«Հայ եկեղեցու պատմություն»․ արշավ Հայ առաքելական եկեղեցու դե՞մ, թե՞ քայլ դեպի արդյունավետ կրթություն

04-11-2019
«Հայ եկեղեցու պատմություն»․ արշավ Հայ առաքելական եկեղեցու դե՞մ, թե՞ քայլ դեպի արդյունավետ կրթություն

Դպրոցական դասացանկում ներառված «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի խնդիրը պետք է լուծվի, բայց սա չպետք է դիտարկվի որպես արշավ Հայ առաքելական եկեղեցու դեմ, քանի որ նման արշավ չկա։ «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասաց պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանը՝ անդրադառնալով վերջին օրերի քննարկումներին։ Փաշոյանը, ով դպրոցում նախկինում նաև «Հայ եկեղեցու պատմություն» է դասավանդել, ասում է, որ երեխաներն առանձնապես հետաքրքրված չեն այդ առարկայով։

«Առարկան միանշանակ պետք է հանվի դպրոցից, բայց որպեսզի միանգամից կտրուկ քայլ չարվի, կարելի է ժամանակավոր կոմպրոմիսային լուծում գտնել, դարձնել կամավոր։ Պետք է այնպես անել, որ կրքերը չթեժանան, որովհետև հասկանալի է, թե ինչ անիմաստ, չհիմնավորված աղմուկ են բարձրացնում»,- «Մեդիալաբին» ասում է Կարպիս Փաշոյանը։

Նրա խոսքով՝ կան կարծիքներ, որ առարկան դասացանկից հանելով՝ հարված է հասցվում եկեղեցուն։ 

«Բայց ըստ էության եկեղեցու դեմ հարված չկա, ուղղակի խնդիր է դրված ստեղծել որակյալ ու, ամենակարևորը, արդյունավետ հանրակրթություն, իսկ այդ առարկան չի տեղավորվում արդյունավետ հանրակրթական համակարգի տրամաբանության մեջ, որովհետև իսկապես ավելորդ է ու մի շարք առարկաների կրկնություն է հանդիսանում»,- ասում է Փաշոյանը։

Հիշեցնենք, որ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանն օրերս «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում ասել էր, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում չի լինի, այն կմատուցվի ինտեգրված կամ այլ բովանդակությամբ։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը փոխնախարարի հայտարարությունից հետո պարզաբանեց, որ մշակվում են չափորոշիչներ, առարկաների ցանկեր, և յուրաքանչյուր առարկայի առանձին գոյության արդյունավետության հարցը քննարկվում է։ 

«Չափորոշիչներն ու առարկացանկերը մշակող հանձնաժողովն աշխատում է, երբ աշխատանքն ավարտեն, մենք կքննարկենք ու որոշում կկայացնենք»,- ասել էր նախարարը։

Նրա խոսքով՝ իրենք պարբերաբար հանդիպումներ են ունենում և՛ կաթողիկոսի, և՛ եկեղեցու ներկայացուցիչների հետ, առարկայի հարցը քննարկում են: 

«Երբ որ առարկայացանկերի առաջարկներ կլինեն, մենք ևս մեկ անգամ նրանց հետ կքննարկենք: Եվ խնդրում եմ՝ սրանից սենսացիաներ չանեք»,- նշել էր Արայիկ Հարությունյանը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Tert.am-ի հետ զրույցում անընդունելի էր որակել այս դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղյակ չէ ԿԳՄՍ նախարարության նման մտադրությունների ու ծրագրերի մասին, այս մտադրությունը որևէ հարթակում չի քննարկվել Մայր Աթոռի հետ: 

«Սա անընդունելի է, ոչ կառուցողական մոտեցում: Կոչ ենք անում վերանայել այս քաղաքականությունը»,- ասել էր Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։ 

Ըստ նրա, «Ինչ վերաբերում է առարկայի առնչությամբ իբրև թե արտահայտված բողոքներին և դրանց ունկնդիր լինելուն, ապա դա կեղծ օրակարգ է, քանզի հարց է առաջանում, թե որ կառույցը պետք է ունկնդիր լինի Հայոց Եկեղեցու բազմամիլիոն հետևորդների պահանջներին, ակնկալություններին և պաշտպանել այս իմաստով նրանց իրավունքը»:

