«Երկրում բոլորը պետք է հարկվեն, կապ չունի՝ ինչով են զբաղված, օրենքը պետք է լինի բոլորի համար՝ վերից վար». Արմեն Մովսիսյան

10-10-2019
357 դիտում
«Երկրում բոլորը պետք է հարկվեն, կապ չունի՝ ինչով են զբաղված, օրենքը պետք է լինի բոլորի համար՝ վերից վար». Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը

 

- Պարո՛ն Մովսիսյան, նկատե՞լ եք արդյոք, որ հեղափոխությունից հետո շոու բիզնեսը այլևս հետին պլան է մղվել։ Նախկինում շոու բիզնեսի ներկայացուցիչները իշխանություններին ծառայություններ էին մատուցում, մասնակցում նախընտրական քարոզարշավների և այլն։ Օրերս Հանրապետության հրապարակում տեղի ունեցած վերջին համերգին շոու բիզնեսից գրեթե ոչ ոք չկար։ Շոու բիզնեսի դուրսմղումը, մեկուսացումը ինչպե՞ս եք գնահատում։

- Շատ ծավալուն հարց է ստացվում, դաշտից դուրս մղելու հարց չկա։ Մեզ մոտ շոու բիզնես գաղափարն ընդհանրապես շատ տարօրինակ հիմքերի վրա է։ Պետք է հասկանանք, որ մենք շատ փոքր ազգ ենք, հետևաբար, շոու բիզնես կոչվածը չակերտների մեջ դնենք։ ԱՄՆ-ի պես մեծ երկիրն ունի դերասանների, երգիչների գիլդիա, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքված։ Հոլիվուդի աստղերի կամ երաժշտության մեջ երևացող մի քանի տասնյակ հոգին փոքրամասնություն են։

Իսկ Հայաստանի պարագայում այդ շոու բիզնես կոչեցյալը շատ հարաբերական է։ Նրանց մենք ենք տվել այդ տարօրինակ կոչումը։ Այդ մարդիկ ընդամենը հացի փող են աշխատել։ Նրանց ո՛չ գոյությունն է ինձ համար տաք եղել, ո՛չ չլինելը։ Համարում եմ, որ մարդիկ են, որոնք իրենց ունեցած շնորհքով փող են աշխատել։ Հիմա որ նրանց դուրս ենք մղում, դա ինչո՞վ ենք ուզում փոխարինել, տեղն ի՞նչ ենք ուզում։ 

- Փաստորեն այսօր չկա այն իշխանությունը, որին նրանք ծառայել են։

- Նրանք հացի փող են աշխատել, քաղաքականության մեջ չեն եղել։ Ընդհանրապես արտիստին, արվեստագետին քաղաքականության մեջ ներառելը կամ պիտակավորելը անընդունելի եմ համարում։ Այլ բան, որ մարդիկ ունեն քաղաքական հայացքներ և դրանց հետամուտ են լինում։ Բոլորը պարտավոր չեն դա ունենալ։ Դրա համար մարդկանց մեղադրել, որ իրենք իրենց շնորհքով փող են աշխատել, իմ կարծիքով՝ չափազանցված սևեռուն է դիտարկվում հասարակության կողմից, ինչը ես չեմ ընդունում։

Մարդիկ լավ կամ վատ երգ են երգում, ինչո՛ւ նրանց բերել քաղաքականություն, ինչո՛ւ համարել, որ նրանք էլիտայի համար են երգել, հիմա էլիտայի համար չեն երգում, ուրեմն նրանց ժամանակն ավարտվե՞լ է։ Ես նրանց դեմ հասարակության կռիվը չեմ հասկանում։ Այլ բան է արվածի որակը գնահատել-չգնահատելը, բայց նրանց հետ վենդետայի տրամաբանությամբ խոսելը համարում եմ անհանդուրժողականություն։ 

- Նույն շոու բիզնեսի ներկայացուցիչներն ի՞նչ քայլ պետք է անեին այս իրավիճակից դուրս գալու համար։

- Դա երևի նրանց պետք է հարցնել։ Բայց քանի մեր հասարակական ճաշակի կաթսան հնդկական սերիալներով, տուշի քեֆային աղմուկով ու կլկլոցով համեմված է ձևավորվում, դժվարանում եմ անգամ ասել՝ ինչից սկսել: Երևի կրթական ցենզից։

Իսկ երգիչ-երգչուհիները, դերասաններն իրենք ի՛նչ պիտի անեին: Ամեն մարդ ինքն է գտնում իր ապրելու ձևը։ Ի վերջո, այդ մարդիկ պետք է ապրեին, և նրանք ստիպված են եղել իրենց կյանքը դասավորել այդ ձևով։

Հիմա մեծ հանցանք չէ, եթե իրենց շնորհքով վաստակել են, դա էլ է արհեստ: Վերջը, եղե՞լ է պահանջարկ-առաջարկ, չի՞ եղել՝ փորձել են «բարձր հովանու ներքո» ձևակերպմամբ մի բան կպցնել, նրանց խիստ դատել չարժի, ու առանձին սկզբունքայնության, քաղաքական պահվածքի մասն էլ արժի ճկուն շրջանցել: 

Ինքս չլինելով շոու բիզնեսի մեջ՝ նրանց հասկանում եմ, գիտեմ, թե ի՛նչ է կարիքի մեջ ապրելը, հիմա ամեն մեկից հասարակությունն իրավունք անգամ չունի պահանջելու կարծիք, կամավոր ով հայտնել ու հայտնում է՝ լավ, ով՝ ոչ, անիմաստ է սևեռվելը:

Ես այդ մարդկանց հետ նույն ափսեից չեմ կերել, նույն խնջույքներին չեմ տաքացրել քեֆչիներին (ասենք՝ ինձնից ի՛նչ տաքացնող, մարդիկ մենակ կտխրեին), բայց մեկ է, ես նրանց հանդուրժողաբար եմ վերաբերվում։ Շատ ավելի հանդուրժողաբար, քան նախկին իշխանություններին, որոնք երկիրը հասցրել են ծանր վիճակի։ 

- Վերջին անգամ նրանց ձայնը լսվեց շոու բիզնեսին հարկելու խնդրի ժամանակ։ Նրանցից ոմանք բավականին կոշտ արձագանքեցին դրան, իսկ ոմանք էլ հայտարարեցին, թե կհեռանան երկրից։

- Ինչ վերաբերում է կոշտ արձագանքին, դա աբսուրդ է, դա տեղեկատվության պակաս է կամ նրանց ինտելեկտուալ մակարդակի հետ է կապված։ Երկրում բոլորը պետք է հարկվեն, կապ չունի՝ ինչով են զբաղված։ Օրենքը պետք է լինի բոլորի համար՝ վերից վար։ Ոչ ոք իրավունք չունի կոշտ արձագանքելու, եթե փող է աշխատում, պետք է հարկ վճարի։ Դա նորմալ է, բոլոր երկրներում էլ այդպես է։ Խուսափել դրանից չեն կարող, հերթը բոլորին էլ հասնելու է։

Պետությունը որոշել է բոլորին մտցնել օրինական դաշտ և կառուցել քաղաքացիական հասարակություն։ Եթե օրենքը չի որոշել, որ չպետք է հարկել այս կատեգորիայի մարդկանց, կամ ինչպես առաջ էր՝ ընտրյալների խավ կար, որ ապրում էր ըստ իր հաճույքների, ըստ իր պաշտոնի կամ ըստ իր հովանավորության, եթե դա չպետք է լինի, ուրեմն բոլորը պետք է գործեն օրենքի դաշտում։ 

- Պարո՛ն Մովսիսյան, ի՞նչ ունեինք հեղափոխությունից առաջ և ի՞նչ ունենք ներկայումս։ 

- Հեղափոխությունից առաջ ունեինք ազատ անկում գրանցող երկիր, հեղափոխությունից հետո ունենք հույս, ունենք որոշակի ազդանշաններ, որ երկիրը կարող է անցնել ազատ անկումից ազատ ճախրանքի, հետո նաև՝ վերելքի: Նոր ժամանակների բոլոր խնդիրներով, բոլոր բացերով, սխալներով հանդերձ, որոնք մարդիկ տեսնում, շեշտում են։

Բայց, ինչպես ասում են, չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։ Փորձենք ներողամիտ վերաբերվել, իհարկե սխալներ կան, բայց այս պահին դրանցից ոչ մեկը ճակատագրական չէ։ 30 տարվա անկումից հետո վերջապես հույս կա մեր փոքր հայրենիքը զարգացնելու։ Բոլոր նախանշանները հուշում են, որ դրանք կան։

- Պարո՛ն Մովսիսյան, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին Քոչարյանի աջակիցների տարածած հայտարարությունը, որում կոչ են անում իշխանություններին սթափվելու, չվտանգելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը, հակասահմանադրական քայլեր չանելու։

- Քոչարյանի և ընդհանրապես նախորդների անհաջող պատմության էջը թերթելու ժամանակը վաղուց է հասել։ Ես կասեի, որ ժամանակավրեպ է նրանց այս հայտարարությունը, նույնիսկ կասեմ, որ իշխանությունների ռեակցիան նախկին իշխանությունների նկատմամբ մեկ տարի ուշացումով է։ Նրանք երկիրը տարել էին անելանելի ճանապարհով։

Իսկ վտանգի մասին նրանք հեղափոխության առաջին օրվանից էին խոսում, սադրող լուրեր էին տարածվում, թե վիճակը լարվել է, թե ուր որ է պատերազմ կսկսվի։ Բայց, իհարկե, եկել է նախորդների էջը վերջնական թերթելու ժամանակը, և՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի։

Նրանք բոլորը գրվելու են պատմության մեջ որպես 30 տարիների անհաջողությունների մեղավորներ։ Մեր նոր պատմության մասին պետք է ասել, որ այսօր կերտվում է մեր հայրենիքի ապագան: Թեկուզ դժվարությամբ, որովհետև մենք փոքր երկիր ենք, տնտեսական, ժողովրդագրական, ռազմաքաղաքական բազում հարցերով, բայց հուսադրող քայլերով։

Մանե Հարությունյան

MediaLab.am