Բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն մանկատան 300 շրջանավարտների

07-11-2019
Բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն մանկատան 300 շրջանավարտների

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի մանկատան 300 շրջանավարտների։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի մանկատան շուրջ 300 շրջանավարտների, որոնց նկատմամբ պետությունն ունեցել է նման պարտավորություն՝ սկսած 2003 թ.-ից: Այս մասին նախագիծն այսօր հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:

Բանն այն է, որ վերջին 16 տարիներին  պետությունը չի կատարել կամ թերի է կատարել մանկատան  շրջանավարտներին բնակարանով ապահովելու իր պարտականությունները: Պետության և հասարակական կազմակերպությունների կողմից մանկատների շրջանավարտներին ցուցաբերվող ուշադրությունը կրել է դրվագային բնույթ և համակարգված չի եղել: 

Մանկատան շրջանավարտներին բնակարաններ, հիմնականում, հատկացվել են սոցիալական  բնակարանային ֆոնդից՝ դրանց առկայության պարագայում, սակայն մանկատան շրջանավարտները, հիմնականում, հրաժարվել են բնակվել այդ  բնակարաններում, շատերն էլ փորձում են քողարկել այնտեղ բնակության փաստը: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծի համաձայն՝  իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով ՀՀ մանկատների 300 շրջանավարտների համար կստեղծվեն առավել բարենպաստ բնակարանային պայմաններ, կտրամադրվի հոգեբանական աջակցություն, որի համար, ըստ նախնական հաշվարկների, անհրաժեշտ է 1,900,000.0 հազար դրամ։

Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության տարածքում 6.3 մլն դրամը չգերազանցող բնակարանների ձեռքբերման համար: Սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն ՀՀ դրամը գերազանցող արժեքով բնակարաններ: 

Բացի այդ, որոշման համաձայն՝ ծրագրի շահառուները առաջնահերթության կարգով կընդգրկվեն զբաղվածության պետական ծրագրերում, քանի որ մանկատան շրջանավարտներն աշխատաշուկայում առավել խոցելի են համարվում, քանի որ, հիմնականում, չունեն համապատասխան կրթություն և հմտություններ:  Այս խմբի համար առավել նպատակահարմար է իրականացնել զբաղվածության ապահովման այնպիսի ծրագրեր, որոնց արդյունքում շահառուները համապատասխան գիտելիքներ և հմտություններ ստանալու ճանապարհով կտեղավորվեն աշխատանքի կամ հնարավորություն կստանան ինքնուրույնաբար ապահովել իրենք զբաղվածությունը»: