«Մարտի 1»-ի գործով իրականացվող քրեական գործը բոլոր կողմերից ստանում է հարվածներ»․ Նորայր Նորիկյան

05-09-2019
778 դիտում
«Մարտի 1»-ի գործով իրականացվող քրեական գործը բոլոր կողմերից ստանում է հարվածներ»․ Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը

- Պարո՛ն Նորիկյան, ՍԴ-ն երեկ հակասահմանադրական ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի վիճարկած երկու հոդվածներից մեկը՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը։ Քոչարյանի փաստաբաններն ասում են, որ այս որոշումից հետո անհնար է, որ նա մնա կալանքի տակ։ Ինչպե՞ս եք դուք մեկնաբանում ՍԴ այս որոշումը։

- Նախ՝ որպեսզի կարողանանք հարցին հստակ պատասխանել, անհրաժեշտ է վերլուծել, թե առհասարակ ի՛նչ դիմում են ներկայացրել, և ի՛նչ խնդիր է քննարկվել ՍԴ-ում։ ՍԴ-ն որոշում է կայացրել Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածների սահմանադրականության վերաբերյալ։ ՍԴ-ն արձանագրել է, որ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը, և պետք է ուշադրություն դարձնել այդ հատվածին, և երկրորդ՝ ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող ու անվավեր է ճանաչել 35-րդ հոդվածը։

Անկեղծ ասած, մի փոքր տարակուսած եմ, դեռ պետք է ամբողջ որոշմանը ծանոթանամ, որպեսզի հասկանամ՝ ամբողջ հոդվա՞ծն է հակասահմանադրական ճանաչվել, թե՞ մի մասը։ 35-րդ հոդվածը բավական մեծ է, որում սահմանված են քրեական հետապնդումը բացառող դրույթները։

Ըստ էության, ՍԴ որոշումը հետևյալ բացվածքն ունի. ՍԴ-ն արձանագրել է, որ այդ հոդվածում բացակայում է ՀՀ նախագահի սահմանադրական անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը բացառելու մասին դրույթը։ Ուստի հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ հոդվածում բացակայում է ՀՀ նախագահի անձեռնմխելիության առկայության պայմաններում քրեական հետապնդումը բացառելու վերաբերյալ դրույթը, այդ նորմը համարվել է հակասահմանադրական։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքի վրա. եթե անգամ արձանագրվի, որ օրենքի բաց է, այսինքն՝ տվյալ դեպքում Քրեական դատավարության օրենսգրքում բացակայել է այդ դրույթը, արդյոք օրենքի բացը հակասահմանադրականությո՞ւն է։

Այսինքն՝ այդ խնդրի վրա պետք է ՀՀ ՍԴ-ն ուշադրություն դարձնի։ Ընդունենք՝ որևէ օրենքում որևէ իրավակարգավորող նորմ բացակայում է, դրանից պետք է հանգել հետևության, որ տվյալ օրենքը կամ նորմը հակասահմանադրակա՞ն է։ Այս պայմաններում պետք է միջազգային փորձն ուսումնասիրվի, թե արդյոք օրենքի բացը ինքնին հակասահմանադրակա՞ն է։ Ես համաձայն չեմ այդպիսի ձևակերպմանը, որ օրենքի բացը կարող է գնահատվել որպես հակասահմանադրականություն։ Այս առումով անհրաժեշտ է ամբողջական հիմքերն ունենալու համար ծանոթանալ ՍԴ որոշմանը, նոր միայն հնարավոր կլինի ամբողջական դիրքորոշում արտահայտել։ Թույլ տվեք նաև արձանագրել, որ սա Ռոբերտ Քոչարյանին ոչինչ չտվող որոշում է։

Նրա ճակատագիրը որոշելու համար ՍԴ այլ որոշման պետք է սպասել, մասնավորապես, Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ, ինչպես նաև նրա սահմանադրական անձեռնմխելիության հաղթահարման վերաբերյալ, եթե այդպիսի դիմում կա։ Իսկ այս որոշումով ընդամենը ՍԴ-ն արձանագրել է հաստատված հանգամանքը։ Այո՛, բոլորն էլ ընդունում են, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով այդպիսի դրույթ սահմանված չի եղել։ 

- Ընդհանրապես, այս իրավիճակի համար իշխանության մեղավորությունը չկա՞, սա արդյոք ուշացած բարեփոխումների հետևա՞նք չէ։

