Նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը չեն փոփոխվել. որոշ պաշտոնյաների եկամուտները կրճատվել են. Fip.am

06-11-2019
Նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը չեն փոփոխվել. որոշ պաշտոնյաների եկամուտները կրճատվել են. Fip.am

Նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը մնացել են նույնը, իսկ այդ պաշտոնյաների եկամուտների ավելացումը պայմանավորված է պարգևատրումներով և պարգևատրումների համար սահմանված շեմերով։ Դրանով հանդերձ՝ որոշ պաշտոնյաների եկամուտներ էականորեն նվազել են։ «Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է նախարարների և փոխնախարարների վարձատրության հետ կապված թնջուկը և փորձել հասկանալ, թե ինչ սկզբունքով են գոյանում նրանց եկամուտները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերի բարձրացումը բուռն հնչեղություն ստացավ։

 

Քննադատություններին ու հարցադրումներին, թե ինչո՞ւ է ժողովրդի իշխանությունը նախարարների և փոխնախարարների վարձատրությունը գաղտնի որոշմամբ բարձրացրել և ինչո՞ւ է շրջանցել «ՀՀ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը և ընդունված գործակիցը, արձագանքեց նախ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ապա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ առանց խորհրդարանի համաձայնության, կառավարությունը կամ որևէ այլ մարմին իրավասու չէ փոփոխել պաշտոնյաների աշխատավարձերի գործակիցը:

Վլադիմիր Կարապետյանը նշել էր, թե «պարգևավճարային աղմուկից» հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել կանոնակարգել պարգևատրումային համակարգը, և սահմանվել է պարգևատրումների հիմնադրամ՝ տվյալ գերատեսչության աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով, ինչպես նաև սահմանվել են նախարարների, մարզպետների, գերատեսչությունների ղեկավարների ամսական պարգևատրումների չափեր, համաձայն որոնց՝ նախարարի ամսական աշխատավարձ+պարգևավճարը կազմում է 1.5 միլիոն դրամ, փոխնախարարներինը՝ 1 միլիոն դրամ, իսկ մարզպետներինը՝ 900 հազար դրամ: 

Փաշինյանը նաև տեղեկացրել էր, որ ոչ բոլոր նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերն են բարձրացել, և կան նաև նվազումներ։

Վարչապետի այս պարզաբանումից հետո շարունակվեցին հարցադրումներ հնչել, թե արդյո՞ք գործընթացը եղել է օրենքի շրջանակում, թե՞ ոչ։ «Փաստերի ստուգման հարթակը» փորձել է հասկանալ, թե ինչ ընթացակարգով է իրականացվել աշխատավարձերի բարձրացումը և որ նախարարների աշխատավարձերն են նվազել։ 

Ի՞նչ է սահմանում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանվում է պետական, քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման կարգը՝ ըստ բազային աշխատավարձերի և պաշտոնների համար սահմանված համապատասխան գործակիցների արտադրյալի: Պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով. այս պահին այն կազմում է 66 հազար 140 դրամ: Նշված օրենքով` նախարարի համար աշխատավարձի գործակիցը սահմանված է 12, նախարարի առաջին տեղակալի համար՝ 10, և նախարարի տեղակալի համար՝ 8.5:

Նույն օրենքով սահմանում է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը կամ պարգևավճարը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը։

Միաժամանակ, օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետն ասում է. «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրումը կարող է իրականացվել ՀՀ պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից: Տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից յուրաքանչյուրից պարգևատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել տվյալ մարմնի աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը»: Ուստի կառավարությունը, առաջնորդվելով այս որոշմամբ, աշխատավարձերի գործակիցները փոփոխության չենթարկելով, ընդհանուր 30 տոկոսի ֆոնդից վերին շեմ է սահմանել յուրաքանչյուր պաշտոնի համար:  

Կառավարության պարզաբանումը. «ՀՀ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը չի շրջանցվել

Ըստ կառավարության՝ «Փաստերի ստուգման հարթակին» տված պարզաբանման՝ նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունեցել, հակառակ դեպքում ՀՀ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում կկատարվեին համապատասխան փոփոխություններ, և նշված պաշտոնատար անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները կփոխվեին:

Ըստ կառավարության պարզաբանման, վարձատրության նման ցուցանիշ գրանցվել է այն պատճառով, որ վերը նշված պաշտոնատար անձինք կամ հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրվել են, այն է՝ աշխատավարձից բացի, ստացել են նաև պարգևավճար: 