Կարպիս Փաշոյանը, սակայն, ասում է, որ առարկայի դասավանդումն ակնհայտ քարոզչական բնույթ ունի։ 

«Ամբողջությամբ պրոպագանդվում է Հայ առաքելական եկեղեցու դավանաբանությունը, ծեսը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության՝ խղճի և դավանանքի համապատասխան հոդվածին, քանի որ ոտնահարվում է այլ դավանանք ունեցող երեխաների իրավունքը։ Նաև դա պատճառ է դառնում կոնֆլիկտային իրավիճակների, այսինքն՝ ուրիշ դավանանք ունեցող մարդիկ կարող են իրենց ճնշված զգալ»,- «Մեդիալաբին» ասում է Փաշոյանը։

Նրա խոսքով՝ խնդիրը շատ հեշտ կարելի է լուծել՝ ինտեգրված դասավանդելով։ Հայոց պատմությունը, ըստ Փաշոյանի, հնարավոր չէ պատկերացնել առանց եկեղեցու պատմության։ «Կարելի է հետաքրքիր առարկա ստեղծել ու ներդնել՝ կրոնների պատմություն, որտեղ բոլոր կրոններն ու փիլիսոփայական ուսմունքները կդասավանդվեն։ Բայց դա հիմա հնարավոր չէ անել, որովհետև մենք մասնագետներ չունենք»,- ասաց նա։

Ըստ Կարպիս Փաշոյանի՝ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման խնդիրը նաև հենց այն է, որ մասնագետներ չունենք։ Առարկան դասավանդում են հայոց լեզվի կամ պատմության մասնագետները։ «Բայց պատմաբանն ու լեզվի ուսուցիչը չեն կարող դասավանդել կրոնագիտական առարկա, որովհետև դա առանձին գիտություն է, առանձին մեթոդաբանություն ունի, որին պատմաբաններն ու լեզվաբանները չեն կարող տիրապետել։ Իսկ երբ բնույթը քարոզչական է լինում, ոչ մասնագետը չի կարող կրոնական տեսանկյունից հավասարակշռություն ստեղծել։ Իր կամքից անկախ հենց ինքն է մոլորվելու ու մոլորեցնելու երեխաներին»,- ասում է Փաշոյանը։

Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը նույնպես ասում է, որ առարկայի դասավանդման մասնագետների հարցը լուծված չէ, դա մեծագույն խնդիր է, որը մտահոգում է նաև եկեղեցուն։ 

«Դրա համար էլ մենք պարբերաբար դասընթացներ ենք կազմակերպում, որ այդ առարկայի ուսուցիչները վերապատրաստվեն։ Եկեղեցին ունի իր դաստիարակության կենտրոնը և նախարարության հետ համատեղ այդ ամենը կազմակերպում է»,- «Մեդիալաբին» ասում է Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։

Անդրադառնալով հարցին, որ առարկայի դասավանդումը քարոզչական բնույթ ունի, նա ասում է՝ այդ խոսակցություններին չպետք է լուրջ վերաբերվել։

«Բոլոր ժամանակներում էլ այդ անձերն ու կառույցները եղել են, որ տարբեր որակումներ են տվել։ Դա իրենց կարծիքն է, մենք այդպես չենք կարծում։ Առարկան զուտ ուսուցողական բնույթ ունի։ Հայ մարդը պետք է ճանաչի իր ազգային եկեղեցին»,- «Մեդիալաբին» ասում է Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։

Նրա խոսքով՝ եթե պետք է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ինտեգրվի այլ առարկայի, ապա մեթոդաբանական ձեռնարկներ ու քննարկումներ են պետք, որ հասկանալի լինի, թե ինչպես պետք է ինտեգրվի։

«Ժամանակին, երբ առարկան ներդրվում էր դպրոցում, մարդիկ ուսումնասիրել են, համեմատություններ են արել։ Եվ ըստ այդմ առարկայի համար ծրագիր են կազմել՝ որպես ինքուրույն առարկայի։ Եթե ինտեգրվելու հարց լիներ, ի սկզբանե ինտեգրված կլիներ, ներառված կլիներ այս կամ այն ծրագրի մեջ»,- նշում է Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am