Փաշինյանին փորձում են վախեցնել Պուտինով, շատ իզո՛ւր․ Արամ Սարգսյան․ Տեսանյութ

11-09-2019
349 դիտում
Փաշինյանին փորձում են վախեցնել Պուտինով, շատ իզո՛ւր․ Արամ Սարգսյան․ Տեսանյութ

Factor.am-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ։

 – Պարո՛ն Սարգսյան, քաղաքական աշնան մեկնարկից հետո առաջին անգամ եք մեր եթերում: Ըստ Ձեզ՝ աշունն արդեն թեժացե՞լ է: 

- Քաղաքական գործընթացները Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո որոշակի այլ բովանդակություն են ստացել, և ամեն օրը կարելի է նաև թեժ համարել: Բայց եթե թեժ համարելը տեսնում են ինչ-որ քաղաքական կոնֆիգուրացիաների փոփոխությամբ, ապա ոչ, չկա նման բան և, իմ կարծիքով, առաջիկայում չի էլ սպասվում:

– Վաղը սպասվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատը: Ըստ Ձեզ՝ Սահմանադրական դատարանի որոշումը կարո՞ղ է պատճառ դառնալ, որպեսզի նրան ազատ արձակեն և դա կարո՞ղ է թեժացման առիթ դառնալ: 

- Ինձ համար խնդրի արմատն այլ հարթության մեջ է: Ընդհանրապես, այնպես չի, որ ես շատ երջանիկ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դատվում է: Ինձ համար դա նույն չափի դժբախտություն է, որ իմ երկրի երկրորդ նախագահը՝ ընտրված, թե չընտրված, որին ես չեմ ընդունել, արել է այնպիսի արարքներ, որի համար պիտի դատապարտվի և աշխարհը պիտի տեսնի, որ այս երկրում նախագահը դատվում է: Ես կուզենայի, որ իմ երկրի նախագահներն Անկախության օրը կողք կողքի կանգեին ու մեկը մյուսին փոխլրացնեին: Ընդհանրապես, օրինակներն աշխարհում շատ են: Վերջերս ես սկսեցի ուսումնասիրել Իրաքը և Սադամ Հուսեյնին: Իհարկե՝ սկզբից հերոս էր Սադամ Հուսեյնը, խիզախ մարդ, իր անկախության համար պայքարած: Բայց հետո ի՞նչ դարձավ: Հետո զինվորական հագուստով նկարվում էր, ինքնաձիգով օդ էր կրակում, վայրի կենդանիներ էր սպանում ու հետները նկարվում: Վերջում ինչի՞ հասավ, որ ռետինե ձեռնոց հագած բժիշկն ատամնաշա՞րը հաշվի: Այսինքն, երբ հերոսն իր հերոսությունից շվայտանում է, իր իշխանությունը, ունեցվածքը դարձնում է իրեն աստված, վերջանում է հերոսի հերոսությունը, վերջանում է այդ մարդու՝ հայրենիքին նվիրվածությունը և, ի վերջո, ինքը գալիս կանգնում է նրան, ինչին Արամ Ասատրյանն ասում էր՝ «քամին մի օր կգա, կհավաքի կտանի»: Հիմա այդ երգը Ռոբերտ Քոչարյանինն է: Դատից բան կփոխվի, թե չի փոխվի, քամին գալու և տանելու է իրենը: Ու դրա մեղավորն ինքն է: Ինքը սկսեց շատ լավ, վերջացրեց շատ վատ:

– Հաջորդն Ամուլսարի հարցն է՝ որպես թեժ աշնան նշան: Հայտնի է, որ Դուք կողմ եք հանքի շահագործմանը: Ձեզ բնապահպանական ռիսկերը հետաքրքի՞ր են:

