«Վարչապետն ուշադրությունը պետք է կենտրոնացնի բանակում տեղի ունեցող հանցագործությունների բացառման վրա, որ փոխհատուցման խնդիրներ չառաջանան». Ժաննա Ալեքսանյան

21-10-2019
«Վարչապետն ուշադրությունը պետք է կենտրոնացնի բանակում տեղի ունեցող հանցագործությունների բացառման վրա, որ փոխհատուցման խնդիրներ չառաջանան». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

- Տիկի՛ն Ալեքսանյան, երեկ զոհված զինծառայողների մայրերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը աջակցություն պահանջեցին զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես աջակցություն են տրամադրում «Մարտի 1»-ի տուժածներին ու զոհվածների հարազատներին։ Նրանց պահանջը ինչպե՞ս եք գնահատում։

- Նախ ասեմ, որ շատ բարձր եմ գնահատում Կառավարության նախաձեռնությունը զոհված զինծառայողների ընտանիքների նկատմամբ ուշադրություն և ֆինանսական աջակցություն տրամադրել 1998 թվականից սկսած։ Եվ քանի որ ես շատ եմ այցելել այդպիսի ընտանիքներ, որոնք իրենց անտեսված են համարում պետության կողմից, սա պետության կողմից հատուկ ուշադրություն է այդ ընտանիքների նկատմամբ զուտ մարդկային առումով, և նաև նրանց կեցությունը քիչ թե շատ գնահատելու առումով շատ բարձր եմ գնահատում վարչապետի այս քայլը։

Չէի ասի, որ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հանդիպումը վարչապետի հետ ներկայացնում էր ծնողների այն կորիզը, որին ես գիտեմ։ Երեկ շանտաժի ձևով հայտարարել են՝ ինչո՛ւ եք «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին տալիս գումարներ, շատ տգեղ էր և կարիք չկար այդ լեզվով խոսել վարչապետի հետ։ Ես կարծում եմ՝ վարչապետը շատ լավ պատասխանեց և խոսեց այդ ծնողների հետ ևս, որ նրանք դժգոհ չհեռանան, բայց նաև ես տեսա այն խորքային ասելիքը, որ կար տողատակում։

Ես ուզում եմ հատուկ շեշտել Մարգարիտա Խաչատրյանի մասին, քանի որ նա շատ սերտ էր աշխատում նախորդ իշխանությունների հետ և այսպես կանաչ ճանապարհ ուներ ամեն տեղ գնալու, մտնելու և ծրարով փող տանելու, նույն ոճով նա խոսում էր վարչապետ Փաշինյանի հետ, բայց վարչապետը շատ համբերատար գտնվեց, այնքան, որ նրանք վերջում հասկացան, որ նրանց լեզուն չի անցել։ Վարչապետն այսպիսի հարց տվեց՝ դուք երբևէ նման հնարավորություն ունեցե՞լ եք վարչապետի հետ հանդիպելու։

Ամեն դեպքում գնահատում եմ վարչապետի համբերատարությունը, զսպվածությունը հարցին լուծում տալու։ Հայտնի չէ, թե խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքները նման փոխհատուցում կստանան, թե ոչ, բայց ես լսեցի վարչապետի խոսքը, որ դեռևս քննարկվում են զինծառայողների մահվան դեպքերը, որոնք ևս կֆինանսավորվեն։

Եվ ես շատ մեծ հույս ունեմ, որ դրանք կլինեն խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքները։ Պետությունը պարտավորություններ ունի այդ ընտանիքների առջև, որովհետև պետության պատասխանատվության ներքո է գտնվում յուրաքանչյուր զինվոր, որ գնում է ծառայելու, և պետությունը պարտավոր է պաշտպանել մարդու կյանքի իրավունքը։

- Կարծում եք՝ անկախության սկզբից, բանակի կազմավորումից հետո խաղաղ պայմաններում զոհված յուրաքանչյո՞ւր զինծառայողի ընտանիքի պետք է տրվի ֆինանսական փոխհատուցում։ Այս դեպքում ահռելի գումարի մասի՞ն չէ խոսքը։

- Ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին դեռևս ոչինչ տրված չէ, բայց պետությունը պարտավոր է։ Բանակը փակ համակարգ է, և զինվորի կյանքի համար պատասխանատվություն է կրում պետությունը, և պետությունը պարտավոր է նաև այդ փոխհատուցումը տալ։ Ասեմ նաև, որ մի շարք հանդիպումներ եմ ունեցել ԵԽ փորձագետների հետ, որոնք ևս խոսում էին զինվորի կյանքի համար փոխհատուցման մասին՝ անկախ նրանից, զինվորը մարտական պայմաններո՞ւմ է զոհվել, թե՞ ոչ մարտական։

Եվ մեկ շատ կարևոր բան կուզեմ հավելել, որ վարչապետն ավելի շատ իր ուշադրությունը կենտրոնացներ բանակում տեղի ունեցող հանցագործությունների բացառման վրա, որ այսպիսի փոխհատուցման խնդիրներ չառաջանային։ Շատ կարևոր է բանակով լրջորեն զբաղվել, և շատ կուզեի, որ վարչապետն իր ուշադրությունը սևեռեր հենց այդ խնդրի վրա, որ ունենում ենք բազմաթիվ զոհեր, որոնք չեն բացահայտվում։

Հավելեմ նաև, որ հենց այդ ցանկությունը և խնդրանքը վարչապետին գալիս են նրանից, որ բանակում բացարձակապես որևէ փոփոխություն չկա զինծառայողների իրավունքների առումով, էլ չեմ ասում, որ քննչական մարմինները ընդհանրապես որևէ բան չեն անում։

Աննկարագրելի ապօրինություններ և անօրինականություններ են, և ամբողջ օրը պետք է բողոք գրենք գլխավոր դատախազին, քաշքշուկ, տարիներով նախաքննություն… Փոփոխություն չկա, և ես հենց դրա համար եմ ասում, որ արժե՝ վարչապետը այդ փոփոխության համար նոր պայքարի մղի բանակի ղեկավարությանը։

- Հեղափոխությունից հետո անընդհատ խոսվում է բանակում փոփոխությունների մասին, թե ինչպես է սննդի որակը լավացել, հագուստի և այլն։ Միայն այս երկու խնդիրն է լուծվել, բայց կանոնադրական հարաբերությունները փոփոխության չե՞ն ենթարկվել։

- Այո, գուցե այդ միջավայրը, մթնոլորտը, սննդի փոփոխությունը, հագուստի և կոշիկի հարցերի կարգավորումը ինչ-որ բան փոխեն զինվորների կյանքում, ավելի բարեկեցիկ ներկայանա զինվորը, դրանք կարևոր հարցեր են, բայց կարգապահական հարցերն ամենակարևորն են։

- Ամեն դեպքում արդյոք կանոնադրական հարաբերությունների խախտումների դեպքերի հետ կապված չկա՞ նվազում։

- Գլխավոր դատախազությունը ինչ-որ ցուցակ ներկայացրեց, որ կարդում ես, գլխապտույտ ես ունենում։ Առանձնացրել են զինվորական ծառայության հետ կապված-չկապված դեպքեր, որ նվազել են այսքան-այնքան։ Ոչ մի բան էլ չի նվազել։ Եթե զինվոր է մինչև հիմա զոհվում բանակում, ոչինչ չի նվազել։ Գլխավոր դատախազությունը դեռևս նստած է նվազման վրա, որ մի դեպքը պակաս եղավ, ուրեմն նվազեց։ Մյուս տարի կարող է տասը դեպքով ավելանալ, ամեն տարի ասում են՝ նվազեց, բայց զոհեր միշտ կան, և մինչև 9 ամսվա ընթացքում 39 զոհ ունենք։

Մանե Հարությունյան

MediaLab.am