Սիրիայում տասնյակից ավելի հայ ընտանիքներ տեղափոխվել են ավելի ապահով շրջաններ. Հյուպատոսություն

10-10-2019
239 դիտում
Սիրիայում տասնյակից ավելի հայ ընտանիքներ տեղափոխվել են ավելի ապահով շրջաններ. Հյուպատոսություն

Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականցվող ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով:

Սիրիայում Հայաստանի դեսպանատան Ֆեյսբուքի էջը հաղորդում է, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապ են պահպանում Սիրիայի Կամիշլի քաղաքի և հյուսիսային այլ շրջանների համայնքային կառույցների հետ:

«Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Դամասկոսի և Հալեպի հայ առաջնորդարանների հետ համատեղ մշակվում են հնարավոր քայլեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և ըստ անհրաժեշտության առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ:

Անմիջականորեն ռազմական գործողությունների տարածքում գտնվող Տել Աբյադ քաղաքից տասնյակից ավելի հայ ընտանիքներ արդեն իսկ ինքնուրույն լքել են իրենց բնակության վայրը և տեղափոխվել ավելի ապահով շրջաններ՝ Հալեպ և Հասաքե: Ներկա դրությամբ մեր հայրենակիցների անհապաղ տարհանման խնդիր դրված չէ:

Ըստ մեր տեղեկությունների, Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի թիվը կազմում է շուրջ 3000 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ: