Օմբուդսմեն. Ոստիկանության եւ քաղաքապետարանի գործողությունները իրավաչափ չէին

17-08-2011
381 դիտում
Օմբուդսմեն. Ոստիկանության եւ քաղաքապետարանի գործողությունները իրավաչափ չէին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը իր պաշտոնական կայքում այսօր անդրադարձել է Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում օգոստոսի 10-ին կրպակների ապամոնտաժման գործընթացին` հայտարարելով, որ այն «ուղեկցվել է քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներով»:

«Կրպակների ապամոնտաժման մասին քաղաքապետարանից ապօրինի ծանուցումներ են ստացել օրինական հիմքերով եւ գործող պայմանագրերով տարածքը զբաղեցնող կրպակատերերը, մինչդեռ ծանուցումները պետք է ուղարկվեին միայն անօրինական տեղադրված կրպակների տերերին՝փաստաթղթերը նախապես ուսումնասիրելուց  հետո: Ապամոնտաժման պահին 13 կրպակներից 5-ի դեպքում կրպակատերերը ներկայացրել են սեփականության իրավունքի վկայականներ, որոնք հաշվի չեն առնվել»,- իր հայտարարության մեջ գրել է Անդրեասյանը:

Օմբուդսմենը գրել է, թե իրենց հերթին ոստիկանության աշխատակիցները, առանց բավարար իրավական հիմքերի` վարչական հարկադրանք կիրառելով, նույնպես խախտել են կրպակատերերի գույքային և անձնական անձեռնմխելիության իրավունքը:

«Ավելին, մեր տրամադրության տակ գտնվող նյութերը վկայում են, որ այդ ոչ իրավաչափ  գործողության ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն է գործադրվել միջադեպին ներկա կանանց նկատմամբ»,- հայտարարել է Օմբուդսմենը:

Հետագայում մարդկանց իրավունքների նման կոպիտ ոտնահարումները կանխելու նպատակով ՄԻՊ-ը Երեւանի քաղաքապետարանին առաջարկում է «Երեւանի արտաքին տեսքի բարելավման անկեղծ եւ ազնիվ ցանկությունն իրականացնելիս նախապես իրավաբանորեն ապահովել առանձին անհատների իրավունքների եւ կենսապահովման խնդիրների պաշտպանությունը», «գործել այն համոզմամբ, որ ի տարբերություն բիզնեսի կառավարման, որտեղ առաջին հերթին կարեւոր են արդյունքները, հանրային կառավարման դեպքում՝ հաճախ արդյունքից առավել կարեւոր են գործընթացները եւ նպատակին հասնելու միջոցները, հատկապես երբ դրանք կարող են վնասել թեկուզ մեկ անձի օրինական շահին»:

Օմբուդսմենը քաղաքապետարանին առաջարկել է նաեւ «առաջնորդվել այն սկզբունքով, որ մայրաքաղաքի ղեկավարությունը բոլորինն է՝ թե հարուստներինը եւ թե անապահովներինը»:

«Մինչդեռ վերջերս քաղաքի բարեկարգման մի շարք նախաձեռնություններ բացասաբար են ազդում սոցիալապես անապահով որոշ խավերի վրա եւ գոհացնում են հատկապես միջին և բարձր կենսամակարդակ ունեցող անձանց: Տարբեր շահեր շոշափող համարձակ նախաձեռնություններում նախապես իրականացված լայն եւ հրապարակային քննարկման արդյունքում հաշվի առնել քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ իրավապաշտպան կազմակերպությունների, շահագրգիռ անձանց, ինչպես նաև տարբեր քաղաքական ընդդիմադիր ուժերի տեսակետները»,- գրել է Օմբուդսմենը:

Ոստիկանությանն էլ ՄԻՊ-ը առաջարկել է «համապատասխան անձնակազմին ուսուցանել եւ ապահովել նրանց կողմից ՀՀ օրենսդրության ինչպես էական, այնպես էլ տեխնիկական բացառապես բոլոր պահանջների կատարումը»:

«Նրանց գործողություններում հատկապես պարտադրել, որ հարգեն յուրաքանչյուր մարդու անձնական ու գույքային անձեռնմխելիությունը եւ հասարակական կարգը պահպանելու չափազանց կարեւոր ու հարգարժան աշխատանքը մշտապես իրականացնեն իրավապահի բարձր կոչմանը հարիր: Միեւնույն ժամանակ ողջունելի է, որ քաղաքացիական ակտիվ դիրքորոշման եւ հանրային լայն արձագանքի հետեւանքով՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը ներկայումս ջանքեր է գործադրում ստեղծված խնդիրը կրպակատերերի հետ հաշտությամբ լուծելու ուղղությամբ»,- իր հայտարարության մեջ գրել է Կարեն Անդրեասյանը:

© Medialab.am