Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակությանը

11-09-2019
183 դիտում
Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակությանը

Սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ տիկին Լորա Քուփերի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսին։

Հանդիպման սկզբում պաշտպանության նախարարը հիշատակել է 2001թ, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, նշելով, որ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն նմանատիպ գործողություններն ապագայում կանխելու համար։

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքը, արձանագրելով, որ այն ներառում է բազմաթիվ ոլորտներ, ինչպես նաև հույս հայտնել, որ համագործակցության զարգացումը շարունակական բնույթ կկրի։

Տիկին Քուփերը նշել է, որ ուրախ է լինել Հայաստանում՝ քննության առնելու այն ուղիները, որոնք թույլ կտան առավել ամրապնդել երկկողմ համագործակցությունը խաղաղության ու անվտանգության հարցերի շուրջ։ Ըստ տիկին Քուփերի՝ Հայաստանը Միացյալ Նահանգների համար կարևոր գործընկեր է, և ԱՄՆ-ն բարձր է գնահատում շարունակական համագործակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի և «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում։ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը հաստատել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակել համատեղ աշխատանքը բազմաթիվ ընդհանուր շահերի, այդ թվում՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության երաշխավորման շուրջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։