույց տալիս։ Եվ, բնականաբար, ռուսները չեն կարող չտեսնել, որ խնդիրներ կան։

- Կարծես արդեն խնդիրներ կան այնտեղ, բողոքի ակցիաներ էին, փողոցներ փակեցին։

- Այո՛, դրա համար կարծում եմ՝ սա զուտ ներքաղաքական վիճակից դրդված քայլ է։ Եթե քրեական գործ կա, ապացույցներ կան, որոնք ուղարկվել են, բայց մերժվել է, այդ ժամանակ դա պետք է հրապարակվի։ Եթե հիմնավորումները, որով պահանջել են նրան արտահանձնել, բավարար չեն, ուրեմն ճիշտ են արել մերժել են։

- Հայաստանի իշխանությունների նկատմամբ սա կարո՞ղ է ճնշում լինել։

- Այո՛, չի բացառվում, որովհետև գաղտիք չէ, որ Ռուսաստանում մեկ իշխանություն կա, դա ФСБ-ն է։ Ես մանրամասներ չգիտեմ, բայց կարծում եմ՝ եթե հիմքերը լուրջ են, դրանք պետք է հրապարակվեն, մեր ուժային կառույցների կողմից դրանք գաղտնի պահելն անհասկանալի է։ Այդ ժամանակ մենք կհասկանանք, որ այդ հիմքերով չեն կարող նրան չարտահանձնել։ Թող հրապարակեն, թող քաղաքական դաշտից խնդիրը բերեն իրավական դաշտ, դա ճիշտ կլինի։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am