«Գուցե հեղափոխության երկրորդ շունչն է ազդարարվում այս պաշտոնանկություններով, բայց հանրությանը պետք է բացատրություններ տրվեն». Ժաննա Ալեքսանյան

20-09-2019
536 դիտում
«Գուցե հեղափոխության երկրորդ շունչն է ազդարարվում այս պաշտոնանկություններով, բայց հանրությանը պետք է բացատրություններ տրվեն». Ժաննա Ալեքսանյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

- Տիկի՛ն Ալեքսանյան, ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերի հրաժարական-պաշտոնանկությունները։ Մեզ հետ զրույցում բազմիցս քննադատել եք ոստիկանությանը։ Ոստիկանապետին հեռացնելը պահի հրամայակա՞ն էր։

- Երբ հեղափոխությունից հետո առաջադրվեց նրա թեկնածությունը ոստիկանապետի պաշտոնում, առաջիններից եմ եղել, որ քննադատել եմ, դեմ եմ եղել նրա նշանակմանը, բայց ընթացքում տեսա, որ ոստիկանապետը ձգտում է ինչ-որ բաներ փոխել, ամեն դեպքում ձգտում էր բարձրացնել ոստիկանության հեղինակությունը։ Ես չգիտեմ՝ դա նրան հաջողվեց, թե ոչ, բայց ամեն դեպքում այդ ձգտումը ես դրական եմ գնահատում։ Ի սկզբանե մենք գիտեինք, որ նա կոռումպացված չէ, և հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ նրան նշանակել էին այդ պաշտոնին։ Եվ ընթացքում մենք ինչքան առիթ ենք ունեցել հավաքների, ցույցերի, նախկին ոստիկանության դեմքը չենք տեսել։ Իհարկե, ոստիկանության աշխատանքում թերացումներ մենք տեսանք դատարանի մոտ, թե ինչպես ոստիկանները չէին միջամտում, երբ Քոչարյանի համակիրները մարդկանց վրա էին հարձակվում, նրանք մի տեսակ շփոթած էին, թե իրենց ինչպես պահեն։ Այսինքն՝ նախկին գործելաոճի կրկնությունը չեղավ, մենք տեսնում էինք պատրաստակամություն փոխվելու։ Իհարկե, միանշանակ կան թերացումներ, և ես չեմ պնդի, թե ոստիկանությունն ամբողջությամբ փոխվել է, ուղղակի գնահատում եմ ձգտումը։ Ես նույնիսկ ափսոսացի, որ Օսիպյանին պարտադրվեց հեռանալ աշխատանքից:

- Կարծում եք՝ անձերո՞վ պայմանավորված փոփոխություններ են, թե իսկապես համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա։

- Չեմ կարող ասել, թե դա արվում է համակարգային փոփոխությունների համատեքսում, նաև չեմ հասկանում, որ նրանց տալիս են գեներալի կոչում, ապա մի քանի օր անց հեռացնում աշխատանքից։ Ես համակարգային փոփոխության տեսլական չեմ տեսնում։ Համակարգային փոփոխությունների պահանջը պետք է դնի վարչապետը ամենայն խստությամբ և միջոցներ ձեռնարկի, որ այդ համակարգային փոփոխությունը տեղի ունենա, այսինքն՝ ինքը պետք է կանգնած լինի համակարգային փոփոխության ակունքում, ոչ թե հրահանգի քննչական կոմիտեի ղեկավարին՝ գնա և բացահայտի գործերը, և նա գնում և չի բացահայտում, հետո դրան որևէ անդրադարձ չկա։ Բայց այն վճռականությունն ու ցանկությունը, որ պետք է համակարգային փոփոխություններ արվեն, չկան և ցավալի է։

- ԱԱԾ՝ արդեն նախկին տնօրենի հայտարարության մեջ բազմաթիվ տողատակեր կային։

- Վարչապետը Վանեցյանին շատ լայն լիազորություններով էր օժտել, ինչը առաջացրել էր հանրության դժգոհությունը, որ բոլոր հարցերը լուծում էր կամ ուզում էր լուծել ԱԱԾ-ն, այսինքն՝ նրան տրված էր առանցքային դերակատարում։ Նա իր շուրջը համակրանք կարողացավ ձևավորել՝ իր կեցվածքով, իր՝ մամուլի հետ անկաշկանդ շփումներով, ամեն դեպքում, հանրության շրջանում նրա նկատմամբ ավելի շատ դրական տրամադրություններ կան, քան որևէ մեկի։ Եվ նրա հեռանալը մի փոքր անհասկանալի է, և չեն բացատրում, թե ինչու է նա գնում։ Նրա գրառման մեջ տողատակեր կան, բայց նա ավելի շատ ուզում էր հետք թողնել և ինչ-որ բան ասել։ Այսպես, վարչապետը որևէ բացատրություն չտվեց ո՛չ Օսիպյանի դեպքում, ո՛չ էլ Վանեցյանի, իսկ հանրության հետ պետք էր հաշվի նստել, ինչպես ներկայացրել էր, այնպես էլ պետք է հրաժեշտ տար, կամ բացատրեր, թե ինչու է ազատում։

- Օսիպյանին, սակայն, նշանակեց գլխավոր խորհրդական։

- Այո՛, տարավ խորհրդական, և ինձ թվում է՝ դա ժամանակավոր բան է։ Օսիպյանը պրոֆեսիոնալ սպա է, նա կարող էր մնալ ոստիկանությունում։ Մի խոսքով, ամեն ինչ խառն է և անհասկանալի, չկա տրամաբանական գիծ, որ բռնենք և դրանով առաջնորդվենք։ Տեսնենք, թե ի՛նչ շարունակություն կունենան այս հրաժարականները։ Գուցե հեղափոխության երկրորդ շունչն է ազդարարվում այս փոփոխություններով։ Այս կադրային փոփոխությունները, եթե շարունակվելու են, լավ կլիներ հասկանայինք, թե ինչ է տեղի ունենում, բայց առայժմ որևէ բացատրություն չկա, արդյոք սա կադրային փոփոխություն է, թե պետք է հմուտ կադրերով այդ տեղերը համալրել։

Մանե Հարությունյան

MediaLab.am