«Դավաճանական ու երախտամոռ հայտարարություններով Բալասանյանը սեպ է խրում նույն պետության ու ժողովրդի երկու հատվածների միջև». Արա Պապյան

11-10-2019
«Դավաճանական ու երախտամոռ հայտարարություններով Բալասանյանը սեպ է խրում նույն պետության ու ժողովրդի երկու հատվածների միջև». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

 - Պարո՛ն Պապյան, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով իշխանությունը բռնազավթելու համար։ Ի՞նչ է տեղի ունենում։

- Արցախի ներսում տեղի է ունենում ընտրապայքար, և Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ ինքը լինելու է նախագահի թեկնածուներից մեկը։ Չունենալով Արցախի հայության մեջ որևէ էական աջակցություն՝ նա ուզում է որոշակի հայտարարություններով կարևորել իր թեկնածությունը, հետևաբար, աջակցություն ստանալ դրսի ուժերից, մասնավորապես, տվյալ դեպքում Ռուսաստանից։ Նման հայտարարություն անելով՝ նա սեպ է խրում նույն պետության ու ժողովրդի երկու հատվածների միջև։ Իսկ ես նրա հայտարարությունները կբնութագրեի դավաճանական ու երախտամոռ, նման հայտարարություններով նա ստեղծում է այն մտայնությունը, թե դրանց պետք չէ պաշտպանել, մենք պահում ենք Ղարաբաղը, փող ենք տալիս, զորք ենք տալիս, իսկ նրանք երախտամոռ են։

Երբ որ այդ մթնոլորտը կկարողանա շիկացնել, արդեն բնական է, Արցախի ժողովուրդը պիտի փորձի գտնել մեկ այլ ուժ։ Իսկ այդ մեկ այլ ուժը, որը շահագրգռություն ունի զորքեր մտցնելու Արցախ, Ռուսաստանն է լինելու։ Այդ պահին արդեն կարևորվում են Վիտալի Բալասանյանի թեկնածությունն ու անձը։ Ռուսաստանից որոշ շրջանակներ կսկսեն, այսպես ասած, հայտարարություններով հանդես գալ նրա անձի շուրջ, և նա կունենա ավելի մեծ հնարավորություն։

- Կա՞ հավանականություն, որ նա կհաջողի։

- Ո՛չ, նման հավանականություն չկա, որովհետև դա չափից ավելի բարդ պահ է։ Բալասանյանը չի կարող այդ խաղը խաղալ, երկրորդ՝ Ռուսաստանը չի կարող այդ խաղը խաղալ։ Այսինքն՝ դա Սովետական Միությունը չէ։ Երրորդ՝ հայ ժողովուրդը չափից ավելի խելոք է՝ այդ կուտն ուտելու համար։ Եվ չորրորդ՝ դա ոչ միայն մենք ենք տեսնում, այլ նաև մի շարք երկրներ, մասնավորապես, Իրանը և ԱՄՆ-ն, որոնք թեպետ թշնամիներ են, բայց այս հարցում շահերը համընկնում են, նրանք չեն ուզում որևէ օտար ուժի մուտք Արցախ, ներառյալ՝ Ռուսաստանի։ Դրա համար այդ երկրներն էլ տարբեր ձևերով կընդդիմանան դրան։

- Վիտալի Բալասանյանի հայտարարությունները, ըստ ձեզ, սպառնալիքներ պարունակո՞ւմ են, և պետք է արդյոք իրավապահները զբաղվեն դրանով։ Մենք գիտենք, որ նրա հարցազրույցում հնչեցրած ձևակերպումներն արդեն ԱԱԾ-ն ստուգում է։

- Այո՛, միանշանակ դա ֆիզիկական ոչնչացման բացահայտ սպառնալիք է։ Դա խոսքի ազատություն չէ, բարձրաձայնված մտադրություն է։ Ի վերջո, երբ մարդիկ իրար հայհոյում են, այդ հայհոյանքի համար էլ կա պատասխանատվություն, որևէ մեկը չի ասում, որ դա խոսքի ազատություն է։ Սա տեսակետ չէ, սպառնալիք է իշխանության հասցեին, ամբողջ Հայաստանի այն ընտրողների նկատմամբ, որոնք ներկա իշխանություններին են ընտրել։ Դրա համար էլ ճիշտ են արել, որ ուղարկել են իրավապահներին։

Ես ուզում եմ ասել հետևյալը՝ այս ծրագիրը փորձել են տարբեր անձանց միջոցով իրականացնել, ուղղակի այդ մարդիկ երևի ավելի խելոք ու բարոյական են գտնվել, դրան չեն գնացել։ Եթե հիշում եք, առաջին անգամ այդ գաղափարը հնչեցրեց Սամվել Բաբայանը՝ ռուսական մանդատի գաղափարը։ Բայց, հասկանալով ու միանգամից զգալով ռեակցիան, որ դա ընդունելի չէ, հետ կանգնեց։ Դրա համար էլ ռուսներն ընտրեցին Վիտալի Բալասանյանին և նրա միջոցով այս գիծն առաջ են տանում։

- Իսկ Հայաստանից կա՞ն ուժեր, որոնք աջակցում են Վիտալի Բալասանյանին։

- Այո՛, ես կարծում եմ, որ նախկինները, եթե ոչ բոլորը, ապա ինչ-որ մարդիկ կան, ովքեր այս ամենի մեջ կան։ Ի վեջո պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն այս օրերին գտնվում է Ստեփանակերտում։ Այսինքն՝ ապակայունացնելով վիճակը՝ նրանք մտածում են, որ գոնե ինչ-որ հնարավորություն կլինի։ Իսկ եթե վիճակը մնում է կայուն, այդ դեպքում ժողովրդի վերաբերմունքը ներկա իշխանությունների նկատմամբ լինում է կայուն, թեկուզև վարկը նվազող։

Կլինեն քննադատություններ, իհարկե։ Ես ինքս քննադատում էի իշխանություններին և, ցավոք, ճիշտ դուրս եկա։ Ես քննադատում էի, որ չափից ավելի մեղմ են։ Եվ ես ձևակերպել էի՝ եթե կա հեղափոխություն, կլինի նաև հակահեղափոխություն, չպետք է այդ ամենը թույլ տալ։ Ցավոք սրտի, այդ մեղմությունը չգնահատվեց, և նման իրավիճակ ունենք։ Բայց պետք է ասեմ, որ այս ամենի մեջ մի դրական բան կա. դա այն է, որ Նիկոլ Փաշինյանն ավելի կսթափվի և կսկսի գործողությունների դիմել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am