Վիտալի Բալասանյանի գրասենյակում Երևանից ուղարկված էմիսարներ կան, կարծում եմ՝ նրանց ազդեցությամբ էլ հայտարարություններ է անում. Հայկ Խանումյան

09-10-2019
590 դիտում
Վիտալի Բալասանյանի գրասենյակում Երևանից ուղարկված էմիսարներ կան, կարծում եմ՝ նրանց ազդեցությամբ էլ հայտարարություններ է անում. Հայկ Խանումյան

Խիստ ափսոսում եմ Վիտալի Բալասանյանի համար, որովհետև կարծում եմ՝ Բալասանյանի դեպքը պետք է մտնի քաղաքագիտական դասագրքերի մեջ, թե ինչպես բավականին մեծ հեղինակություն ունեցող քաղաքական գործիչն ընդամենը շատ կարճ ժամանակում այդ հեղինակությունը զրոյացրեց՝ ինչ-որ խմբակային շահեր սպասարկելու համար:

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հայտարարություններին:

«Պետք է նկատեմ, որ Վիտալի Բալասանյանը Սերժ Սարգսյանի խմբակի համար օտար է, բայց, չգիտեմ ինչու, նման նվիրվածություն է ցուցաբերում, եռանդ ու ջանք է դնում, որպեսզի թալանչիների խմբակի շահերը պաշտպանի: Սա ինձ համար խիստ հանելուկ է, զարմանք է: Այս դեպքը պետք է ուսումնասիրության առարկա դառնա քաղաքագետների և հոգեբանների կողմից»,- ասաց պատգամավորը: Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը նկատի ունենալով «Սասնա Ծռեր» խմբավորմանն ասել էր, որ 2016 թվականին ներել են այդ ահաբեկիչներին, իսկ հիմա հայտարարում է՝ ֆիզիկապես ոչնչացնելու է նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իր, ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի»,- նշել էր Վիտալի Բալասանյանը:

Արցախի ԱԺ-ի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը նկատեց, որ ժամանակին Վիտալի Բալասանյանը շատ կոշտ քննադատում էր, թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Բակո Սահակյանին. «Հետո աշխատանքի անցավ Բակո Սահակյանի ենթակայության ներքո, Սերժ Սարգսյանի հետ սեղան նստեց-վեր կացավ, և այս վարքագիծը դրսևորեց: Այս ամենի համար ցավում եմ»:

Factor.am-ի հարցին՝ արդյոք Վիտալի Բալասանյանի հայտարարությունը քաղաքական տիրույթում պետք է մնա, թե՞ պետք է իրավապահների կողմից ուսումնասիրության առարկա դառնա, Հայկ Խանումյանը պատասխանեց. «Ես կարհամարհեի, ընթացք չէի տա, հայտարարություն է արել: Նմանատիպ լիքը գործիչներ են հայտնվել, բայց Վիտալի Բալասանյանի կալիբրի չեն: Վիտալի Բալասանյանի գրասենյակում Երևանից ուղարկված էմիսարներ կան, կարծում եմ՝ նրանց ազդեցությամբ էլ հայտարարություններ է անում, որն իրեն պատիվ չի բերում»: