Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջությանը վերաբերող փաստաթուղթը կեղծ է. Տեղեկատվության ստուգման հարթակ

18-09-2019
287 դիտում
Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջությանը վերաբերող փաստաթուղթը կեղծ է. Տեղեկատվության ստուգման հարթակ

Տեղեկատվության ստուգման հարթակը գրում է. Երեկ համացանցում հայտնվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակին վերագրվող կեղծ փաստաթուղթ՝ իբր ուղարկված Կրասնոդարի քաղաքային հոգեբուժական հիմնարկի կողմից 2001 թվականի նոյեմբերի 1-ին՝ ուղղված Կրասնոդարի դատախազությանը։ 

Հայտնում ենք, որ հրապարակված փաստաթուղթն ու նրանում առկա տվյալները կեղծված են, ու որևէ առնչություն չունեն Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Ի ապացույց վերոգրյալ պնդմանը՝ բավական է ուշադրություն դարձնել հրապարակված փաստաթղթում Նիկոլ Փաշինյանի լուսանկարին և համեմատել այն 2018 թվականին վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակված  1991 թվականի ստուգարքային գրքույկի լուսանկարի հետ։

Ինչպես տեսնում ենք՝ կեղծված փաստաթղթում օգտագործվել է հենց ստուգման գրքույկից վերցրած լուսանկարը։

Նմանօրինակ կեղծ փաստաթղթեր հրապարակվել են շատ այլ անգամներ։ 2018 թվականի օգոստոս ամսին գրվել էր, թե Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության գործակալ է, և հրապարակվել էր մի շարք ակնհայտ կեղծիքներով փաստաթուղթ։ Տեղեկությունը կարճ ժամանակ անց  հերքվեց։ 

Ամիսներ առաջ մեդիադաշտում հայտնվեց ևս մեկ կեղծ նամակ՝ ուղղված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, որտեղ իբրև նշված էր Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը հանձնելու պատրաստակամության մասին։ Այս նամակի կեղծ լինելը կրկին կարճ ժամանակում հերքվեց։