«Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով առանցքային վկաներից մեկն էր, որի կորստով մենք զրկվում ենք էական նշանակություն ունեցող ցուցմունքներից». Նորայր Նորիկյան

25-09-2019
403 դիտում
«Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով առանցքային վկաներից մեկն էր, որի կորստով մենք զրկվում ենք էական նշանակություն ունեցող ցուցմունքներից». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը:

- Պարո՛ն Նորիկյան, նախօրեին իր առանձնատանը գտել են «Մարտի 1»-ի գործով առանցքային վկա, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։ Որոշ լրատվամիջոցներ շտապեցին գրել, որ նրան ստիպել են ցուցմունք տալ Քոչարյանի դեմ, որի համար էլ նա ինքնասպան է եղել։ Այս դեպքն ի՞նչ վտանգներ է պարունակում, այդ թվում «Մարտի 1»-ի գործի բացահայտման առումով։

- Հայկ Հարությունյանը ոչ թե «Մարտի 1»-ի գործում առանցքային վկա էր, այլ առանցքային վկաներից մեկն էր։ Բացի այդ, նա առանցքային դերակատարություն է ունեցել 2008 թվականի մարտի 1-ին և դրան նախորդող ժամանակահատվածում՝ հաշվի առնելով նրա պաշտոնը։ Չմոռանանք, որ Հայկ Հարությունյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նախ նշանակվել է ներգին գործերի նախարար, ապա նաև՝ ոստիկանապետ։ Ըստ էության, նա Ռոբերտ Քոչարյանի հետ էլ հեռացավ ոստիկանապետի պաշտոնից 2008 թվականին՝ նշանակվելով պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում։ Սա խոսում է մի բանի մասին, որ գործ ունենք առանցքային դերակատարություն ունեցած անձի հետ։ Ես չգիտեմ, թե նախաքննության փուլում Հայկ Հարությունյանն ի՛նչ ցուցմունքներ է տվել, բայց հաշվի առնելով քրեական վարույթի, քրեական գործի առանձնահատկությունները, դատաքննության հրապարակայնության հանգամանքը, դատաքննության դատավարական հնարավորությունները, չեմ բացառում, որ դատաքննության փուլում Հայկ Հարությունյանը կարող էր տալ այնպիսի ցուցմունքներ, որոնք ոչ միայն էական, այլև վճռորոշ նշանակություն կարող էին ունենալ այդ քրեական գործի վերջնական դատական ակտի կազմման և հրապարակման վրա, որովհետև, չմոռանանք՝ 2008-ի մարտի 1-ին իրականացված գործընթացներում ոստիկանության դերակատարությունը շատ էական և առանցքային է եղել։ Հետևաբար, այո՛, Հայկ Հարությունյանը առանցքային վկաներից մեկն էր, որի կորստով, ըստ էության, քրեական վարույթի ընթացքում մենք զրկվում ենք առանցքային վկայից կամ էական նշանակություն ունեցող ցուցմունքներից։

