«Տարբեր պետություններ հայ ժողովրդի ողբերգությունն օգտագործում են իրենց նպատակների համար»․ Թուրքագետ

31-10-2019
«Տարբեր պետություններ հայ ժողովրդի ողբերգությունն օգտագործում են իրենց նպատակների համար»․ Թուրքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը

- Պարո՛ն Մելքոնյան, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն այս փուլում ի՞նչ է նշանակում, ի՞նչ գործոնների հետ է այն կապված։

- Հայոց ցեղասպանության խնդիրը, ինչպես հայտնի է, տևական ժամանակ է՝ գտնվում է մեծ քաղաքականության զինանոցում։ Եվ տարբեր պետություններ, ըստ իրենց քաղաքական առաջնահերթությունների, ցավոք սրտի, հայ ժողովրդի ողբերգությունն օգտագործում են իրենց նպատակների համար։

Եվ ամեն անգամ Հայոց ցեղասպանության հարցի ակտիվացումն անպայման ունենում է քաղաքական ենթատեքստ։ Այս պարագայում նույնպես, ես կարծում եմ, խոսել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ցեղասպանության դատապարտման բանաձևի ընդունման մասին ու դա չդիտարկել սիրիական կոնֆլիկտի շրջանակում թուրք-ամերիկյան հարաբերությունների սրման համատեքստում, այնքան էլ ճիշտ չէ։

Ես ենթադրում եմ, որ սա նաև ամերիկյան քաղաքական զինանոցի այն տարրերից է, որը Թուրքիայի համար ունի զգայուն նշանակություն, քանի որ մի պետություն, որը հարյուր տարուց ավելի ժխտում է իր իսկ գործած հանցանքը և այդ ժխտողականությունը դարձրել է իր ամենակարևոր քաղաքական բաղադրիչներից մեկը, բնական է, պետք է սուր ընկալի և խոցելի լինի այդ փաստի ճանաչման նկատմամբ, այն էլ աշխարհի հզոր պետություններից մեկի կողմից։

Այնպես որ, կարծում եմ, ավելի շատ ոչ թե հումանիստական ու հայասիրական շարժառիթ ունի սա, այլ քաղաքական։ Բայց, միևնույն ժամանակ, պետք է նաև ողջունել այն սենատորներին, կոնգրեսականներին, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնել են այս խնդիրը։ Սա ամենևին չի նշանակում, որ նրանց քայլերի կարևորությունը մենք ստվերում ենք։ Բայց նաև պետք է հասկանալ, որ սա մեծ քաղաքականության մաս է։

- Հայաստանի համար սա ի՞նչ նշանակություն կարող է ունենալ։

- Կարող եմ ասել, որ այստեղ ավելի շատ քարոզչական բաղադրիչ կա։ Ես ենթադրում եմ, որ Հայոց ցեղասպանության փաստի ակտիվացումը միջազգային մամուլում, միջազգային քաղաքական օրակարգում կարող է մեր տեսակետները, պաշտոնական ու պետական թեզերը, որոնք հիմնված են պատմական փաստերի վրա, ավելի հասանելի դարձնել աշխարհում։ Եվ, միաժամանակ, քարոզչական որոշակի մեթոդներով այդ խնդրին մեզ համար ցանկալի ընթացք կարող ենք տալ։ Այս պարագայում մեր ողբերգությունը դառնում է ԱՄՆ-ի և Թուրքիայի փոխհրաձգության առարկա, բայց թե Հայաստանն ու հայությունը դրանից ի՛նչ շահ ունեն, անկեղծ ասած, մնում է անհասկանալի։

- Մինչև ո՞ւր կարող է հասնել գործընթացը։ Ընթացակարգն այն է, որ Ներկայացուցիչների պալատի հաստատումից հետո նաև Սենատը պետք է հաստատի, այնուհետև բանաձևը պետք է ստորագրվի նաև ԱՄՆ նախագահի կողմից։ Այսինքն՝ ԱՄՆ-ն մինչև վերջ կգնա՞, թե՞ միայն Ներկայացուցիչների պալատի քվեարկությամբ կսահմանափակվի։