Ի դեպ, ըստ պարզաբանման՝ քննարկվող «գաղտնի» որոշմամբ վարչապետի աշխատավարձը փոփոխության չի ենթարկվել, սակայն փոխվարչապետի համար նախատեսվել է պարգևատրում՝ այն չափով, որ ամսական զուտ եկամուտը կազմի 1.500.000 դրամ:

Ո՞ր նախարարների աշխատավարձերն են նվազել

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, որ որոշ նախարարների աշխատավարձեր նվազել են, ապա կառավարությունից հայտնում են, որ ի համեմատ 2018 թվականի՝ 2019-ին իջեցվել են ֆինանսների նախարարի և նրա տեղակալների, ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի, պետական եկամուտների կոմիտեի նախագահի, վերջինիս տեղակալների և գլխավոր քարտուղարի աշխատավարձերը:

Կառավարության պարզաբանման մեջ նշվում է, որ եթե 2018-ին ֆինանսների նախարարի զուտ եկամուտը կազմել է 1,875,323 դրամ, ապա 2019 թ. ապրիլ ամսից նրա զուտ եկամուտը 375,000-ով նվազել է՝ կազմելով 1,500,000 դրամ։ Նախարարի 1-ին տեղակալի զուտ եկամուտը նախորդ տարի կազմել է 1.828,227 դրամ, իսկ այս տարի նվազել է 578,000 դրամով: Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի զուտ եկամուտը 1,555,511 դրամից այս տարվա ապրիլից դարձել է 867,000 դրամ»։

Ըստ կառավարության՝ պարգևավճարների հստակ չափաքանակ հատկացնելու հետևանքով նվազել է նաև ՊԵԿ նախագահի զուտ եկամուտը: Եթե 2018 թ. նոյեմբերին այն կազմել է 2,360,856 դրամ, իսկ դեկտեմբեր ամսին 3,469,236 դրամ, ապա 2019 թ. ապրիլ ամսից նրա զուտ եկամուտը կտրուկ կրճատվել է՝ դառնալով 1,500,000 դրամ: Նվազել են նաև կոմիտեի նախագահի առաջին տեղակալի զուտ եկամուտները. եթե նոյեմբերին նա ունեցել է 2,083,787 դրամ եկամուտ, իսկ դեկտեմբերին՝ 4,240,838 դրամ, ապա այս տարվա ապրիլից նրա զուտ եկամուտը կազմել է 1,250,000 դրամ: Նույնը տեղի է ունեցել ՊԵԿ նախագահի տեղակալների և գլխավոր քարտուղարի զուտ եկամուտների դեպքում:

Թեև կառավարությունն այդպես էլ հստակ չի գաղտնազերծում, թե պարգևատրման ի՞նչ շեմ է սահմանվել, սակայն հստակ է, որ ինչպես նախարարների, այնպես էլ ՊԵԿ նախագահի և նաև փոխվարչապետի համար ամսական զուտ եկամուտը չպետք է գերազանցի 1,5 մլն դրամը:

Կառավարությունը պարգևավճարների նման փոփոխություն անելու իրավական հիմքերը ստացել է ԱԺ-ում արդեն նախորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ հաստատված պարգևատրման ֆոնդի ձևավորմամբ և ըստ այդմ էլ պարգևատրման ֆոնդում կամայական հատկացումները փոխարինել է՝ կոնկրետ չափաբաժին սահմանելով, թե որ պաշտոնյան ինչքան կարող է  ստանալ:

Այսինքն՝ եթե օրենքով սահմանված գործակցով նախարարը ստանում էր 800,000 դրամ բուն աշխատավարձ, ապա նրա զուտ եկամուտը շատ ավելին է կազմում, որը բաղկացած է օրենքով սահմանված աշխատավարձից և պարգևավճարից: Իսկ որպեսզի պարգևավճարը կամայական չլինի, կառավարությունը, աշխատավարձի օրենքի սահմանված գործակցին ձեռք չտալով, պարգևատրման գումարի համար շեմ է սահմանել:  

Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ նախարարների բուն աշխատավարձերը չեն կրկնապատկվել, մնացել են անփոփոխ: Միաժամանակ, պետք է նշել, որ եթե պարգևավճարների ֆոնդից բաշխման այս մեխանիզմով որոշ պաշտոնյանների զուտ եկամուտը կրկնապատկվել է, ապա կան պաշտոնյաններ, որոնց համախառն եկամուտը նույնիսկ նվազել է, ինչպես ՊԵԿ-ի, նրա տեղակալների, ֆինանսների նախարարի, գլխավոր քարտուղարների և այլնի դեպքում է: Իսկ բուն աշխատավարձերը մնացել են այնքան, որքան օրենքով է սահմանված:

www.Fip.am