Մի ուրիշ աշխարհում. չնայած դժվարություններին` գույների, վայրկյանների եւ շարժումների մեջ, Տիգրանը շարունակում է սիրել կյանքը եւ ժպտալ

10-10-2010
483 դիտում
Մի ուրիշ աշխարհում. չնայած դժվարություններին` գույների, վայրկյանների եւ շարժումների մեջ, Տիգրանը շարունակում է սիրել կյանքը եւ ժպտալ

Ծաղրանկարների, մուլֆիլմերի գունագեղ ու վառվռուն կերպարների մեջ Տիգրանն էլ ասես իր ձեռքով նկարած հերոս լինի:

Զգայուն ձեռքերով, խառնիխուռն մազերով, խուճուճ մորուքով, գեղեցկադեմ ու ժպտերես Տիգրանն իր փոքրիկ կարմիր սայլակով այնքան արագ է շարժվում, որ ընկերներն ու հարազատները հազիվ են հասցնում հետեւից:  Նկարելիս էլ գերադասում է արագությունը` ճեպանկարը.

« Սիրում եմ նկարել շարժումը, վայրկյանը»,-ասում է:

28-ամյա Տիգրան Ասատրյանն ավարտել է Երեւանի Կինոյի եւ Թատրոնի պետական ինստիտուտի մուլտիպլիկացիոն կինոնկարի բաժինը. «Չորս տարի սովորեցի ինստիտուտում, մի անգամ ռեկտորը, պրոռեկտորը ինձ չհարցրեցին` ո՞նց ես երկրորդ հարկ բարձրանում»:

Տիգրանը հիվանդ է սպինալ ամինատրոֆիայով. 13 տարկանից չի քայլում:

Եւ չնայած հենաշարժողական լուրջ խնդիրներին, դժվարությունները Տիգրանին չեն մեկուսացրել հասարակությունից եւ մտերիմներից.  ժպտերես, շփվող, հոգատար եւ հետաքրքիր Տիգրանը շատ ընկերներ ունի:

«Ինձ միշտ գտնում են այն մարդիկ ում կարիքը ես ունեմ»,-ասում է նա:

Ինստիտուտում ընկերները միշտ օգնել են Տիգրանին երկրորդ հարկ բարձրանալ, սակայն միայն նրանց նեցուկ լինելը Հայաստանում հենաշարժողական խնդիրներ ունեցողի համար բավարար չի, երբ համատարած բացակայում են թեքահարթակներն ու հարմարությունները:

Տիգրանը պատմում է, որ ուսանողական տարիներին  թատերական փառատոններին է հետեւել: Նա նշում է, որ սայլակով մարդուն մասամբ պատրաստ են ընդունել միայն Թումանյանի անվան տիկնիկային եւ Ստանիսլավսկու անվան թատրոնները:

«Անհարմարություններին» Տիգրանը սկսել է բախվել դեռեւս պատանեկան տարիներից.

«Էնքան ցավոտ բան էր քայլելը: Ես գիտեի թե բոլորի համար է այդպես»,-հիշում է նա:

Մինչեւ 13 տարեկանը ոտքերի ցավից տանջվելով` Տիգրանն օրական մեկ կիլոմետր քայլել է դպրոց գնալ-գալու համար: Սակայն հասունացման հետ` քայլելը լրիվ դարձել է անհնար եւ նա այլեւս դպրոց չի գնացել: Ասում է, որ կյանքը միանգամից փոխվել է:

« Ազատվեցի քայլելու ցավից, եւ հետո հանկարծ դասագրքերս որոնցից զզվում էի դադարեցին դասագիրք-ստիպողագիրք լինելուց, ու դարձան շատ հետաքրքիր, կարեւոր գրքեր»,-հիշում է նա:

Դասագրքերի հետաքրքրական աշխարհում Տիգրանը մասնակցելով ավարտական քննություններին ստացել է գերազանցիկության ատեստատ, սակայն հիշում է, որ դպրոցի նկարչության ուսուցիչը երբեք գոհ չի եղել իրենից:

« Ես ուղիղ Մասիս սար, ձախ կողմից էլ երկու բարդու ծառ վատ էի նկարում»,-ժպտում է իր կյանքը գույների, շարժի եւ կերպարների հետ կապած նկարիչը:

Փոխարենը ինստիտուտում դասախոսներն ու ընկերները հիացել են Տիգրանի «ձեռքով»` մասնավորապես նրա` «Անտառային հեքիաթ» կամ «Ուհու» դիպլոմային աշխատանքով: Տիգրանի ստեղծած կերպարներին, արված աշխատանքին հեռուստադիտողը հաճախ հանդիպում է սոցիալական գովազդներում, անիմացիոն տեսահոլովակներում, գովազդներում, «Ճանապարհային երթեւեկության կանոնները» հաղորդաշարում:

