«Մտածում եմ հայկական ծաղիկների բույրով օծանելիք ստեղծելու մասին». Քիմ Քարդաշյան

08-10-2019
183 դիտում
«Մտածում եմ հայկական ծաղիկների բույրով օծանելիք ստեղծելու մասին». Քիմ Քարդաշյան

«Երեկ, Հայաստանի փողոցներով երթևեկելիս, շատ եմ ոգեշնչվել: Առաջիկայում Հայաստանի հետ կապված մեծ նորություններ կլինեն»,- այս մասին այսօր՝ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին իր ելույթում նշեց ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը:

«Օծանելիքից բացի, գեղեցկության հետ կապված մեծ նախագծի մասին եմ մտածում: Հայաստան այցն ինձ շատ է ոգևորել: Առհասարակ, երբ նոր գաղափարների կարիք եմ զգում, ճամփորդության եմ մեկնում»,- ասաց Քարդաշյանը:

Խոսելով սոցիալական մեդիայում իր ազդեցության և անցած ճանապարհի մասին, ամերիկահայ հեռուստաաստղը նկատեց. «Քանի դեռ սովորում ես, ճիշտ ուղու վրա ես: Կարծում եմ՝ պետք չէ անընդհատ աջ կամ ձախ նայել. պետք է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ անում ես: Միշտ իմացել եմ, որ ցանկանում եմ հեռուստատեսությամբ երևալ, չնայած դա ծիծաղելի նպատակ է թվում: Հիմա, երբ մտածում եմ, թե որքան հնարավորություններ է սոցիալական մեդիան մեզ տալիս, պարզապես ապշում եմ: Այնուամենայնիվ, հետևորդներիս թվին չեմ նայում, թվերն ավելի շատ բիզնեսի մեջ են հետաքրքրում»:

Անդրադառնալով WCIT2019-ի շրջանակում Հայաստան այցին, Քիմ Քարդաշյանն ընդգծեց. «Երբ տեղեկացա, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողով է անցկացվելու, միանգամից համաձայնեցի մասնակցել: Շնորհակալ եմ, որ ինձ այս ամենի մի մասն եք դարձրել: Հպարտ եմ, որ այստեղ եմ: Նաև հպարտ եմ, որ հնարավորություն ունեցա երեխաներիս այստեղ մկրտել»: Ելույթի շրջանակում Քարդաշյանը նաև իր ապրանքանիշերի մասին խոսեց՝ նշելով, որ մասնակցում է դրանց ստեղծման ողջ գործընթացին՝ գույների ընտրությունից մինչև ապրանքանշան:

Աղբյուրը՝ Factor.am