Արթուր Դալլաքյանն ու «անբարոյական» օրենքը. ինչո՞ւ է պատգամավորը դեմ քաղաքացիների կողմից խախտումների արձանագրմանը. Fip.am

18-09-2019
Արթուր Դալլաքյանն ու «անբարոյական» օրենքը. ինչո՞ւ է պատգամավորը դեմ քաղաքացիների կողմից խախտումների արձանագրմանը. Fip.am

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Արմեն Փամբուխչյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագիծը սեպտեմբերի 13-ին թեժ կրքեր բորբոքեց խորհրդարանում։ Պատգամավորներն առաջարկում են հնարավորություն ստեղծել քաղաքացիների համար տեսանկարահանել երթևեկության խախտումներն ու օնլայն հավելվածի միջոցով ուղարկել ոստիկանություն։

Դալլաքյանի ակտիվությունը ճանապարհային խախտումների թեմայով պատահական չէ։ Պարզվում է՝ պատգամավորը տնօրեն է եղել ու սեփականատեր է մի քանի տրանսպորտային ընկերություններում։ 2015-ին Դալլաքյանը հիմնել ու միանձնյա բաժնետեր է դարձել «Եվրասիա» ընկերությունում։ Այս ընկերությունը կանոնավոր ուղևորափոխադրումներ է կատարում դեպի ՌԴ քաղաքներ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սամարա, Պենզա, Ռոստով, Կրասնոդար, Անապա, Լիպեցկ, Վորոնեժ, Վոլգոգրադ և այլուր։ Դալլաքյանի ընկերությունը վերջին տարիներին հաղթում է ՀՀ տարածքից միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող ընկերությունների ընտրության մրցույթում։

Արթուր Դալլաքյանն առնչություն ունի նաև Աբովյան-Երևան տրանսպորտային երթուղին սպասարկող «Կինգ դելյուքս» ընկերության հետ։ 2009-ից ընկերության սեփականատերն աբովյանցի Արթուր Հարությունյանն էր՝ Պալաչ մականունով։ Ընկերությունը կանգնել էր ֆինանսական խնդիրների առաջ այն ժամանակ, երբ ԲՀԿ խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանը որոշել էր բարեգործական ուղևորափոխադրումներ իրականացնել նույն ուղղությամբ։ «Կինգ դելյուքսը» սնանկացավ։ Ընկերության բաժնետեր դարձավ «Մուլտի ավտոտրանս» ընկերությունը, որի բաժնեմասերի 90 տոկոսը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, իսկ 10 տոկոսը՝ նրա կնոջը՝ Ջավահիր Ծառուկյանին։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանն էլ եղել է ընկերության տնօրենը։

Արթուր Դալլաքյանը բաժնետեր է նաև «Սմարտսովթ» ընկերությունում։ Սա ևս տրանսպորտային ընկերություն է, ուղևորափոխադրումներ է կատարում Երևան-Ակունք-Գեղաշեն երթուղով։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում ենք, որ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արթուր Դալլաքյանն ունեցել է 5 հողամաս, անհատական բնակելի տուն և երկու բնակարան։ Բացի այդ, հայտարարագրել է 4 մեքենա՝ BMW X6, Toyota Camry, Nissan Elgrand և ՎԱԶ 2107։ Դալլաքյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 5 միլիոն դրամ։

Նշենք, որ ԲՀԿ խմբակցությունը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու այս օրենքի նախագծին։

Մկրտիչ Կարապետյան

www.Fip.am