«Հայկ Հարությունյանն այդպես էլ մինչև վերջ չանկեղծացավ, բայց բազմաթիվ հանգամանքներ ու հարցեր ո՛չ մութ են մնացել, ո՛չ էլ հանրության համար անհասկանալի են». Սեդա Սաֆարյան

25-09-2019
462 դիտում
«Հայկ Հարությունյանն այդպես էլ մինչև վերջ չանկեղծացավ, բայց բազմաթիվ հանգամանքներ ու հարցեր ո՛չ մութ են մնացել, ո՛չ էլ հանրության համար անհասկանալի են». Սեդա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան, Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը:

- Տիկի՛ն Սաֆարյան, «Մարտի 1»-ի գործով առանցքային վկա Հայկ Հարությունյանն այլևս չկա։  Այս գործով անցնում են նաև մարդիկ, որոնք Հայաստանում չեն։ Գործը փակուղի՞ է մտնում:

- Ինչու պետք է գործը փակուղի մտնի, երբ առանցքային նշանակություն ունեցող վկան հարցաքննվել է, տվել իրեն հայտնի հանգամանքներից որոշակի տեղեկություններ, որ պաշտոնական վարկածի շրջանակում է։ Ռոբերտ Քոչարյանն ինչ հայտարարում է, Հայկ Հարությունյանը նույնությամբ կրկնել է։ Ըստ էության՝ Հայկ Հարությունյանը որոշել էր չխոսել։ Բայց մենք հո Հայկ Հարությունյանի խոսքի կարո՞տը չէինք ապացուցողական արժեքը գնահատելու առումով։ Իհարկե, այնքանով, որքանով պետական պաշտոնյան կարող էր նոր իրավիճակում հոգին թեթևացնելու համար ճշմարտությունն ասել նախաքննական մարմնին, սակայն դա նրա գործն էր։ Այդպես էլ, կարծում եմ՝ մինչև վերջ չանկեղծացավ, բայց բազմաթիվ հանգամանքներ ու հարցեր, կարծում եմ, ո՛չ մութ են մնացել, ո՛չ էլ հանրության համար անհասկանալի են։ Հայկ Հարությունյանն այն նույն համակարգերից մեկի առաջնորդն է, որոնք պլանավորված, նախապատրաստված և ամեն ինչ հաշվարկած իրականացրեցին մարտի 1-ի ողբերգությունը։

- Քոչարյանին և Հայկ Հարությունյանին նույն հարթության վրա՞ պետք է դիտարկել։

- Հայկ Հարությունյանին գուցե չես կարող Ռոբերտ Քոչարյանի հետ նույն հարթության վրա դնել, որովհետև, կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը բոլորին այս վիճակին հասցրեց։ Կարծում եմ, նա հիմա ցավ պետք է զգա, որ այս կարգի իրավիճակներ են ստեղծվել Հայաստանում։ Ամեն դեպքում, ես չէի ցանկանա, որ Հայկ Հարությունյանն այդպիսի վախճան ունենար։ Հայկ Հարությունյանի գործողությունների հետ կապված բոլորս էլ գիտենք, որ այդ «օպերացիա» կոչվածը սարքված մոտիվացիա է։ Օպերատիվ խումբը ձևավորվել է Հայկ Հարությունյանի ու մյուսների համատեղ ջանքերով։ Նա  իրազեկված էր: Առավոտյան տեղի ունեցած գործողությունները սարքված էին, և  Հայկ Հարությունյանը պատասխանատու էր:

- Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում գործի քննության մեջ որևէ փոփոխություն կմտնի՞:

- Ճիշտն ասած, ես չզարմացա, որ այսօր այս կարգի իրավիճակին բախվեցինք, որովհետև բոլորս էլ գիտենք, որ այս տասը տարիների ընթացքում շատ-շատ մարդիկ են կամ թողել Հայաստանից հեռացել, կամ սպանվել, կամ իրենք իրենց սպանել, և նրանց բոլորի սպանության հանգամանքներում ամեն ինչ առնչվել է «Մարտի 1»-ի հետ։ Թե ինչո՛ւ են նրանք այդ կարգի վախճան ունենում, երևի քննությունը կպարզի։ Կարծում եմ՝ նաև կպարզվի, թե այս տասը տարիների ընթացքում ինչքան դիպուկահար և այս գործին առնչվող մարդ են սպանվել, ինչը շատ կարևոր է, որովհետև միայն մահվան տեղեկանքները գործին կցելով ոչնչի չենք հասնի։ Մենք նաև պետք է պարզենք մարդկանց մահվան պատճառները։ Կոնկրետանալով Հայկ Հարությունյանի վրա՝ ուզում եմ ասել, որ ինքն է այդ ազդակը տվել։ Եթե մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում բախումներ չլինեին, ժողովրդի մեջ այդքան վրդովմունք չլիներ, երևի այդքան ժողովուրդ էլ չէր հավաքվի։ Առավոտյան դեպքից հետո հանրահավաքի մասնակիցները կրկնակի-եռակի ավելացել են։ Մարդկանց վրդովմունքն ավելի է մեծացել, երբ իմացել են, որ խաղաղ ցուցարարներին այդ կարգի ծեծել են։ Մարդիկ տեսել են այդ վիճակը, և դա մեծ վրդովմունք է առաջացել, ինչը նաև վախ է առաջացրել իշխանության համար, որոնք գնացել են մինչև վերջ, ու այդ վերջի հետևանքով մենք ունեցանք սպանություններ։

Ես կարծում եմ, որ այսօր Հայկ Հարությունյանը չէր կարող վարույթն իրականացնող մարմնին անկեղծանալ և պատմել այն, ինչ իրականում տեղի է ունեցել։ Սակայն նա նաև չէր կարող պատասխանել այն հարցերին, թե ինչո՛ւ է առանց հիմքի, առանց հիմնավոր փաստաթղթերի կատարել որոշակի գործողություններ, որոնք չեն տեղավորվում ո՛չ «Ոստիկանության մասին» օրենքի, ո՛չ էլ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի մեջ։ Մայիսին, երբ Հայկ Հարությունյանը պաշտոնից ազատվել է, մինչև այդ ժամանակ ես կոնկրետ գործ եմ ունեցել դատարանում կոնկրետ ոստիկանության դեմ՝ մարտի 1-ին ոստիկանության առավոտյան գործողությունների հետ կապված, և Հայկ Հարությունյանի ներկայացուցիչը որևէ ապացույց չի ներկայացրել և չի էլ հայտարարել դատարանում, որ իրենք տեղեկություններ են ունեցել իրենց ագենտուրայից, որ զենքի կուտակումներ կան հանրահավաքի մասնակիցների մոտ, որ դա մտավախություն առաջացներ իրենց մոտ։ Հետագայում՝ հունիսից հետո է սկսվել արդեն այլ ոստիկանապետի իշխանության տարիներին այդպիսի կեղծիքներ կատարվել։ Զեկուցագրեր, փաստաթղթեր են կազմվել, և այլ իրադարձություններ են տեղի ունեցել։

- Իսկ շրջանառվող խոսակցությունները, թե նա կարող էր Գեղամ Պետրոսյանի անմեղության վերաբերյալ ինչ-որ բան ասել, որքանո՞վ են արժանահավատ։

- Ինչ վերաբերում է շրջանառվող խոսակցությանը, որ նա կարող էր Գեղամ Պետրոսյանի անմեղության վերաբերյալ ինչ-որ բան ասել, ես ուղղակի զարմացած եմ Գեղամ Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի անմեղության հետ կապված։ Փաստացի այն լուրերը, որ առավոտյան տարածվեցին, և իսկապես այդպիսի գրություն կա, որում շեշտվում են այդ երկու անձանց անունները, որոշակի մեսիջ են, որ հասկանանք, թե ըստ էության ինչո՛ւ է սպանվել Հայկ Հարությունյանը։

Իհարկե, գործը փակուղի չի մտնում, բայց ցանկալի կլիներ, որ Հայկ Հարությունյանը դատարան հրավիրվեր, հարցաքննվեր, նրա անմիջական հարցաքննությունը դատարանի դահլիճում լիներ, Ռոբերտ Քոչարյանն էլ, եթե հարցեր ունենար, թող նրան տար։ Մենք շատ հարցեր ունեինք։ Ես ցավում եմ միայն, որ Ռոբերտ Քոչարյանը զրկվեց այդ հնարավորությունից։

Մանե Հարությունյան

MediaLab.am