- Ես արդեն ասել եմ՝ դեռ մի կողմ, թե ով է ՍԴ նախագահը, ինչպիսին է ՍԴ կազմը, ինչ որակական հատկանիշներ ունի, ինչո՞ւ հնարավորություն տվեցիք, որ խնդիրը որոշելու հարցը գար հասներ ՍԴ ։ Իսկ ո՞րն է քրեական հետապնդում իրականացնող մարմինների աշխատանքի արդյունքը։

Արդյոք այդ մարմինը, դրա նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը իրենց մեղքի բաժինը չունե՞ն։ Ես վստահ եմ, որ եթե այդ մարմինները, ընդհանրապես իրավապահ համակարգը գտնվեին իրենց դերում, իրականացնեին իրենց գործառույթները, իրականացնեին այնպիսի պրոֆիլակտիկ քայլեր, իրենք նախահարձակ լինեին, իրենք մշակեին այդ խնդրահարույց հարցերը, դրանց պատասխանները, անգամ օրենսդրական փոփոխությունների միջոցով կարողանային լուծել, մենք այսօր այս խնդրի առաջ չէինք կանգնի։

Եթե մենք իսկապես ուզում ենք օբյեկտիվ գնահատական տալ այս իրավիճակին, ես գտնում եմ, որ այստեղ խոր հետևություններ անելու խնդրի առաջ են կանգնել թե՛ քաղաքական իշխանությունը, թե՛ դատախազությունը, թե՛ ՀՔԾ-ն։ Բոլոր դեպքերում պետք է արձանագրել, որ «Մարտի 1»-ի գործով իրականացվող քրեական գործը հայտնվել է մի իրավիճակում, երբ բոլոր կողմերից ստանում է հարվածներ։

Պետությունն ինքը պետք է կարողանար իրականացնել այնպիսի անխոցելի քրեական հետապնդում, այնպիսի քննություն, որ որևէ երրորդ անձի կամ որևէ գործով չշահագրգռված սուբյեկտի մեջ վստահություն կառաջացներ, որ այս գործով իրականացվում է օբյեկտիվ քննություն։ Այդ դեպքում մենք այսպիսի խնդրի առաջ չէինք կանգնի։ 

- ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն ինչպե՞ս է հնարավոր լուծել։ Մենք տեսանք, որ ՍԴ երկու դատավորներ հատուկ կարծիք էին ներկայացրել։

- Բոլոր դեպքերում որոշումը որոշում է, և հատուկ կարծիքները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ որոշման ընդհանուր բնույթի կամ էության վրա։ Մենք պետք է ընդունենք այդ որոշումը որպես կայացած իրողություն։ Եկեք նաև արձանագրենք, որ այս որոշումով Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հարցը որոշված չէ։

Բոլորը կարծեք մոռանում են, որ Ռոբերտ Քոչարյանին նաև մեկ այլ մեղադրանք է առաջադրված՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը։ Նաև այդ հանգամանքին պետք է ուշադրություն դարձնել։ Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը պետք է դիտարկել ամբողջության մեջ, ոչ թե առանձնացնել «Մարտի 1»-ի գործով իրականացվող մասը։

Թե ի՛նչ հետևանք կառաջացնի ՍԴ այս որոշումը, կտեսնենք առաջիկայում։ Ինձ համար առավել կարևոր է, թե քրեական հետապնդում իրականացնող մարմինները և ընդհանրապես իրավապահ համակարգը ի՛նչվարքագիծ կդրսևորեն այս իրավիճակը հաղթահարելու համար։ 

- Այս պայմաններում «Մարտի 1»-ի գործի բացահայտումը շատ ավելի փակուղային իրավիճակում չի՞ հայտնվում։ 

- Ես դրան բազմիցս եմ անդրադարձել, որ «Մարտի 1»-ի բացահայտում ասելով ես նկատի ունեմ 10 զոհերին սպանողների և կազմակերպիչների բացահայտումը։ Քանի դեռ մենք չունենք այդ հարցերի պատասխանը, մենք միշտ արձանագրելու ենք, որ «Մարտի 1»-ը բացահայտված չէ։ Թող իրավասու մարմինները բարի լինեն այդ հարցերի շուրջ իրականացնել քննություն և հանությանը տեղեկացնել, թե ինչ արդյունքներ են արձանագրել այդ ուղղությամբ։ Բնականաբար, «Մարտի 1»-ի գործը իրավապահ համակարգի բկին կանգնած փորձություն է, և նրանք պարտավոր են արժանապատվորեն դուրս գալ այդտեղից։ Այլ տարբերակ չկա։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am