Պրովոկացիոն հարցեր՝ ուղղված ՀՀ իշխանություններին․ Զոհրաբ Մնացականյանը պետք է հարցերին վերաբերմունք ցուցաբերեր, ոչ թե պատասխաներ․Մանվել Սարգսյան

26-10-2019
Պրովոկացիոն հարցեր՝ ուղղված ՀՀ իշխանություններին․ Զոհրաբ Մնացականյանը պետք է հարցերին վերաբերմունք ցուցաբերեր, ոչ թե պատասխաներ․Մանվել Սարգսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

- Պարոն Սարգսյան, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը բուռն քննարկումների առիթ է տվել։ Տեսակետներ են հնչում, որ նախարարը չկարողացավ Արցախի վերաբերյալ հարցերին համարժեք պատասխան տալ։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ հարցազրույցը։

- Ավելի հետաքրքիր էին լրագրողի մոտեցումը, հարցերը, այն տեսանկյունից, որ շատ կարևոր է, որ նման պրովոկացիոն հարցեր են բարձրացվում, երևի ստուգելու համար, թե ոնց են Հայաստանի դիվանագետները վերաբերվում դրանց։ Այդ հարցերին պետք է վերաբերմունք ցույց տալ, ոչ թե պատասխանել, որովհետև դրանք հարցեր չէին։ Դա տիպիկ ագենտուրային գործ էր՝ պարզ ու հստակ դիրքորոշումով։ Մարդը որպես փաստ հարցերում ներկայացնում է իրավիճակներ և Հայաստանից է պահանջում, թե՝ ո՞նց եք սրան վերաբերվել։ Այդ իրավիճակում պետք էր կողմնորոշվել ու ընդամենն այդ հարցերին վերաբերվել։ Ուրիշ ոչ մի բան, պետք չէր պատասխանել։

- Դա պրոֆեսիոնալիզմի բացակայության հետևա՞նք էր, թե՞ դիվանագիտությունն էր նման պատասխաններ թելադրում։

- Չէ, ինչ-որ համեստություն էր ցուցաբերում՝ փորձելով ամեն հարցի պատասխանել, արդարանալ։ Բայց պետք է նայես, թե ով է նստած դիմացդ։ Բացահայտ ինչ-որ քաղաքական մի ագենտ էր նստած։ Այդ մարդուն պետք էր առաջին հերթին մեղադրել իր պահվածքի համար։ Այսօր, երբ ամբողջ աշխարհում քննարկում են, թե ոնց են քրդերին ճնշում, այդ ֆոնի վրա ինչ-որ մեկը գալիս ու ուրիշների իրավունքից է խոսում։ Այդ մարդուն մեկ անգամ պետք էր ասել, չէ՞, որ՝ դուք եք, ձեզ նմաններն են նման հարցերով բերում նրան, որ լկտիացնում են ագրեսիան ժողովուրդների դեմ։ Այսպես պետք էր խոսել։

Ես հիշում եմ, որ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ գնաց ու Եվրոպական խորհրդում ելույթ ունեցավ, դեռ չբարևած՝ վեր կացավ, աչքները մտցրեց Սարսանգի վերաբերյալ նրանց որոշումը, որը նպաստել էր ապրիլյան պատերազմին։ Նա կոչ արեց նման բաներից զերծ մնալ։ Այսպես է պետք խոսել, ոչ թե նստել բացատրել կամ արդարանալ։

- Կարո՞ղ ենք արձանագրել, որ մեր դիվանագիտությունը թույլ է Արցախի հիմնախնդրի հարցում։ Նախկինում անընդհատ մեղադրանքներ կային, որ դիվանագիտական ճակատում Հայաստանը զիջում է, նույնը շարունակվո՞ւմ է։

- Նույն ոճն է, ոչ մի տարբերություն։ Այդ նույն ոճն է, որն սկսած 1991 թվականից շարունակվում է՝ իրար փոխարինող կուչ եկած դիվանագետներ՝ սեփական մեղքն ու սեփական սխալ լինելն ընդունած։ Թվում է, թե աշխարհի առաջ արդարանում են, փոխանակ կարգի հրավիրեն այն մարդկանց, ովքեր քթները խոթում են մեր գործերի մեջ՝ նպաստելով ագրեսիային։ Ոչ մի բան չի փոխվել այսօր։

- Հարցազրույցի շրջանակներում այդ հարցերը հատո՞ւկ էին ուղղված Հայաստանի իշխանություններին։

- Իհարկե հատուկ էին ուղղված։ Մարդը սկզբում պարզ ու հստակ ասում է՝ դա այդպես է, հետո հարցնում է՝ ընդունո՞ւմ եք, թե՞ չէ։ Դու ո՞նց ես ձեր տանը նստած որոշել, որ դա այդպես է։ Հենց այս հարցերն էր պետք տալ այդ հաղորդավարին։ Գործից չհասկանալով՝ անտեղյալ մտել եք մեջտեղ ու հայտարարություններ եք անում։

- Հատկապես շահարկվում է հարցազրույցի այն հատվածը, որ Զոհրաբ Մնացականյանը չի շեշտել, որ Արցախը հայկական տարածք է։

- Եթե մարդիկ ներքուստ ազատ չեն, խորը համոզված չեն իրենց ճշմարտության մեջ, կյանքում ոչ մի տեղ ոչ մի ճիշտ բան չեն անի։ Սա է մեր դիվանագիտական դպրոցը եղել 28 տարի։ Այդ մարդկանց պետք է կամաց-կամաց հեռացնել, նրանց փոխարեն գան մարդիկ, ովքեր իրավունքի զգացում ունեն, ազատ են։ Պետք է գան սեփական ճշմարտության մեջ համոզված մարդիկ, ովքեր կկարողանան այդ դիվանագիտական հմտությունները ճիշտ օգտագործել։ Հիմա մարդուն ո՞նց փոխես, չես կարող նրան մեղադրել, որ փորձառու դիվանագետ չէ, գրագետ չէ։ Այդ հմտություններն այդ մարդն ունի, բայց դա շատ քիչ է։ Ամեն ինչ կախված է խորքային դրվածքից, և մենք անընդհատ դրա պատճառով տուժում ենք։

- Այս փուլում Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում որևէ տեղաշաժ նկատվո՞ւմ է։

- Ի՞նչ առաջընթաց պետք է լինի, եթե պարզ ու հստակ հարցադրումները դրված չեն։ Նախարարը կրկնել է Փաշինյանի խոսքը, որ նման բանաձև է Հայաստանը մեջտեղ բերել, որ ադրբեջանական կողմը պետք է հաստատի, որ լուծումը պետք է երեք կողմերին էլ ձեռնտու ու շահավետ լինի։ Ադրբեջանը չի անում դա, ինչի՞ մասին է խոսքը։ Խոսելու բան չկա, եթե աշխարհն այդպիսի հումանիստական մոտեցումներ ունի, թող գնա Ադրբեջանին համոզի, թե՝ ինչո՞ւ չեք պատասխանում այս հարցին։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am