- Հաջորդ քայլով ենթադրվում է, որ Սենատը պետք է վավերացնի, այնուհետև նախագահը պետք է ստորագրի այն։ Եվ պետք է հասկանալ, թե այն իրավական ի՛նչ կարգավիճակ է ձեռք բերում և արդյո՞ք ունի իրավական ապագա, թե՞ ոչ։ Եթե հարցը այսքանով դադարեցվի, ապա կարող ենք ասել, որ սա այս պահին թուրք-ամերիկյան հարաբերությունների համատեքստում ԱՄՆ-ի կողմից Թուրքիային հասցված հարված էր։ Բայց եթե շարունակվի, ապա հաջորդ փուլերում, կարծում եմ, սա ավելի լուրջ խնդիր կարող է առաջացնել թուրք-ամերիկյան հարաբերություններում։

Եվ այս պահին, ճիշտն ասած, այնքան էլ լավատես չեմ, որ կշարունակվի, որովհետև, ինչպես ասացի, խնդիրն ունի քաղաքական ենթատեքստ։ Շարունակել ասելով՝ նկատի ունեմ Սենատի կողմից վավերացում և Թրամփի կողմից հաստատում։ Այդ պարագայում նաև պետք է հասկանալ, թե դա ինչ է ենթադրելու։

Այսինքն՝ ենթադրելու է, որ ցեղասպանության ժխտումն ԱՄՆ-ում դատապարտելի՞ է դառնում, ապրիլի 24-ը դառնում է հիշատակի՞ օր և այլն։ Այսինքն՝ պետք է հասկանալ, թե օրենքի տեսքով դա ի՛նչ ձևակերպում է ունենալու։ Բայց գիտենք, որ նախադեպեր եղել են՝ դարձյալ Կոնգրեսում ընդունվելու հետ կապված, բայց շարունակություն չի եղել։ Դրա համար չեմ ուզում, որ մենք ավելորդ ոգևորությամբ լցվենք, որպեսզի հիասթափությունը մեծ չլինի։

- Թուրք-ամերիկյան հարաբերություններն առաջիկայում ի՞նչ միտում կարող են դրսևորել։

- Որպեսզի թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագան ավելի հասկանալի լինի, պետք է դա դիտարկել նրանց հարաբերությունների, շփման ոճի համատեքստում, որովհետև փոփոխություն է տեղի ունենում։ Նախկինում Թուրքիան ԱՄՆ-ի կրտսեր գործընկերն էր, հիմա իր կարգավիճակն ու իմիջը լիովին փոխում է՝ դառնալով ավելի ինքնուրույն խաղացող։ Եվ բնական է, որ դա պետք է որոշակի լարում առաջացնի հարաբերություններում։ Ես կարծում եմ, որ մոտ ապագայում այս լարումը, փոխադարձ չընկալումները, փոխհրաձգությունները շարունակվելու են, որովհետև փոխվում են նրանց հարաբերությունների խաղի կանոնները։

- Ես նաև նկատի ունեմ այն, թե այս բանաձևի ընդունման համատեքստում ի՞նչ զարգացումներ կլինեն երկու երկրների հարաբերություններում։

- Ես կարծում եմ, որ բանաձևի հետագա ընթացքը ԱՄՆ-ն կպահի իր քաղաքական զինանոցում՝ ըստ նպատակահարմարության կիրառելու համար։ 

- Իսկ կարո՞ղ է լինել այնպիսի զարգացում, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այս քայլից հետո այլ երկրներում ակտիվանա Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը, կամ նոր երկրներ ճանաչեն ցեղասպանությունը։

- Ով պետք է ճանաչեր՝ մեծ մասն արդեն ճանաչել է։ Ինձ հետաքրքիր է Մեծ Բրիտանիայի արձագանքը՝ որպես ամերիկյան գործընկերոջ։ Մեծ պետություններից միակը, որը պասիվ է այս հարցում, Մեծ Բրիտանիան է։ Ես կարծում եմ, որ կարելի է հետևել, թե համապատասխան երկրների մամուլն ինչպես է արձագանքում, դրանից կարելի է ենթադրել, թե քաղաքական շրջանակների մոտեցումներն որոնք են։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am