– Ինձ ցանկացած ռիսկ հետաքրքիր է, ինչը վերաբերում է իմ երկրին: Ուղղակի ես կշռում եմ ռիսկերը: Ուզում եմ մենք հասկանանք… ուզում ենք, որ Հայաստանում թոշակառուն արժանապատիվ թոշակ ստանա, ուսուցիչը բարձր աշխատավարձ ստանա, սահմանին զինվորը ոչ թե կանգնի երեք պահունակ ու մեկ «Կալաշնիկով» ավտոմատով, այլ ինժեներական լուրջ կառույցում, որն անգամ «Սմերչ»-ը չի վերցնում: Մենք ուզում ենք, որ Հայաստանը գիտելիքահեն արտադրություն ունենա, գիտելիք արտահանի, առողջապահություն սպասարկի: Ուզում եմ հասկանալ՝ ինչպես պիտի հասնել դրան: Ակնհայտ է, որ այդ ճյուղերը լուրջ ռեսուրսներ են պահանջում: Աշխարհի որևէ երկրից որևէ մեկը չի գալու ներդրում անի Հայաստանի համալսարանում, որ այնտեղ ֆիզիկայի ֆակուլտետը լուրջ լաբորատորիա ստեղծի, որը գիտելիք պիտի արտադրի, որտեղ պատվերներ պիտի իջեցնեն աշխարհի տարբեր մեծ ընկերությունները, ասենք՝ «Սիմենս»-ը:

– Այսինքն՝ փողը մեր միջից պետք է լինի:

– Ես չգիտեմ աշխարհում որևէ երկիր, որն իր բնական ռեսուրսները չի օգտագործել ոտքի կանգնելու համար: Ընդհանրապես, ռիսկն ամեն ինչում կա: Հանքարդյունաբերության ռիսկն էլ, իմ կարծիքով, ավելին չի, քան գյուղատնտեսությանը: Էկոլոգիայի հետ կապված գյուղատնտեսական ռիսկերը շատ ավելի մեծ են: Այն թունաքիմիկատները, որոնք օգտագործում ենք պտուղը, բանջարեղենը բուժելու համար, շատ ավելի ծանր ու թունավոր նյութեր են պարունակում, քան հանքարդյունաբերության մեջ օգտագործվող նյութերը: Ռիսկերը կարգավորվող են: Հանքարդյունաբերությանը հետևել է պետք, այն լեռնամետալուրգիայի վերածել է պետք, որից եկած փողերը կներդրվի, և կունենանք այն Հայաստանը, որն ուզում ենք: Եթե կա որևէ մեկը, որը կառաջարկի ուղղություն, որով Հայաստանը կարող է տնտեսությունը տեղից պոկել, այդ լոկոմոտիվը տեղից շարժել, խնդրեմ՝ առաջարկեք:

– Պարո՛ն Սարգսյան, վերջերս հաճախ է խոսվում այն մասին, որ Ամուլսարի խնդիրը կարող է իշխանության ներսում ճգնաժամի հանգեցնել և բերել արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ըստ Ձեզ՝ դա հնարավո՞ր է:

– Մարդիկ կան, որոնք ներկայանում են որպես ռուսական ուղղությանը հակառակ տեսակետ ասող կամ շատ դեպքերում նույնիսկ հակառուս են ներկայանում: Բայց իրականում ասում են՝ ա՛յ, տեսեք, եթե հանկարծ Ամուլսարը բացեցին, ռուսները Պուտինով կգան… դառնում են Պուտինի խոսնակը, մեղմ ասած: Այսինքն՝ վախեցնում են ժողովրդին, ասում են՝ ժողովուրդ, դուք էլ Նիկոլին համոզեք, թող ինքը հանկարծ Ամուլսարը բացելուն չգնա, որովհետև Պուտինը կջղայնանա, իսկ որ ջղայնանա, այստեղ այնքան մարդ ունի, կհանի Նիկոլի դեմ: Չկա այդպիսի բան: Ես մտածում եմ, որ մեր ժողովուրդն իր գերակշիռ մեծամասնությամբ, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ թերություններով հանդերձ, բազմաթիվ խնդիրները ձգձգելով հանդերձ, վստահում է Նիկոլ Փաշինյանին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: