«Ուժայինների ղեկավարները, լինելով այդ կառույցների անդամներ, կաշկանդված են իրականացնել այն խոստումները, որոնք տվել է վարչապետը». Արա Պապյան

20-09-2019
835 դիտում
«Ուժայինների ղեկավարները, լինելով այդ կառույցների անդամներ, կաշկանդված են իրականացնել այն խոստումները, որոնք տվել է վարչապետը». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

- Պարո՛ն Պապյան, ԱԱԾ տնօրենն ու ոստիկանության պետը հրաժարական ներկայացրեցին, ի՞նչ է կատարվում այս համակարգում:

- Կատարվում է այն, ինչ հաճախ է կատարվում հեղափոխություններից հետո: Այսինքն՝ տեղի է ունենում ավելի հստակեցում՝ քաղաքական վերադասավորումների ակնկալիքով: Չպետք է մոռանանք, որ ըստ առայժմ գործող օրենքի՝ ուժայինների ղեկավարները մեզ մոտ եղել են և շարունակում են մնալ այդ կառույցների անդամներ, հետևաբար, իրենք առաջնային գործառույթներ ունենալով հանդերձ՝ ունեն որոշակի կաշկանդվածություն՝ իրականացնելու այն բոլոր խոստումները, որոնք տվել է վարչապետը: Դրա համար էլ հիմա նախաձեռնել են օրենքի փոփոխություն, ինչը հնարավորություն կտա դրսից մարդ բերելու այդ համակարգ:

- Ինչպե՞ս եք գնահատում դուք այդ օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի՝ ուժայիների ղեկավարների պաշտոնը քաղաքական պաշտոն է դառնում:

- Ես ուզում եմ հստակեցնել: Եթե խոսքը վերաբերում է դասական ժողովրդավարական երկրներին, ճիշտը ապաքաղաքական նշանակումներն են, որտեղ այդ կառույցների ղեկավարները կապ չունեն թիմի հետ: Բայց մաքուր համակարգերում դա գործում է, որովհետև սիստեմը մաքուր է, դու ընտրում ես ու մի գնդապետ դնում ես պաշտոնի: Մեզ մոտ սիստեմը մաքուր չէ, որ գնդապետին էլ ուզում ես վերցրու, կա՛մ կոռուպցիոներ է եղել, կա՛մ բարոյական պարտավորություններ ունի ինչ-որ մեկի հանդեպ, կա՛մ կաշկանդված է երախտագիտությամբ ու ընկերական հարաբերություններով: Չպետք է մոռանանք նաև, որ մենք արևելյան հասարակություն ենք և ունենք արևելյան մտածողություն: Դժվար է նախկին կամ ներկա գործընկերոջդ դեմ գնալը: Դրա համար ես գնահատում եմ, որ որպես անցումային փուլ, հիմա ճիշտ է, որ դրսից ինչ-որ քաղաքական անձ նշանակվի, որոշակի զտումներ, մաքրումներ անի, բերի համակարգը որոշակի վիճակի, հետո կարելի է վերադառնալ դասական ժողովրդավարական ձևին:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուժային կառույցների ղեկավարների հրաժարականից հետո կոշտ հայտարարությամբ հանդես եկավ, ասելով, որ՝ նոր Հայաստանում ինչպես ԱԱԾ-ն, այնպես էլ մյուս ուժային կառույցները անձ չեն, համակարգ են և գնալու են ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների հետևից: Ակնարկներ եղան, որ ԱԱԾ նախկին տնօրենը կոռուպցիոն շրջանակների հետ կապեր է ունեցել: Ի՞նչ է կատարվել, ըստ ձեզ:

- Ես չեմ ուզում ենթադրություններ անել, բայց երկու կառույցներն էլ կոռումպացված են: Եթե ԽՍՀՄ տարիներին КГБ-ն համեմատաբար մաքուր էր, չէր խառնվում կոռուպցիոն գործերի մեջ, մենք գիտենք, որ հիմա և՛ Հայաստանում ԱԱԾ-ն, և՛ Ռուսաստանում ФСБ-ն տարբեր բիզնես գործարքների մեջ են մտել: Առանց ենթադրություններ անելու ասեմ հետևյալը: Իհարկե ճիշտ է, որ համակարգերը գործեն: Եվ երբ մենք կհասնենք այն վիճակին, որ համակարգը կգործի անկախ նրանից, թե ով է համակարգի ղեկավարը, այդ դեպքում կարող ենք ասել, որ ունենք կայացած համակարգեր: Ցավոք սրտի, լավ առումով, պետությունը՝ որպես համակարգ, դեռ կայացած չէ: Այսօր դա խարսխված է մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի վրա: Այսինքն՝ նա պայքարում է կոռուպցիայի դեմ, նշանակում է՝ պետությունը պայքարում է: Աստված չանի, վաղը լինի Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի պես մեկը, համակարգն էլի աշխատելու է նախկին ձևով: Հետևաբար, փոփոխություններն անշրջելի դարձնելու համար պետք է համակարգային փոփոխություններ լինեն, որ անկախ նրանից, թե ով կլինի տվյալ համակարգի ղեկավարը, համակարգերն աշխատեն օրենքի տառին ու ոգուն համապատասխան:

- Շա՞տ անելիք կա, որպեսզի այդ համակարգերը գործեն, որպեսզի ուժային կառույցները չկաշկանդվեն ինչ-որ գործոններով, կատարեն իրենց աշխատանքը:

- Իհարկե անելիք շատ-շատ կա: Ես կարծում եմ, որ ավելին կա, քան մենք պատկերացնում ենք: Անգամ այս իշխանության ժամկետը չի բավարարի այդ փոփոխությունների համար: Ես կարծում եմ, որ մենք մի երկու ընտրությունների փուլ պետք է անցնենք, բայց պարտադիր չէ, որ ընտրությունները լինեն ըստ ժամանակի, կարող են արտահերթ էլ լինել: Բայց պետք է դրա միջով անցնենք, մի քանի ցնցումներ պետք է անցնենք, մաքրենք, որպեսզի քիչ թե շատ համակարգը կայանա:

Անցյալի վատն այն էր, որ, ցավոք սրտի, չկա մի համակարգ, որը խարսխված չի եղել կոռուպցիոն գործարքների վրա: Եթե օրենք է ընդունվել Ազգային ժողովում, ապա դա ընդունվել է ինչ-որ մեկի կամ մի խմբի շահերի համար: Եթե կառավարությունն ինչ-որ փաստաթուղթ է ընդունել, էլի ինչ-որ անձանց շահերն է սպասարկել: Այսինքն՝ պետությունը դարձել է գործիք՝ սպասարկելու համար տարբեր մարդկանց ու խմբավորումների շահերը: Այդ ամբողջը պետք է փոխվի՝ սկսած վերևից: Այդ կոռուպցիան խորն ու ընդգրկուն է: Ե՛վ օրենսդիր, և՛ գործադիր, և՛ դատական իշխանությունները, և՛ չորրորդ իշխանությունը պետք է մաքրվեն: Հինգերորդ իշխանությունն էլ անհատ մարդիկ են, որոնք հասարակության մտքի վրա ազդեցություն ունեն, նրանք էլ պետք է ազնվաբար գործեն: Միայն այդ պարագայում մենք 5-10 տարի անց կարգին երկիր կդառնանք, եթե ամեն ինչ լավ գնա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am