Առցանց պայքար. համացանցի տարածվածությանը զուգահեռ մեծանում է ազդեցության ոլորտը

19-10-2010
410 դիտում
Առցանց պայքար. համացանցի տարածվածությանը զուգահեռ մեծանում է ազդեցության ոլորտը

YouTube-ում հայտնվել է բռնությունների հետ կապված հերթական սկանդալային տեսանյութը, որը կրկին համացանցում քննարկումների առիթ է հանդիսացել: Սոցիալական ցանցերի հարյուրավոր մասնակիցներ իրենց էջերում են տեղադրել մի տեսանյութ, որտեղ պարզ երևում է, թե ինչպես է դպրոցի ուսուցչուհին բռնություն կիրառում աշակերտների նկատմամբ` հարվածելով նրանց դեմքին, գլխին:

Տեսանյութի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա. հայտնի չէ, թե դեպքը ո´ր դպրոցում է տեղի ունեցել և ե´րբ: Այդուհանդերձ, շատերը համոզված են, որ այս տեսանյութը խնդիր է դառնալու ուսուցչուհու համար:

Սա համացանցում հայտնված` դպրոցում բռնություն կիրառելու վերաբերյալ արդեն երկրորդ տեսանյութն է: Ընդամենը մի քանի օր առաջ կրկին YouTube-ում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի պատմության ուսուցիչ Էդուարդ Գևարգիզովը վիրավորում և հարվածում 8-րդ դասարանի աշակերտին:

Դեպքը տեղի էր ունեցել անցյալ տարվա մարտին, իսկ տեսանյութը համացանցում հայտնվելուց անմիջապես հետո սոցիալական ցանցերում և մասնավորապես Facebook-ում մեծ աղմուկի հետևանքով մի քանի օր անց տեսանյութի «հերոսը» աշխատանքից ազատվելու դիմում է գրել:

Կատարվածի առնչությամբ անմիջապես հայտարարությամբ հանդես էր եկել կրթության և գիտության նախարարությունը` ընդգծելով, որ դպրոցում բռնության յուրաքանչյուր դրսևորում անընդունելի ու դատապարտելի է: Քաղաքապետարանն էլ իր հերթին հաղորդագրություն է տարածել` նշելով, թե ուսուցիչն ազատվել է աշխատանքից, իսկ դպրոցի տնօրենին քաղաքապետի կարգադրությամբ խիստ նկատողություն է հայտարարվել:

«Բոլոր տնօրեններին հանձնարարվել է խիստ վերահսկողություն սահմանել դպրոցներում մանկավարժին ոչ վայել դրսևորումները բացառելու ուղղությամբ»,-նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Չնայած օրերս համացանցում հայտնված վերջին տեսանյութի առնչությամբ դեռևս բացահայտումներ չկան, սակայն նախորդ դեպքերն արդեն իսկ շատերին համոզել են, որ համացանցը և, մասնավորապես, սոցիալական ցանցերը տարածվածության ընդգրկունության շնորհիվ հրաշալի միջոց են դարձել, որով հնարավոր է թե´ վնաս հասցնել հեղինակությանը և թե´ վերականգնել մարդու ոտնահարված իրավունքները:

Այսպես, ընդամենը մեկ ամիս առաջ կրկին YouTube-ում էր հայտնվել այս անգամ արդեն բանակին առնչվող մի տեսանյութ, որում հարբած, մինչև գոտկատեղը մերկ սպան ստորացնում էր ժամկետային զինծառայողներին. քաշում նրանց ականջները, հարվածում դեմքին, ջուր լցնում նրանց գլխին:

Ու թեև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե չի հավատում, որ դեպքը տեղի է ունեցել հայկական բանակում, այդուհանդերձ, բարձրացված աղմուկն այնքան մեծ էր, որ հենց նախարարի հայտարարության հաջորդ օրը «Եղնիկներ» կոչվող զորամասից բերման ենթարկվեց «հերոսը»` մայոր Սասուն Գալստյանը: Տեղի ունեցածի կապակցությամբ քրեական գործ հարուցվեց:

Համացանցում բարձրացված մեծ աղմուկը որոշակի ազդեցություն ունեցավ նաև մի շարք սպանությունների բացահայտման ընթացքի վրա, որոնք ի սկզբանե ՊՆ-ի կողմից որակվել էին որպես ինքնասպանություն: Հետագայում արդեն այդ գործերով բազմաթիվ ձերբակալություններ եղան:

Նման ազդեցություն եղավ հուլիսին Տավուշի «Մեհրաբ» զորամասի զինծառայող Արտակ Նազարյանի, ինչպես նաև հոկտեմբերի 3-ին Հադրութի շրջանի զորամասերից մեկի նկուղում կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող Սամվել Խաչատրյանի մահվան դեպքում:

Հենց այս հանգամանքն էլ շատերը մեկնաբանում են որպես սոցիալական ցանցերի դերի և ազդեցության մեծացում:

Facebook սոցիալական ցանցում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռության համահեղինակ և ակտիվիստ Էդգար Առաքելյանը «Մեդիալաբին» ասում է, որ փոփոխություններն այս ոլորտում ակնհայտ են:

«Ես դեռ հունիսին օտարալեզու դպրոցների դեմ մեր պայքարի հետ կապված հարցազրույցներից մեկում այս երևույթն անվանել եմ Ֆեյսբուքյան հեղափոխություն: Իհարկե, այդ ամենը դեռ սաղմնավորման փուլում է, սակայն այս տեմպերով շարունակվելու դեպքում կարող ենք ունենալ մի վիճակ, երբ մարդիկ, որոնք տանը իրենց համակարգչի առաջ նստած են, կարող են շատ բան փոխել երկրում»,- ասում է Առաքելյանը:

Նրա խոսքով` Ֆեյսբուքը մի միջավայր է, որտեղ գերիշխում է հենց քաղաքացիական ոգին: «Սա հանգեցրել է մի յուրահատուկ համայնքի ձևավորմանը, որը ոչ միայն հաճույք է ստանում այդ ամենից, այլև կարծես թե որոշակի առաքելություն է սկսել զգալ: Առաջիկայում այս համայնքն իր վրա էլ ավելի մեծ գործառույթներ է վերցնելու»,- ասում է Էդգար Առաքելյանը:

PR մասնագետ Նարեկ Մալյանը, սակայն, հակառակ կարծիքի է. նա կարծում է, որ ինտերնետում հայտնված սկանդալային հոլովակների տեղադրումն ու հանրայնացումն իրականացվում են ներիշխանական խմորումների արդյունքում, հետևաբար, այն չի կարող որպես մարդու ոտնահարված իրավունքները վերականգնելու գործիք ծառայել:

«Ընդդիմադիր կամ անկախ լրատվամիջոցներն այստեղ հանդես են գալիս ընդամենը արձագանքողի դերում: Այսինքն` ստացվում է, հասարակությանը հրամցվում է ինֆորմացիայի որոշակի չափաբաժին` նախապես կանխատեսված, ակնկալելի ելքով»,- ասում է Մալյանը:

Մալյանն ասում է, թե իրականում մարդու ոտնահարված իրավունքների վերականգնման հարցում իշխանությունները մեծ հաշվով որևէ զիջման չեն գնում, այլ` ընդհակառակը, ինտերնետի աճող հեղինակությունը հենց իրենք են օգտագործում իրենց ներքին պայքարում:

Մեկ այլ համացանցյան ակտիվիստ` Արթուր Ավթանդիլյանն էլ, համաձայնելով այն մտքին, որ համացանցը կարող է օգտագործվել ներիշխանական պայքարում, այդուհանդերձ, մատնացույց է անում այդ ամենի դրական կողմերը:

«Բնականաբար, համացանցը «երկսայր սուր» է, այսինքն` դրա միջոցով նաև իշխանության առանձին խմբեր իրար հետ «հաշիվ» են մաքրում: Վառ օրինակ` Ալբերտ Ազարյանի և Հրանտ Թոխատյանի հայտնի հոլովակը: Սակայն հասարակությանը, իմ կարծիքով, պետք է հետաքրքրի ոչ թե ինֆորմացիայի աղբյուրը, այլ այն գործողությունները, որոնց դիմում է «հասցեատերը» խնդիրը լուծելու համար»,- ասում է Ավթանդիլյանը:

Ու թեև այդ տեսանյութերը կարող են համացանցում հայտնվել ինչ-որ մեկի պատվերով, Արթուր Ավթանդիլյանը, այնուամենայնիվ, պնդում է` եթե որևէ տեսահոլովակի արդյունքով զինվորի կյանք է փրկվում, կամ հանցանք է բացահայտվում, դա արդեն իսկ բավարար է մոռանալու համար «իսկ ո՞վ է տեսահոլովակը գցել ինտերնետ» հարցը:

ARMENIA Today տեղեկատվական-վերլուծական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը, սակայն, ասում է, թե չնայած սոցիալական ցանցերում բարձրացված աղմուկը կարող է ապահովել այս կամ այն խնդրի լուծումը, բայց մեծ հաշվով` մարդու իրավունքների վերականգնման տեսանկյունից հենց իշխանությունների վրա այդ աղմուկը կարող է ազդել և նրանք կարող են գնալ ինչ-ինչ լուծումների միմիայն այն հարցերում, որոնք չեն սպառնում իրենց բուն իշխանությանը։

«Հենց որ այդ աղմուկը սպառնա իրենց բուն իշխանությանը, իրենք կգնան ոչ թե լուծումների, այլ կփորձեն ուղիներ գտնել այդ աղմուկը չեզոքացնելու համար։ Իհարկե, սոցիալական ցանցերը կարող են ծառայել որպես գործիք իշխանությունների դեմ, բայց դա օժանդակ գործիք է, որը կարող է ունենալ որոշակի արդյունավետություն, բայց չի կարող ունենալ որոշիչ դեր,- ասում է Արգիշտի Կիվիրյանը: - Այսինքն` ավելորդ է նաև գերագնահատել սոցիալական ցանցերի դերը»:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am