«Շատ լավ դիպլոմային աշխատանք  է.  համատեղել էր նկարչությունը եւ ֆոտոլուսանկարը, դա նորություն էր մույֆիլմի պատմության մեջ»,-հիացմունքով խոսում է Ստեփան Անդրանիկյանը, ուր արվեստանոցում ուսանել է Տիգրանը:

Նա ասում է, որ Տիգրանը մեղմ, բարի անձնավորություն է, եւ դա  փոխանցվում է նրա նկարներին, աշխատանքներին:

Տիգրանն անընդհատ աշխատում է ինքն իր վրա, փորձում գտնել  նկարչական նոր տեխնիկա:

«Երկար նայում եմ ինչ-որ իրի, ասենք քարի, հետո առանց նայելու ճշգրտորեն նկարում: Մտքումս տեսնում եմ իրը բոլոր կողմերից»,-ասում է նա ավելացնելով, որ երբեմն էլ փորձում է փակ աչքերով  նկարել:

Տիգրանի մոտ ընկերուհին` Մանան Թորոսյանը պատմում է. «Երբ նոր էի ծանոթացել Տիկոյի հետ ու գնում էի իրանց տուն, նստում էինք, ինձ թվում էր, թե ես դրախտում եմ»:

Տիգրանենց բակում կա շատ մեծ ծիրանի ծառ, Մանանը նկարագրում է թե ինչպես էին հասած ծիրանները ծառից թափվում. «Տիկոն ծիտիկի նման ծլվլում էր, իսկական դրախտ»:

Նա իրոք թռչունի նման երգել գիտի, երբ Տիգրանին հարցնում են, թե ինչ են խոսում թռչունները, նա ծիծաղում է ու ասում` գաղտնիք ա:

Նրա կապը կենդանական աշխարհի հետ չի սահմանափակվում թռչունների լեզվի իմացությամբ, Տիգրանը փոքրիկ կատու ունի. «Ես չեմ սիրում երբ սեփականաշնորհում են կենդանիներին, ինքը իմ կատուն չի, բայց ոնց որ թե ինքը որոշել ա որ ես եմ իրա տերը»:

Կատուն նստում է պատուհանի մոտ ու տխուր մլավում, Տիգրանը սրընթաց մոտենում է դռանն ու բացում այն:

Կատվի անունը «Կատու» է. Տիգրանը չի սիրում կենդանիներին անուններ տալ:

Կատուն ուրախացած ներս է մտնում, եւ քիչ անց արդեն Տիգրանի ոտքերին նստած լիզում է ձեռքերը, հետո քիչ-քիչ, ցածր մռռալով փոքրիկ գլուխը մոտեցնում է Տիգրանի ձեռքի աստղադիտակին ու փորձում կռծել այն:

Աստղադիտակը Տիգրանի սարքածն է. «Տանը եղած ֆոտոապարատների օպտիկաները սղոցեցի, խառտեցի, ընկերս դպրոցից մանրադիտակի խոշորացնող ոսպնյակ էր թռցրել, դա էլ դրեցի, փոշիով սոսինձ սարքեցի, սոսնձեցի իրար»:

Տիգրանն ասում է, որ թեթեւ ձեռքի շարժումից պատկերը ուժգին տատանվում է, բայց լուսնին, աստղերին հետեւել լինում է: Նրան հեռուստացույցն ընդհանրապես չի հետաքրքրում:

Ընկերներն ասում են, որ միշտ ունեն իրենց հոգատար եւ պայծառ ընկերոջ կարիքը, իսկ երբ նա վերջերս մեկնել Գերմանիա` քրոջ մոտ հանգստանալու,  այդ կարոտն ավելի է զգացնել տվել:

Գերմանիան Տիգրանի համար մի ուրիշ աշխարհ է բացում, ուր Տիգրանը տեսնում է, թե հնարավորությունների առումով ինչ ահռելի մեծ տարբերություն կա Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ. յուրաքանչյուր սրճարան, հանրային զուգարան, խանութ, տրանսպորտ հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց: Մինչ Հայաստանում նույնիսկ թեքահարթակները  անհարմար են սայլակների համար:

«Ես աստիճաններով եմ փորձում իջնել, որովհետեւ եթե էդ թեք տեղերով իջնեմ, շուռ կգամ»,-ասում է Տիգրանը եւ ավելացնում, որ մինչեւ  Գերմանիա գնալն ավելի լավատես էր. «Մինչեւ էդ ամեն ինչից գոհ էի, հետո հասկացա թե որտեղ եմ ապրում»:

Արփի Մաղաքյան

Լուսանկարները` Իննա Մխիթարյանի

© Medialab.am