Աննա Հակոբյանը հյուրընկալել է հնդիկ խոշոր գործարար Նարայանա Մուրտիի տիկնոջը՝ Սուդհա Մուրտիին

08-10-2019
158 դիտում
Աննա Հակոբյանը հյուրընկալել է հնդիկ խոշոր գործարար Նարայանա Մուրտիի տիկնոջը՝ Սուդհա Մուրտիին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technology) շրջանակում Երևան ժամանած հնդիկ խոշոր գործարար Նարայանա Մուրտիի տիկնոջը՝ տիկին Սուդհա Մուրտիին։ Տիկին Մուրտին  պատմել է իր կյանքի, գործունեության մասին, խոսել իր դավանած արժեքներից։

Նա Նշել է, որ իր երեխաներին սովորեցրել է ապրել ժուժկալ կյանքով՝ կարեւորություն տալով ոչ թե փողին, այլ բարի գործերին։

«Կյանքի վերջում, երբ հետ նայենք, կարեւոր է լինելու ոչ թե այն, թե ինչքան փող ենք աշխատել, ինչ կարողություն ենք կուտակել, այլ թե քանի մարդու արցունք ենք չորացրել»,- ասել է Սուդհա Մուրտին։ Տիկին Մուրտին իր կյանքի ընթացքում օգնել է երեք հազար կանանց փոխել իրենց կենսակերպը՝ ձեռք բերելով արժանապատիվ մասնագիտություն եւ աշխատանք։

Աննա Հակոբյանն էլ  պատմել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեության և ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի նպատակների և առաքելության մասին։ 

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը: