Փաշինյանի 100 փաստի մանիպուլյատիվ կամ կեղծ կետերը. Fip.am

17-09-2019
313 դիտում
Փաշինյանի 100 փաստի մանիպուլյատիվ կամ կեղծ կետերը. Fip.am

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին»։ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել այդ փաստերի իսկությունը և ներկայացնել դրանց մեջ ընդգրկված մանիպուլյատիվ, սխալ կամ կեղծ պնդումները և հայտարարությունները։

Սևանի մակարդակի և ջրի ծավալների մասին

76-րդ կետով Փաշինյանը նշում է. «2019 թ. սեպտեմբերի դրությամբ ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բացթողումը նախորդ տարվա համեմատ 53 մլն մ³-ով քիչ է կատարվել, իսկ Արփա-Սևան ջրատարով դեպի Սևան է տեղափոխվել 17 մլն մ³-ով ավելի ջուր։ Անցյալ տարվա այս օրվա դրությամբ Սևանա լիճը բարձրացել է 4 սմ-ով։ Ես շաբաթ օրը հայտարարեցի, որ 3 սմ-ով բարձրացել է, 2 օրվա ընթացքում ևս 1 սմ-ով բարձրացել է: Սա նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ այս պահի դրությամբ Սևանա լճի ջրային պաշարները ավելի են շուրջ 102 միլիոն մ³-ով:»։ 

Վարչապետի պնդումը, որ Սևանա լճի ջրի մակարդակը մեկ տարում բարձրացել է չորս սանտիմետրով, ճիշտ է։ Ըստ ԱԻՆ-ի Հայհիդրոմետ ծառայության տվյալների, Սևանա լճի մակարդակը 2019-ի սեպտեմբերի 16-ին կազմել է 1900 մետր 62 սանտիմետր, իսկ 2018-ի նույն օրը՝ 1900 մետր 58 սանտիմետր։

Իսկ որպեսզի հասկանանք, թե որքանով է Սևանի ջրային պաշարների մասին վարչապետի ներկայացրած թիվը մոտ իրականությանը, կատարենք պարզ հաշվարկ։

Սևանի մակերևույթը նոմինալ 1260 կմ² է: Նոմինալ՝ որովհետև բարձրանալիս լճի մակերեսն ընդարձակվում է, ուստի հասկանալու համար, թե որքանով է ավելանում լճի ջրի ծավալը, լճի մակերեսը բազմապատկենք 4-ով։

1․260 կմ²=1.260 մլն մ²

1․260 մլն մ²*0,04մ=50,4 մլն մ³

Սա նշանակում է, որ լճի 4 սմ բարձրացումը կբերի ջրի պաշարների մոտ 50,4 մլն մ³ ավելացման: 

Հաշվի առնելով մակարդակի բարձրացման դեպքում մակերեսի ընդարձակումը 0,5-1,5 տոկոսով, մակարդակի 4 սմ աճի դեպքում ջրի ծավալի աճը կարող է լինել 51-53 մլն մ³-ից ոչ ավել:

Այսինքն, վերջին մեկ տարվա մեջ լճի ջրի ծավալը ավելացել է մոտավորապես 50-52 մլն մ³-ով, այլ ոչ թե 102 մլն մ³, ինչպես պնդում է Փաշինյանը։ Փաստացի ստացվում է, որ ջրի ծավալների 102 մլն մ³-ով ավելացումը Փաշինյանի թիմը հաշվարկել է 4 սմ բարձրացմամբ պայմանավորված ջրի ծավալների ավելացման և խնայված 53 մլն մ³ ջրի ծավալների գումարով, ինչը սխալ է, քանի որ լճի մակարդակի 4 սմ բարձրացումը հենց եղել է խնայված 53 մլն մ³ ջրի հաշվին։

Նվազագույն աշխատավարձի մասին

53-րդ կետում Փաշինյանը պնդում է. «Կառավարությունը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձի շեմը 55 հազար դրամից 68 հազար դրամ բարձրացնելու օրենքի նախագծին, որի փոփոխությունները վերաբերելու են մասնավոր ոլորտում աշխատող 45 հազար մարդու, պետական ոլորտում՝ 35 հազար մարդու»։

Ի դեպ, թեև կառավարությունն առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ, սակայն օրենքի նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել էր, որ այդ հարցը պետք է դեռևս քննարկվի։

Ներկայում նախագիծը քննարկվում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, այն դեռևս չի մտել ԱԺ օրակարգ, և սա որպես կայացած փաստ ներկայացնելը մանիպուլյատիվ է։ 

Սահմանահատումների մասին

96-րդ կետում վարչապետը նշում է. «2019 թ. առաջին կիսամյակում 2015 թ. առաջին կիսամյակի համեմատությամբ Հայաստանի սահմանահատումների նեգատիվ սալդոն նվազել է 32 անգամ կամ 96,9 տոկոսով»։

Այս հայտարարությունը համապատասխանում է իրականությանը։ Ըստ Վիճակագրական կոմիտեի, 2015-ի առաջին կիսամյակում Հայաստան ժամանածների և Հայաստանից մեկնածների տարբերությունը կազմել էր -75,464, այնինչ 2019-ի առաջին վեց ամիսներին տարբերությունը կազմել է -2,334։ Այպիսով, 2019-ի առաջին կիսամյակում Հայաստանի սահմանահատումների բացասական սալդոն 2015-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ նվազել է 32 անգամ կամ 97 տոկոսով։  

Սակայն Փաշինյանի կողմից ներկայացված այս փաստը մանիպուլյատիվ է, քանի որ ուսումնասիրելով 2015-ից 2019-ը ընկած տարիների մուտքերի և ելքերի տարբերության միտումները, պարզ է դառնում, որ Փաշինյանը վերցրել է վերջին տարիների արտագաղթի ամենաբարձր ցուցանիշը։ 

Այնինչ, եթե համեմատենք հետհեղափոխական շրջանի ցուցանիշները, մասնավորապես՝ 2018-ի առաջին կիսամյակը 2019-ի կիսամյակի հետ, կստանանք Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների տարբերության 62% նվազում (2.6 անգամ նվազում)։ Իսկ եթե համեմատենք 2019-ի և 2017-ի թվերը, ապա կստանանք 93.7% նվազում։

Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչի մասին

98-րդ կետով Փաշինյանը հայտարարում է. «Գործարկվել է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը, որը գործարկման էր սպասում արդեն 17 տարի»։

Այս տարվա հուլիսին հայտարարվեց, որ Ա.Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիայում գործարկվել է ցիկլոտրոն տեսակի արագացուցիչը։ Այս արագացուցիչի պատմությունը գնում է 2008 թվական, երբ այն ժամանակվա էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարել էր, որ ցանկանում են ստեղծել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում: Կառավարության 2009 թ․-ի որոշմամբ հավանություն տվեց այս նախաձեռնությանը։ Դրա  շրջանակում էլ 2013-2015 թթ. Հայաստան էին ներմուծվել ցիկլոտրոնի սարքավորումները։ Պնդումը, թե արագացուցիչը գործարկման էր սպասում 17 տարի, չի համապատասխանում իրականությանը, քանի որ որոշումը ընդունվել  է 2009 թվականին՝ տաս տարի առաջ, իսկ սարքերը Հայաստանում են ոչ ավել, քան 6 տարի։ 

Սևադա Ղազարյան

Հովհաննես Նազարեթյան

www.Fip.am