«Եթե «զոն նայողներն» արդեն որոշում են, որ զոնը չեն նայելու, իրավիճակի վերահսկումը բարդանալու է». Անի Սամսոնյան

12-09-2019
1190 դիտում
«Եթե «զոն նայողներն» արդեն որոշում են, որ զոնը չեն նայելու, իրավիճակի վերահսկումը բարդանալու է». Անի Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

- Տիկի՛ն Սամսոնյան, օրերս քրեակատարողական հիմնարկներում անհնազանդության դրսևորումներ եղան, դեպքով հարուցվել է քրեական գործ։ Թեպետ պաշտոնապես չի հաստատվում այն վարկածը, որ դատապարտյալները դժգոհել են նոր օրենսդրության դեմ, որով քրեական ենթամշակույթը քրեականացվում է, բայց դուք, այցելելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, պնդեցիք, որ պատճառը դա է։ Ի՞նչ մանրամասներ կարող եք մեզ պատմել։

- Այո՛, պաշտոնապես չի հայտարարվում, որ դա օրենքի նախագծի դեմ էր, բայց ես խոսել եմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարի հետ։ Նա ինձ հավատացրեց, որ անհնազանդությունն այդ օրենքի նախագծի դեմ էր։ Ի վերջո, նրանք ներքին իրավիճակին տիրապետում են և շատ լավ հասկանում են, թե որ դեպքում են կալանավորները բունտ անում, որ դեպքում՝ ոչ։ Քրեակատարողական հիմնարկների պետերից բացի ոչ ոք չի կարող դա լավ իմանալ։ Մեր ունեցած տեղեկությունը դա է, որ անհնազանդությունը եղել է հաջակցություն «զոն նայողների»։ Մենք գիտենք, թե այդ «զոն նայողների» ինստիտուտը ոնց է աշխատում։ Եթե չեն լինում «զոն նայողներ», ՔԿՀ-ներում անկարգություններ են սկսվում։ Տարիներ շարունակ այս քրեական ենթամշակույթը արմատավորվել է։ Եվ հիմա դա խնդիրներ է ստեղծում։ Երբ ասում ենք՝ անհնազանդության դրսևորումը հաջակցություն «զոն նայողների» էր, դա նշանակում է, որ «զոն նայողներն» արդեն որոշում են, որ զոնը չեն նայում, և իրավիճակի վերահսկումն այս առումով բարդանում է։

- Առաջիկայում խորհրդարանը կքննարկի Կառավարության ընդունած Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների նախագծի փաթեթը, որով քրեականացվում է քրեական ենթամշակույթը։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը, արդյոք դա ճի՞շտ քայլ է խնդրի լուծման համար։

- Ես կարծում եմ, որ այս օրենսդրական նախաձեռնությամբ խնդիրը չի կարող ամբողջությամբ լուծվել, որովհետև քրեական ենթամշակույթը արմատավորված մշակույթ է։ Մենք պետք է հասկանանք՝ արդյոք ոստիկանությունը, քրեակատարողական ծառայությունը պատրա՞ստ են դրան, արդյոք դրսում մարդիկ պատրա՞ստ են ընդունելու, որ դա քրեական հանցագործություն է, որ դա անընդունելի է։ Սա շատ կարևոր է։ Մենք պետք է մարդկանց բացատրենք, որ այդ ենթամշակույթն անընդունելի է։ Միամտություն է կարծել, որ եթե օրենքն ընդունվեց ու ուժի մեջ մտավ, լուծելու է այդ խնդիրը։ Այն չի գործելու, և ես կարծում եմ՝ սկզբնական փուլում որոշակի բարդություններ կստեղծի։ Բոլոր դեպքերում նախագիծը դեռ չի եկել Ազգային ժողով, երբ գա, մենք այս բոլոր խնդիրները համակողմանի կքննարկենք։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «օրենքով գողի» ու քրեական հեղինակության տեղը բանտն է, այդ մարդկանց պետք է ուղարկել իրենց տուն՝ բանտ։ Համաձա՞յն եք այս մոտեցմանը։

- Եթե մենք քրեական ենթամշակույթը իդենտիֆիկացնում ենք որպես արատավոր, վտանգավոր, հանցածին երևույթ, այո՛, նրանց տեղը բանտում է։ Բայց, նորից եմ կրկնում, այս նախագիծը չի լուծելու այդ խնդիրը մինչև վերջ։ Այս մոտեցումը, անշուշտ, առաջացնելու է բանտերի գերբեռնվածության խնդիր։ Բացի դա, մենք պետք է հասկանանք, թե ովքե՛ր են այս օրենսդրության շրջանակներում ենթարկվելու պատասխանատվության, ո՛ւմ է վերաբերելու այն։ Մենք պետք է նաև օրենքով տարանջատենք «օրենքով գող», «քրեական ենթամշակույթ» հասկացությունները։ Ո՞ր դեպքում պետք է հասկանանք, որ այդ մարդը քրեական ենթամշակույթի կրող է։ Այս հարցերը պետք է անպայման քննարկվեն։

- Այսինքն՝ դո՞ւք ևս մտավախություն ունեք, որ օրենքը կարող է ոչ թիրախային կիրառվել, ում ուզեն՝ կարող են այդ ձևակերպումների անվան տակ պատժել։

- Ես այդ հարցը բարձրացրել եմ։ Այո՛, կա այդ մտավախությունը, որ ցանկացած ոք կարող է այդ օրենքի ճնշմանը ենթարկվել։ Շատ կարևոր է հասկանալ, թե այս օրենսդրությամբ ում ենք ենթարկելու պատասխանատվության։ Դա Ազգային ժողովում պետք է քննարկենք։

- Իսկ ի՞նչ տեղեկություններ են հայտնում ՔՀԿ-ների ղեկավարները, այլ ընդվզումներ սպասվո՞ւմ են։

- Այո՛, սպասում են, որ ամեն պահ այդ բունտը կարող է կրկնվել։ Եթե ընդունենք, որ այդ բունտի հիմքը և պատճառը նախագիծն է, եթե Կառավարությունն այդ նախագիծն ուղարկելու է Ազգային ժողով, այսինքն՝ շարունակվելու են այդ քննարկումները, բնականաբար, պետք է ամեն օր սպասել նոր ընդվզումների և զգոն լինել։

- Իսկ ի՞նչ մեթոդներ պետք է կիրառվեն ըստ ձեզ՝ այդ ընդվզումները զսպելու համար։

- Ներկայումս մենք քրեակատարողական հիմնարկներում ունենք ծառայողների թվի շատ լուրջ պակաս։ Անձնակազմ չկա, և այս իրավիճակում խնդիրը շատ բարդ է։ Այսինքն՝ երբ կալանավորները բունտ են սկսում, հսկողությունը պետք է կրկնապատկվի կամ եռապատկվի։ Բայց արդյո՞ք մենք ունենք այդ ռեսուրսը քրեակատարողական հիմնարկներում։ Սա խնդիր է, որը պետք է լուծի արդարադատության նախարարությունը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am