Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ ցավոտ անակնկալներ չեն լինի

18-09-2019
145 դիտում
Դավիթ Տոնոյանը վստահեցնում է՝ ցավոտ անակնկալներ չեն լինի

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հայտնի չէ որևէ տարաձայնություն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի  միջև:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  նախարարը՝ միաժամանակ հրաժարվելով մեկնաբանել Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը, տեղեկացնում է factor.am-ը:

«Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենն իմ ընկերն է, իմ գործընկերն է, և ես բոլոր մեկնաբանությունները կթողնեմ իրեն»,- ասաց Տոնոյանը։ Պաշտպանության նախարարությունում պաշտոնանկությունների հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ Դավիթ Տոնոյանը վստահեցրեց, որ բանակում պաշտոնանկություններ չեն սպասվում։

Հարցին՝ արդյո՞ք Պաշտպանության նախարարությունը չունի մտավախություն, որ ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ցավոտ անակնկալներ կլինեն, Տոնոյանը պատասխանեց. «Ցավոտ անակնկալներ չեն լինի։ Ինձ բավարարում է հանձնաժողովի աշխատանքը։ Մենք հանձնաժողովի աշխատանքը հագեցնում ենք տեղեկություններով։ Աշխատանքը բավարար է, քանի որ կարծում եմ՝ այն տեղեկությունները, որ ստանում են իրենք, բավարար են լինելու եզրակացություն անելու համար»,- ասաց Տոնոյանը՝ չբացառելով, որ գուցե այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում հարուցվեն քրեական գործեր: