«Եթե Փաշինյանի կառավարությունը Ամուլսարը շահագործելու որոշում կայացնի, հանրությունը դրանից շատ կոնկրետ եզրակացություններ կանի». Սուրեն Սահակյան

08-09-2019
«Եթե Փաշինյանի կառավարությունը Ամուլսարը շահագործելու որոշում կայացնի, հանրությունը դրանից շատ կոնկրետ եզրակացություններ կանի». Սուրեն Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը

- Պարո՛ն Սահակյան, «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել է Ամուլսարի թեման։ Դատելով մեկնաբանություններից՝ Ամուլսարը, այնուամենայնիվ, շահագործվելու է։ Ի՞նչ մոտեցում եք ցուցաբերելու։

- Թե՛ ես անձնապես, թե՛ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը արտահայտել ենք մեր նույնական դիրքորոշումը։ Ի տարբերություն ոմանց, այն անփոփոխ է մնում, որովհետև հենման կետ ունի՝ մեր արժեքներն ու սկզբունքները։ Կարծում եմ՝ շատ վտանգավոր է, երբ պետական կառավարման լծակներին տիրապետելու հայտ ներկայացնող կամայական ուժ կամ անհատ որոշումներ է կայացնում օրվա տրամադրությամբ։ Մենք դեռ առիթ կունենանք սրա մասին խոսելու։

Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործմանը, ապա ես դրա ոչ մի նախադրյալ չեմ տեսնում։ Թե՛ «Իմ քայլը» դաշինքը, թե՛ վարչապետը հայտարարել են, որ բնապահպանական աղետի նվազագույն կասկածների դեպքում հանքը չի շահագործվելու։ Անկախ փորձագիտական խմբի հետ ունեցած հրապարակված վերջին շփումները հստակ ցույց տվեցին, որ այդպիսի կասկածների համար ամուր հիմքեր կան։ Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, այնուամենայնիվ, շահագործելու վերաբերյալ որոշում կայացնի, ապա այդ որոշումը շատ նման կլինի որպես վարչապետ առաջադրվելու Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ որոշմանը։ Վստահ եմ, հանրությունը դրանից շատ կոնկրետ, աներկբա եզրակացություններ կանի։

- Վարչապետն ընդունել է «Լիդիան ինթերնեշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին։ Հնարավո՞ր է այնպիսի փաստարկներ ներկայացնեն, որ դուք հրաժարվեք Ամուլսարը սար մնալու գաղափարից։ Այլ կերպ ասած՝ հնարավո՞ր է կոնսենսուս։

- Ինչպես նշեցի, Ամուլսարի հանք դառնալու դեմ պայքարելու վերաբերյալ որոշումը հենված է արժեքների ու սկզբունքների վրա։ Դրանք մեզ մոտ անփոփոխ են։ Ամուլսարի վրա հանքարդյունաբերական գործունեություն սկսելն իսկ, ըստ փորձագետների, բնությանն անդառնալի վնասներ կհասցնի։

Հետևաբար, հանքը շահագործելուց հետո այդ գործունեությունը դադարեցնելն իմաստ չի ունենա։ Այստեղ համակարծություն լինել չի կարող։ Հարցն այստեղ մեր ամենամեծ ջրահավաք ավազանին, մեր առողջ ապրելու իրավունքին, որոշում կայացնելու իրավունքին ու ժողովրդավարության տարրական էլեմենտներին է վերաբերում։

Այստեղ նույնիսկ քննարկման ենթակա հարց չէ։ Խոսքը նույնիսկ նժարի տարբեր կողմերում դրվող համարժեք երևույթների մասին չէ։

- Ամեն օր դուք հիշեցնում եք, որ Ամուլսարը հանք չի դառնալու։ Ինչո՞ւ եք ամեն օր հիշեցնում այդ մասին։

- Այո՛, ֆեյսբուքյան տիրույթում ես պարբերաբար գրում էի Ամուլսարի մասին՝ նորանոր փաստարկներ բերելով, թե ինչո՛ւ հանքը չպետք է շահագործվի։ Սակայն փաստարկման փուլն արդեն անցել է։ ԷԼԱՐԴ-ի փորձագիտական խմբի հետ տեսակամուրջը այլևս նոր փաստարկների անհրաժեշտություն չի թողել։ Այդ իսկ պատճառով ես դադարեցրել եմ ամեն օր հիշեցնել, որ Ամուլսարը հանք չի դառնալու։ Հանքը շահագործելու մասին կառավարության հնարավոր որոշումից հետո կգա դիմադրության փուլը։

- Ստացվո՞ւմ է արդյոք, որ այս խնդիրը լուրջ քաղաքացիական անհնազանդություն է առաջացնելու։

- Դրա մասին բազմիցս արտահայտվել են ջերմուկցիներն ու ազդակիր այլ համայնքների ներկայացուցիչներ, որոնք արդեն մեկուկես տարի փակ են պահում հանքի ճանապարհները։ Մենք պաշտպանում ենք առողջ, բնական միջավայրում ապրելու, սեփական որոշումներ կայացնելու ազատության նրանց իրավունքներն ու պատրաստ ենք ինքներս մասնակցելու քաղաքացիական անհնազանդության նրանց ակցիաներին։

Մանե Հարությունյան

MediaLab.am