Ո՞ւմ էր ձեռնտու Հայկ Հարությունյանի մահը։

- Ես չգիտեմ՝ ո՛ւմ էր ձեռնտու, ո՛վ էր շահագրգիռ, ով՝ ոչ, բայց որ ՀՀ իշխանությունները պարտավոր են ապահովել Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ բացահայտումը, դրանից հետո պարզ կլինի, թե ո՛ւմ էր ձեռնտու, ո՛վ էր շահագրգռված այս վկայի կորստով, կամ ընդհանրապես ի՛նչ է տեղի ունեցել։ Ես իրավաբան եմ և չեմ կարող այս մասին հստակ որևէ դիրքորոշում հայտնել։ Թող դատախազությունը, որը դատավարական հսկողություն իրականացնող մարմին է, մնացած իրավապահ մարմինները, որոնք քրեական գործի վարույթն են իրականացնում, ապահովեն գործի բազմակողմանի, լրիվ քննությունը, այդ քննության արդյունքում պարզվեն Հայկ Հարությունյանի մահվան բոլոր հանգամանքները, հերքվի կամ հաստատվի սպանության կամ ինքնասպանության վարկածը, որպեսզի հնարավորություն ունենանք հստակորեն արձանագրել, թե ի՛նչ է եղել։ Բայց մամուլի որոշ հրապարակումներից ես տպավորություն ստացա, որ հայտնի շրջանակների կողմից շատ անբարո կերպով փորձ է արվում շահարկել և սլաքներն ուղղել որոշակի ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում բարեբախտաբար ավարտվել է արյան վրա դիվիդենդներ հավաքելու, դրա վրա իշխանություն պահելու կամ արյան հաշվին ինչ-որ ազդեցություն ձեռք բերելու ժամանակը։ Մենք չենք ապրում այն Հայաստանում, որտեղ կարող է արյան միջոցով հարց լուծվել։ Վաղուց այդ ժամանակներն անցել են, և, կարծում եմ, այն մարդկանց, որոնք կփորձեն արյան միջոցով հարցեր լուծել, դիակների միջոցով ազդեցություն ձեռք բերել, իշխանություն պահել, տեղը բանտն է։ Եվ եթե մարդիկ էլ կան, որոնք այդ արյան հաշվին դեռևս գտնվում են ազատության մեջ, այս իշխանության խնդիրն է օր առաջ հայտնաբերել և մարդկանց ուղարկել իրենց ճիշտ տեղը։

- Հայկ Հարությունյանն այլևս չկա, Միքայել Հարությունյանը չի վերադառնա, Աղվան Հովսեփյանի մասով նորություն չկա։ Արդյոք այս գործը ի վերջո բացահայտվելո՞ւ է։

- Արդեն մեկ տարի է, որ ես հանրությանը տեղեկացնում եմ, որ իրավապահ համակարգի կողմից իրականացվում է սաբոտաժ։ Վարչապետ Փաշինյանի վերջին գործողությունները, ուժային երկու կառույցների ղեկավարներին լիկվիդացնելը, հետլիկվիդացիոն պրոցեսում ԱՄՆ-ում նրա արձագանքները չեկա՞ն հավաստելու իմ ասածները, որ 1,5 տարի ուղղակի ուժային կառույցները, իրավապահ համակարգը ամբողջությամբ վիժեցրել են կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական իշխանության որդեգրած աշխատանքը։ Ընդհանրապես, ասվել է մի բան, արվել է մեկ այլ բան։ Սա խոսում է մի բանի մասին, որ մենք իսկապես գործ ունենք մի համակարգի հետ, որը չի ցանկանում ուղղակի կտրել այն մարդկանց ձեռքերը, որոնց հաշվին ինքը կայացել է, ապրել է։ Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի գործի վարույթի հետագա ընթացքին, մենք իսկապես հայտնվել ենք յուրահատուկ իրավիճակում։ Նախ՝ այս իշխանության խնդիրների խնդիրն է, ինչ գնով էլ լինի, օրինական բոլոր միջոցները պետք է գործադրվեն «Մարտի 1»-ի անմիջական կատարողներին, սպանողներին բացահայտելու համար։ Հենց բացահայտեցին, թելը հասնելու է կազմակերպիչներին ուղիղ իմաստով։ Քանի դեռ այդ խնդիրը չենք լուծել, միշտ այդ շրջանակների կողմից շահարկվելու է «Մարտի 1»-ի գործի ամբողջական բացահայտման խնդիրը։ Ինչ վերաբերում է Քոչարյանի և մյուսների գործին, դատաքննությունը նոր է սկսվել, պետք է ամեն ինչ արվի գործն ավարտին հասցնելու համար։ Սա պետության արժանապատվության և հեղինակության խնդիր է։

Մանե Հարությունյան

MediaLab.am