«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը. Պաշտոնական

15-10-2019
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը. Պաշտոնական

ՀՀ արդարադատության նախարարության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 15-ից մեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը: Այսօր սննդից օգտվել է ՔԿՀ-ում պահվող 366 անձ: Համեմատության համար նշենք, որ նախօրեին՝ հոկտեմբերի 14-ին, սննդից օգտվել էր 300 անձ:

Հոկտեմբերի 16-ից ծրագիրը կմեկնարկի նաև ամենամեծ լրակազմն ու առավել թվով շահառու ունեցող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Սա նշանակում է՝ քրեակատարողական հիմնարկներում ներդրվում է բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից սննդի պատրաստման, առաքման և հատկացման նոր և արդյունավետ համակարգ։

70 օր տևողությամբ փորձնական ծրագրի հաջող իրականացման դեպքում հեռանկարային է դիտվում նույն համակարգը ներդնել նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը վերահաստատում են ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված հիմնարար ուղենիշերի կյանքի կոչման և քրեակատարողական համակարգում արմատական բարեփոխումների իրականացման իրենց վճռականությունը:

Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ»։