Որոշումներ փոխողը․ երբ է Սերժ Սարգսյանը հետ կանգնել իր որոշումներից. Fip.am

31-10-2019
Որոշումներ փոխողը․ երբ է Սերժ Սարգսյանը հետ կանգնել իր որոշումներից. Fip.am

Երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 30-ին ՀՀԿ գրասենյակում հայտարարել է, որ ինքը երբեք չի փոխել իր ընդունած որոշումը։

Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մասնակցել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 4-րդ հոսքի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման արարողությանը։ Այնուհետև պատասխանել է շրջանավարտներից մեկի հարցին՝ թե արդյո՞ք չի վախենում, որ «ձերբակալությունների շղթան նաև իրեն կհասնի»։

«Իմ կարծիքով՝ վախկոտ են համարվում այն մարդիկ, ովքեր ինչ-որ ազդեցությունների հետևանքով հաճախ փոխում են իրենց որոշումները։ Ես որոշում փոխող չեմ և երբեք չեմ փոխել իմ որոշումը»,- հայտարարել է Սարգսյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» վերհիշել է, թե երբ է երրորդ նախագահը փոխել իր որոշումները։

ԵՄ-ից ցատկ ԵԱՏՄ

Հայաստանը բանակցում էր Եվրոպական միության հետ Ասոցացման և Ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման շուրջ։ Մոտ 4 տարվա բանակցություններից հետո փաստաթուղթը պատրաստ էր նախաստորագրման՝ 2013 թ. նոյեմբերի 29-ին։

Նախագահից վարչապետ

 2013 թ․ Սերժ Սարգսյանը հայտարարեց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին։ Քննադատները պնդում էին, որ Սարգսյանը Սահմանադրությունը փոխում է և երկիրը տանում խորհրդարանական կառավարման, որպեսզի իր նախագահության երկրորդ ժամկետից հետո պահի իշխանությունը։

2014-ի ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»։

Սակայն 2015 թվականին սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո Սերժ Սարգսյանը տարբեր հարցազրույցներում չէր բացառում վարչապետի պաշտոնում իր առաջադրումը։ Ի վերջո, 2018 թ.ապրիլին, երբ լրացավ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, ՀՀԿ-ն հայտարարեց, որ  որոշել են վարչապետի պաշտոնում ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Ապրիլի 14-ին, երբ ամբողջ Հայաստանում ընթանում էին ցույցեր՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, Ծաղկաձորում տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում Հանրապետականը պաշտոնապես առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Ապրիլի 17-ին Սարգսյանը Ազգային ժողովում ընտրվեց վարչապետ՝ փաստացի հետ կանգնելով չորս տարի առաջ կայացրած որոշումից։

 7 տոկոս տնտեսական աճ

Դեռևս 2013 թ. մարտին Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով չապահովի 7% տնտեսական աճ, պետք է հրաժարական տա:

Սարգսյանի այս հայտարարությունից հետո թե՛ Տիգրան Սարգսյանի և թե՛ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները այդպես էլ չկարողացան ապահովել նախագահի նախանշած տնտեսական աճը։ 2013 թ.-ին հաջորդող տարիներին տնտեսական աճի տեմպերը տատանվել են ընդամենը 0․5-4%-ի սահմանում։

Եվ Սարգսյանը հետ կանգնեց այս որոշումից ևս, քանի կառավարություններից որևէ մեկը հրաժարական չտվեց՝ նախանշված տնտեսական աճը չապահովելու հետևանքով։

www.Fip.am