«Կարծում եմ հավանականությունը մեծ է, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի». Կարապետ Բադալյան

04-09-2019
«Կարծում եմ հավանականությունը մեծ է, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի». Կարապետ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Կարապետ Բադալյանը։

- Պարո՛ն Բադալյան, Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը։ Հակասահմանադրական ճանաչվեց Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տալիս։ Ինչպե՞ս եք գնահատում ՍԴ որոշումը, և ի՞նչ է այն ենթադրում։

- Ես իմ կարծիքը չեմ փոխել՝ Սահմանադրական դատարանի այն կազմը, որը կա, չի հանդիսանում դատարան, նրանք չպետք է իրականացնեն դատավորի լիազորություն։

Նրանք այս որոշմամբ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ճանաչել են հակասահմանադրական այն մասով, որ մասով դա չի ճանաչում անձեռնմխելիությունը՝ որպես քրեական հետապնդումը դադարող հանգամանք։ Պարզ է, որ սրա նպատակն այն է, որ անձը, ով անձեռնմխելիությունից օգտվել է, հիմա կարողանա սրանից օգտվել՝ այդ անձեռնմխելիությունը վկայակոչելով՝ ասելով՝ ինձ այլևս քրեական հետապնդման մի ենթարկեք։

Պատկերացրեք, որ այս 35-րդ հոդվածում կա անձեռնմխելիությունը, և պետք է քրեական հետապնդում հարուցվի այդ անձի նկատմամբ։ Եթե անձեռնմխելիությունը կա, պարզ է, որ այդ հիմքով նրան չպետք է քրեական հետապնդման ենթարկեն։ Հիմա փաստորեն նրանք այդ տրամաբանությունն են դնում, որ կոնկրետ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը, որը հարուցվել է, կատարվել է այն իրավական նորմով՝ 35-րդ հոդվածով, որը հակասում է Սահմանադրությանը, քանի որ անձեռնմխելիություն չի նախատեսում։

Հիմա, եթե օրենքի խախտմամբ է քրեական հետապնդումը հարուցվել, դա նշանակում է, որ մյուս կողմի պաշտպանները վերցնելու են Սահմանադրական դատարանի այդ որոշումն ու գնան Վճռաբեկ դատարան, ասեն՝ սա նոր հանգամանք է, մեր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը այնքանով, որքանով հաշվի չեն առել նրա անձեռնմխելիությունը, օրենքի խախտմամբ է իրականացվել։ Իսկ քրեական հետապնդումը շղթայի առաջին օղակն է։

Եթե քրեական հետապնդումն սկսում են, հետո արդեն անձին ներգրավում են ինչ-որ կարգավիճակով, խափանման միջոց են որոշում։ Այսինքն՝ ստացվում է, որ եթե օրենքի խախտմամբ են նրան քրեական հետապնդման ենթարկել, նշանակում է՝ այդ օրենքի խախտմամբ սկսված գործողությունից հետո բոլոր գործողությունները դառնում են ապօրինի։

Այսինքն՝ կալանքի հարցը այս հարցից ածանցյալ է, եթե պարզվում է, որ խախտվել է մարդու իրավունքը, նա չպետք է գտնվի կալանքի տակ։ Դա Քոչարյանի փաստաբանները վերցնելու են ու գնան Վճռաբեկ դատարան ու այս հարցը առաջ տան։ Այսինքն՝ նրանց նպատակը հենց դա էր, և նրանք հասան իրենց նպատակին։

- Այսինքն՝ Սահմանադրական դատարանի այս կազմից հենց նման որոշո՞ւմ էր սպասելի։

- Իհարկե սա սպասելի էր, ես վստահ էի, որ այսպես է լինելու։ Իրենք ընդհանրապես չպետք է այդ գործը վարույթ ընդունեին, որովհետև այդտեղ սահմանադրականության հարց չկա։ Եթե Սահմանադրության մեջ գրված է, որ «օգտվում է անձեռնմխելիությունից», Սահմանադրության նորմերը գործում են ուղղակի ու անմիջականորեն։

Այսինքն՝ եթե անձեռնմխելիությունը քրեական հետապնդումը բացառող հանգամանք լիներ, քննիչը դա կկիրառեր։ Իսկ ի՞նչ է նշանակում Քրեական դատավարության օրենսգրքում դա դնել և ասել, որ քրեական արարքով նախատեսված արարքի համար պատասխանատվությունից ինքը կարող է ազատվել։

Չէ՞ որ Սահմանադրության մեջ գրված չէ, թե անձեռնմխելիությունը քրեական արարքից է ազատում, այնտեղ ասում է՝ իր լիազորություններից բխող գործողությունների համար է ազատվում։ Իսկ երբ իրենք բերում ու դնում են այստեղ, արդեն որոշակի տրամաբանական շղթա են ուզում ստեղծել, որ ինքն ամեն ինչից էլ ազատվելու է, եթե կա անձեռնմխելիություն։

Այսինքն՝ Սահմանադրական դատարանն ուղղորդված խնդիր է լուծել։ Ինչո՞ւ է այս հարցն այսպես լուծվում, որովհետև, ինձ թվում է, պարզ է, թե ո՛վ է այս հարցի հաջորդ շահառուն։ Ո՛վ է նախկին նախագահ եղել, ո՛վ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, և ո՛ւմ համար հիմա պատասխանատվության չենթարկելու հիմք են ստեղծում։

- ՍԴ որոշումը կարծես երկակի մեկնաբանությունների տեղիք է տալիս, այդպե՞ս է, դա դիտավորյա՞լ է արված։

- Երբ երկակի է մեկնաբանվում, կամ եթե օրենքը կարելի է բազմիմաստ մեկնաբանել, կանոնը հետևյալն է, որ պետք է մեկնաբանվի հօգուտ անձի իրավունքի։ Եթե կարող է մեկնաբանվել, որ կալանք կարող է լինել, կարող է և չլինել, ապա մեկնաբանվելու է հօգուտ կալանք չլինելու։ Այսինքն՝ պատահական չէ այդպես արված։ Մեկնաբանության ժամանակ պետք է իրավունքի գերակայության ներքո այդ ամենն արվի, իսկ իրավունքի գերակայությունն ասելու է՝ եթե երկիմաստ է, ուրեմն պետք է մարդու իրավունքն առաջնահերթ համարվի, և վերջ։ 

- Այսինքն՝ հավանականությունը մե՞ծ է, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի։

- Այո՛, ես կարծում եմ հավանականությունը մեծ է, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի և նրանք հենց այդ նպատակով էլ դա արել են։ Այստեղ այլ հարց էլ կա. դիմումներից մեկը Եվրադատարան ու Վենետիկի հանձնաժողով էին ուղարկում, ասում էինք՝ հանրային մեծ հնչեղություն ունի։ Դա առաջին եզակի գործն էր, որ ուղարկեցին, նախկինում չկար այդպիսի բան։ Հիմա այդ նույն գործն է, չէ՞, ի՞նչը փոխվեց, հանրային հնչեղությունը դադարե՞ց, դա էլ թող ուղարկեին այնտեղ։ Ո՛չ, որովհետև սա հիմնական է, սրանով խնդիր են լուծում։

- Ի՞նչ պետք է արվի այս Սահմանադրական դատարանի հետ։ Ամիսներ շարունակ մասնագետների մի մասը պնդում է, որ այն ոչ լեգիտիմ կառույց է։

- Ես այստեղ համամիտ եմ փաստաբան Տիգրան Եգորյանի այն կոչի հետ, որ չպետք է ճանաչել ՍԴ այդ որոշումը, որովհետև փաստ է՝ նրանք իրավական լեգիտիմություն չունեն։ Հետևաբար, նրանց ընդունած որոշումները չպետք է ճանաչվեն ու կատարվեն։ Եվ պետք է պահանջել նրանց հրաժարականը, եթե չեն հրաժարվում, պետք է նոր դատավորներ նշանակվեն, դա այն է, ինչ այս ամիսներին անընդհատ ասում ենք։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am