Ռոբերտ Քոչարյան․ «Անմեղը»

13-09-2019
1126 դիտում
Ռոբերտ Քոչարյան․ «Անմեղը»

Մարտի 1-ից հետո ամենամեծ սխալը, որ արեց Քոչարյանը, գիրք գրելն էր: Դրանով նա փակեց ինքնամաքրման ցանկացած ուղի, աշխարհի բոլոր եկեղեցիներում էլ թաքուն խոստովանությամբ ծնկի իջնի այդ մարդը՝ չի օգնի: Գիրքը կա, մնալու է գիրքը: Իսկ այնտեղ նա «հեքիաթներ» է պատմում մարտի 1-ի մասին:

Դատավարության ընթացքում նա արդեն մի քանի մարդկային սխալ գործեց: Իր դիմաց նստած էին զոհերի ծնողները: Նրանք Ռոբերտ Քոչարյանին ընկալում են իրենց որդիների մահվան գլխավոր մեղավորի: Քոչարյանը կարող էր ներողություն խնդրել առնվազն ոչ սեփական ուղղակի մեղավորության մասով, այլ այն առումով, որ «հասարակական կարգի» պահպանման միջոցառումները հանգեցրեցին իրենց որդիների մահվան:

Քոչարյանը երբեք չի օգտվել մարդ լինելու առիթից, և այս մարդը ընտրություններին մասնակցել է «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսով: Նա, սակայն, ապրում է սեփական թասիբի պաշտամունքով: Ինքը հո տեսնում է, որ իր դիմաց մարդիկ են նստած, որոնք քաղաքական ոչ մի շահ չունեն ողբից:

Ըստ էության դատարանի դահլիճում զոհերի ծնողները միակ մարդիկ են, որոնք մարտի 1-ի ողբերգությանը նույնիսկ որպես պատժի և պատասխանատվության պրիզմայով չեն նայում: Նրանք ոչ մի հարցի պատասխան չունեն, չնայած դրան, նրանք ուզում են համընդհանուր առաքինության ու քո մեղքի զգացման միջոցով զգալ, որ իրենց որդիները կան, ապրում են: Նրանք կառչում են ամեն ինչից, որը որդիների մահվան վրայից մաքրում է անորոշությունը, թե ինչու՞ չկան նրանք:

Այս ամենը մեկը պիտի հասկացներ Ռոբերտ Քոչարյանին, երբ նա գիրք էր գրում: Պետք է ասեր` պարոն Քոչարյան, գրքումդ մի էջ դատարկ թող մարտի 1-ի դրվագի մասով, որ հետագայում կարողանաս լցնել սեփական պատասխանատվության զգացումով: Պարոն Քոչարյանը դա չի արել: Երբ նայում ես դատարանում նրա կեցվածքին, տպավորություն անգամ չկա, որ գալու է այդ օրը:

Մինչդեռ ովքե՞ր են այդ մարդիկ` զոհերի ծնողները, ինչու՞ է պարոն Քոչարյանի համար այդքան նվաստացուցիչ նրանց մխիթարել սեփական սխալականության ակնթարթներով: Ինչու՞ չի ուզում օր ծերության մարդ լինել այդ մարդը: Չէ՞ որ նա ապրելու է նաև դատավարությունից հետո, ինչքան ավելի տգեղ է, երբ քո մեղքը հռչակում են մարդիկ, որոնք քո հոգին քննել չեն կարող:

Ինչքան ավելի տհաճ է, երբ հոգիդ չիմացող մարդիկ քո մասին քո մեղքը հաստատելիս ճիշտ են, իսկ դու, որ գերազանց գիտես քո մեղքը, սխալ։ Իսկ դու հո քեզ լավ գիտես: Այդքանից հետո ինչպե՞ս չես տեսնում մարդկանց, որոնք որդեկորույս լինելուց զատ ուրիշ կարգավիճակ չունեն:

Ավելին, ցինիզմի գագաթնակետն է ձեր որդու` Լևոն Քոչարյանի մասնակցությունը դատավարությանը: Առաջին հայացքից տարօրինակ ոչինչ չկա: Բայց ձեր շրջապատում էթիկայի զգացում ունեցող մեկը չկա՞, թող ձեզ հասկացնի, որ հենց Լևոնի ներկայությունն է ծանրացնում ձեր մեղքը, թեպետ Լևոնն ինքը ոչ մի մեղք չունի: Նա իր հոր դատն է պաշտպանում:

Լևոնի ներկայությունը միայն ընդգծում է զոհերի հարազատների ցավը, որոնք նույնպես որդի ունեին։ Ու հիմա նրանք չկան։ Կարգին չսկսված դատավարությունում ձեր սխալներն արդեն չափազանց շատ են: Գոնե առաջին դատերին ձեր որդին պետք է հեռու լիներ դատարանի դահլիճից։ Որովհետև այդ տղան կասկած անգամ չունի, որ դուք ձեր գործողություններով մարտի 1-ին հանգեցրել եք զոհերի։ Ձեզ ի՞նչն է խանգարում ընդունել այդ հանգամանքը։

Ընդունել՝ չի նշանակում համաձայնվել մեղադրանքի հետ։ Ընդունել՝ նշանակում է, որ պետության «քաղաքացիական» հայրն ի վերջո գիտակցել է իր «որդիների» մահը։ Դրա փոխարեն դուք գիրք եք գրում, որտեղ 10 զոհերի մահվան մեղքի տարրական զգացում անգամ չկա։ Ոչինչ, որ չկա, դրա հետ էլ կհաշտվենք, բայց երբ ձեր կարեկցանքի զգացումները զրոյական են, մենք ենք դառնում մարտի 1-ի 10 զոհերի մեղավոր։ Որովհետև, գրողը տանի, 10 տարի էս ու՞մ ենք թույլ տվել երկիր ղեկավարել։

Մհեր Արշակյան

MediaLab.am