«Զարուհի Պետրոսյանն իմ դուստրն է». մինչ երիտասարդ կնոջ մահը Հայաստանից դուրս էլ ալեկոծել է մարդկանց սրտերը, նախաձեռնված ստորագրահավաքը նպատակ ունի օրենսդրորեն պայքարելու բռնությունների դեմ

20-10-2010
405 դիտում
«Զարուհի Պետրոսյանն իմ դուստրն է». մինչ երիտասարդ կնոջ մահը Հայաստանից դուրս էլ ալեկոծել է մարդկանց սրտերը, նախաձեռնված ստորագրահավաքը նպատակ ունի օրենսդրորեն պայքարելու բռնությունների դեմ

Ամուսնու և սկեսրոջ բռնությունների ու դաժան ծեծի հետևանքով 20-ամյա Զարուհի Պետրոսյանի մահը ոչ միայն ցնցեց Հայաստանում և օվկիանոսից այն կողմ համացանցի միջոցով դեպքի մանրամասներին ծանոթացած հազարավոր մարդկանց, այլև կրկին բարձրաձայնելով բռնությունների մասին` առաջ բերեց համապատասխան օրենքներ ընդունելու հարցը:

Երկկողմանի ծնողազուրկ Զարուհի Պետրոսյանը, որը մեկ ու կես տարեկան երեխայի մայր էր, մահացավ հոկտեմբերի 1-ին` ենթարկվելով դաժան ծեծի ամուսնու և սկեսրոջ կողմից, ինչի մասին չվախեցավ բարձրաձայնել նրա քույրը` Հասմիկ Պետրոսյանը:

Օրեր շարունակ սոցիալական կայքերում լայն տարածում գտած պատմությունը բազմաթիվ քննարկումների առիթ հանդիսացավ` առաջ բերելով հազարավոր մարդկանց հուզմունքն ու վրդովմունքը:

Ֆրանսիայում բնակվող 30-ամյա Մարիաննա Ռաֆայելյանին այս ամենը կատակ էր թվացել, իսկ երբ ընկերները վստահեցրել էին, որ իրականություն է, նա երկու օր շարունակ լացել էր, ոչինչ չէր կերել  և հայտնվել էր հիվանդանոցում:

«Ուշքի չէի գալիս: Ատում եմ բռնությունը, բայց որ էդ մարդկանց` ամուսնուն ու սկեսրուրին տեսնեի, ես էլ իրանց կծեծեի: Ինձ թվում ա` իրանք էնքան մարդ չեն, որ խոսք հասկանան»,- «Մեդիալաբին» ասում է նա:

ԱՄՆ-ում բնակվող 24-ամյա Սիմոն Մաղաքյանն ասում է, որ Զարուհու դժբախտությունը ցնցեց շատերին, և, ի վերջո, հասարակությունը մտածեց ընտանեկան բռնության մասին:

«Բնականաբար, մի քանի ամսից զայրույթը կմարի, դրա համար հենց հիմա ժամանակն է այս էներգիան ուղղորդելու կառուցողական գործունեության»,- ասում է Սիմոնը:

Մաղաքյանը www.thepetitionsite.com կայքի միջոցով ստորագրահավաք սկսեց, որին շատ կարճ ժամանակում միացան հազարավոր մարդիկ:

Ստորագրահավաքին միացածները վարչապետ Տիգրան Սարգսյանից պահանջում են հետևել, որ հանցագործները պատժվեն, և ընդունել Ընտանեկան բռնության համար պատժի և կանխարգելման մասին օրենք:

Հոկտեմբերի 9-ին մեկնարկած ստորագրահավաքին արդեն իսկ միացել են 2.633 մարդիկ, որոնք բարձրաձայնում են ընտանեկան բռնության մասին` ոմանց համար` մտացածին, ոմանց համար` ընդունելի, իսկ իրականում լուրջ արմատավորված հայկական հասարակական տարբեր շերտերում:

2007-ին Հայաստանում ամերիկյան համալսարանի Թուրփանջյան հասարակական հետազոտությունների կենտրոնի` Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ հետազոտության մասնակից կանանց 60%-ը նշում է Հայաստանում ընտանեկան բռնության տարածվածության մասին։

2008 թվականին միջազգային Amnesty International կազմակերպությունը, որի ամերիկյան մասնաճյուղի հարավկովկասյան երկրների մասնագետն է Սիմոն Մաղաքյանը, հետազոտություն է կատարել ՀՀ-ում և պարզել, որ հազարավոր կանայք տառապում են ընտանեկան բռնությունից:

«Այն կանայք, ովքեր փորձում են պաշտպանվել, բախվում են բազմաթիվ խոչընդոտների: Շատ դժվար է ընտանեկան բռնությունը ներկայացնել որպես հանցանք, քանզի նման կետ ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված չէ, և, ընդհանրապես, հասարակությունն այդ փաստը չի ընդունում որպես հանցանք»,-նշված է հաշվետվության մեջ:

Նույն թվականին կազմակերպությունն օրինագծի գաղափար է առաջարկում Հայաստանին, որը թեև կառավարության կողմից դրական է ընդունվում, սակայն օրենսդրական որևէ փոփոխություն դրան չի հետևում:

«Մենք Ընտանեկան բռնության մասին օրենք ենք մշակել և 2009 թվականի սեպտեմբերին հանձնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ոչ միայն ես, այլև շատ ավելի բանիմաց մարդիկ կարծում են, որ շատ լավ մշակված օրենք է, սակայն մինչ օրս ոչ մի շարժ չկա»,- «Մեդիալաբին» ասում է Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը:

Ըստ ներկայացված օրենքի` բռնության ենթարկված կնոջը պետությունը պարտավոր է նպաստ տրամադրել. «Մինչև կինը գտնի ինքն իրեն, տեղավորվի»:

Վարդանյանն ասում է, թե ցավում է, որ Զարուհին չի իմացել իրենց կազմակերպության մասին:

«Գոնե քույրը իմանար»,- ասում է նա և պատմում, որ ներկայումս կազմակերպությունն ամեն ինչ անում է կնոջ և երեխայի պաշտպանության համար, ընդհուպ մինչև ժամանակավոր կացարան տրամադրելը:

«Դեպք ենք ունեցել, որ չորս ամիս պահել ենք կնոջը, մինչև այլևս նրան վտանգ չի սպառնացել»,- ասում է Վարդանյանը:

«Որովհետև նա որբ էր, Զարուհու սկեսուրն ու ամուսինը վստահ են եղել, որ անպաշտպանին ոչ ոք չի օգնի: Եկեք ցույց տանք նրանց ու Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որ մենք ենք Զարուհու ծնողը»,- գրել է Հասմիկ Թաթոսյանը:

Սոցիալական ցանցում Հասմիկի պաստառը բազմաթիվ մարդիկ դարձրել են իրենց էջի առաջնորդող նկարը:

Ստորագրահավաքի նախաձեռնող Սիմոն Մաղաքյանն ասում է, թե հուսով է, որ վարչապետը կմիջամտի, և Զարուհու մահվան մեջ մեղավորներն արժանի պատիժ կստանան:

«Ըստ մամուլի հաղորդումների` միայն նրա ամուսինն է ձերբակալված, իսկ սկեսուրը, որը քրոջ պատմելով` շարունակաբար բռնություն է գործադրել Զարուհու նկատմամբ, ազատ է,- ասում է նա: - Պետք է նաև պատասխանատվության ենթարկել տեգրոջը, որն առնվազն ականատես է եղել բռնությանը, և չի բացառվում, որ նույնպես մասնակցել է: Իսկ ամենակարևորը` վարչապետը պետք է միջնորդի, որ ընտանեկան բռնության մասին օրենքը վերջապես ընդունվի Հայաստանում»:

 

21-ամյա Գայանե Կոշկարյանն ասում է, որ ինքն անձամբ բախվել է ընտանեկան բռնության դեպքերի. «Եթե ընկերուհիս հեռախոսով երկար էր խոսում, սկեսուրը հեռախոսի տրուբկայով խփում էր գլխին»:

Ընկերուհու ծնողները գիտեն, որ իրենց աղջկան ամուսնու տանը «դաստիարակում» են, սակայն ոչինչ չեն ձեռնարկում. «Էդ ընտանիք ա գնացել, ուրեմն պիտի հարմարվի»:

Բիայնա Ստեփանյանը, ով աշխատում է հեռուստատեսային ոլորտում, պատմում է, որ աշխատակցուհիներից մեկը հաճախ կապտուկներով կամ գլխացավով էր գործի գալիս. «Մի օր ինձ թաքուն պատմեց, որ սկեսուրն ա բաղնիքի կրուշկայով խփում»:

Լիլիթ Ստեփանյանն արդեն երկու տարի է, ինչ վերջապես ազատվել է «վայրենի» ամուսնուց: Նա իր նախկին կյանքը նույնացնում է անիվի հետ:

«Սկյուռիկի պես քեզ գլորում են մի փոսի մեջ, ուր չես գիտակցում` ինչ ա հետդ կատարվում` պտտվում ես, պտտվում նույն անիվի մեջ»:

Պատմում է, որ օրերով տնից դուրս չի եկել, որպեսզի հարազատներն և ընկերները չտեսնեն կապտուկները:

Երբ Լիլիթը փորձել է բաժանվել ամուսնուց, վերջինս իրենց երեխային գողացել է, տարել իր տուն, զանգել կնոջն ու ասել. «Եթե չվերադառնաս, կսպանեմ ինձ էլ, երեխային էլ»:

Նա ցավով է հիշում այն օրը, երբ արդեն նախկին ամուսինը խնդրում էր իրեն վերադառնալ տուն և իր ամեն ժխտական պատասխանի ժամանակ ապտակ հասցնում:

«Հետո սկսեց քարշ տալ փողոցներով, ես լացում էի: Մի կին ինձ տեսավ էդ վիճակում, փողոցի մյուս ծայրում լիքը ոստիկաններ կային, խառնված վազեց, մեր կողմը ցույց տվեց, բայց անասուն ոստիկանները ոչ մի բան էլ չարեցին»:

Նա ասում է, որ երբեք չի մոռանա այդ կնոջ այլայլված դեմքը և ոստիկանների անտարբեր հայացքները:

Amnesty International-ի հաշվետվության մեջ նշվում է, որ առողջապահության, ոստիկանության և դատախազության աշխատակիցները, ինչպես նաև այլ մասնագետներ, որոնք աշխատանքի բերումով շփվում են նման դեպքերի հետ, գործնականում չունեն համապատասխան պատրաստվածություն նման խնդրի հետ բախվելու:

«Ընտանեկան բռնությունն ազգային բնույթ ունի: Պետք է լուրջ քայլեր արվեն այս ուղղությամբ,- «Մեդիալաբին» ասում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: - Ընտանեկան բռնությունը շատ սովորական երևույթ է ՀՀ-ում: Մի քանի անիմաստ հասարակական կազմակերպություններ կան, բայց հենց իրենք էլ էդ ազգային մտածողությունից դուրս չեն եկել»:

Հոգեբան Հարություն Բերբերյանի համոզմամբ, սակայն, խնդիրը շատ ավելի խորն է:

«Եթե երեխային ընտանիքում դաստիարակելու համար ծեծում են, ապա մեծանալով նա էլ է փորձում «դաստիարակել» ուրիշներին»,- ասում է նա:

Հոգեբանը նաև նշում է հայկական հեռուստաալիքներով հեռարձակվող սերիալների ագրեսիայի մասին:

«Մեր անգործ ժողովուրդը սերիալ, ցավոք, շատ է նայում, ու երբեմն այնքան են մտնում սերիալի մեջ, որ դժվարանում են տարանջատել իրականությունն ու սերիալը: Իսկ հայկական սերիալներում ինչքան ուզես բռնություն, սպանություն, ահաբեկչություն»,- ասում է Բերբերյանը:

Սիմոն Մաղաքյանը համոզված է, որ իրավիճակի հանգուցալուծում կարող է լինել համապատասխան օրենսդրության ընդունումը: Նա ասում է, որ գոնե Հայաստանի վարկանիշի համար ԱԺ-ն պետք է գնա այդ քայլին:

«Օրենքի ընդունումից հետո հասարակությունը պետք է ինքնակրթվի,- ասում է նա: - Կանանց ինքնավստահությունը բարձրացնելու համար նաև մարդկային, անկաշառ ոստիկանական համակարգ է պետք, որը պատրաստ է պաշտպանելու քաղաքացուն»:

Արփի Մաղաքյան

© Medialab.am