Արևմտյան համալսարանների փորձը. արդյո՞ք լեզուն և պատմությունը պարտադիր են առաջատար բուհերում. Fip.am

07-11-2019
Արևմտյան համալսարանների փորձը. արդյո՞ք լեզուն և պատմությունը պարտադիր են առաջատար բուհերում. Fip.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 4-ին «Զրույց քաղաքացու հետ. հայ ժողովրդի միասնական պատմության մասին» ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, անդրադառնալով բուհերում հայոց լեզվի, գրականության և պատմության առարկաների դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու նախագծին, հարց հնչեցրեց, թե արդյո՞ք աշխարհի առաջատար համալսարաններում, ինչպիսիք են Հարվարդը, Քեմբրիջը և Սորբոնը, դասավանդվում են պետական լեզուն և իրենց պատմությունը։

«Արդյո՞ք Սորբոնի համալսարանում ֆրանսերենը և Ֆրանսիայի պատմությունը պարտադիր առարկաներ են, և բոլորը պարտավոր են սովորել՝ անկախ նրանից, թե ինչ առարկա են անցնում»,- ասաց Փաշինյանը և շեշտեց, որ չի ճշտել այդ տեղեկատվությունը, այլ պարզապես հռետորական հարց է բարձրացնում։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց գնալ Փաշինյանի «հռետորական հարցի» հետքերով և հասկանալ, թե ինչ կրթական համակարգ է գործում այդ հաստատություններում։

Քեմբրիջի համալսարան

Այսպես, Անգլիայում գործող Քեմբրիջի համալսարանը կոլեգիալ համալսարան է։ Այստեղ գործում է 31 քոլեջ և 6 դպրոց։ Դպրոցները, ըստ էության, համալսարաններ են. դրանք բաղկացած են ֆակուլտետներից և բաժիններից։  

Համալսարանի կայքը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Քեմբրիջի քոլեջներ ընդունվելիս անհրաժեշտ է, որ ուսանողներն ունենան որոշ առարկաների տիրապետելու վերաբերյալ վկայականներ։ Դրանք հիմնականում A մակարդակի հետևյալ առարկաներն են՝ օտար լեզու, պատմություն, քիմիա, մաթեմատիկա և ֆիզիկա։ 

Իսկ արդեն քոլեջներում ուսանողներն ընտրում են այն առարկաները, որոնց ցանկանում են սովորել։ Օրինակ՝ եթե դիմողը ցանկանում է սովորել արվեստի և հասարակագիտության բաժինը, նա կարող է որպես հիմնական առարկաներ ընտրել անգլիական գրականություն, պատմություն, լեզուներ և մաթեմատիկա։ 

Համալսարանների դեպքում ուսանողները շուրջ 300 դասընթացներից ընտրում են, թե որն են ցանկանում ուսանել։ Փաստացի, Քեմբրիջում չկան պարտադիր առարկաներ։ 

Հարվարդի համալսարան

ԱՄՆ-ում գործող Հարվարդի համալսարանում նույնպես պարտադիր առարկաներ չկան։  

Այստեղ կրթությունն իրականացվում է երկու եղանակով՝ քոլեջների և մասնագիտական դպրոցների միջոցով։ Քոլեջներում իրականացվում է 4-ամյա կրթություն, իսկ բակալավրի դիպլոմ ունեցող ուսանողները կարող են ուսանել մասնագիտական դպրոցներում։

Հարվարդ ընդունվելիս առաջին շաբաթվա ընթացքում ուսանողն ազատ է գրանցվելու այն դասընթացներին, որոնք ցանկանում է։ Չնայած մեկ միասնական ակադեմիական ուղղություն Հարվարդը չի պարտադրում իր ուսանողներին, սակայն դիմորդները Հարվարդ ընդունվելու համար ավագ դպրոցում պարտադիր պետք է անցած լինեն անգլերեն, մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա՝ չորս տարի, երեք տարի պատմություն (Ամերիկյան և Եվրոպական)՝ խորացված մակարդակով, ինչպես նաև որևէ օտար լեզու չորս տարի։ Փաստացի, Հարվարդում էլ պահանջվում է նշյալ առարկաների գերազանց տիրապետումը մինչև ընդունվելը։ 

Սորբոնի համալսարան

Վարչապետի մատնանշած երրորդ համալսարանը Սորբոնի համալսարանն է, որը Ֆրանսիայի խոշորագույն ուսումնական կենտրոնն է։ Այն կազմված է 13 տարբեր համալսարաններից, որոնք թեև առանձին են, սակայն օրգանապես կապված են միմյանց հետ։ Սորբոնն առաջարկում է դասընթացներ արվեստի, լեզուների, դասական լեզուների, ֆրանսերենի, մարդկային գիտությունների և հաղորդակցության ոլորտներում։ Համալսարանի կայքում առկա չէ պարտադիր առարկաների ցանկ։ Ուսումնասիրելով մի քանի ֆակուլտետների դասընթացների ցանկը՝ պարզ է դառնում, որ դասավանդվում են մասնագիտական առարկաներ։ Օրինակ՝ Գիտության և ճարտարապետության ֆակուլտետում բակալավրիատի առաջին կուրսում ուսանողները կարող են ընտրել հենց մասնագիտության հետ կապված առարկաներ, իսկ ֆրանսերենը, ֆրանսիական գրականությունը և պատմությունը պարտադիր չեն։ 

Մոսկվայի պետական համալսարան

Ուսումնասիրեցինք նաև Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի փորձը։ Այստեղ, ի տարբերություն արևմտյան համալսարանների, ռուսերենը և պատմությունը դասավանդվում են՝ անկախ մասնագիտություններից։ Օրինակ՝ ֆիզիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բոլոր բաժիններում՝ Քվանտային մաթեմատիկա և մեխանիկա, Աստղագիտություն, Հիմնարար և կիրառական քիմիա, Ֆիզիկա, նախատեսվում է Ռուսերեն և խոսքի մշակույթ և Պատմություն առարկաների ուսանումը։

Կենսաբանության ֆակուլտետում նույնպես այս առարկաները ներառված են։ 

Փաստացի, Մոսկվայի պետական համալսարանում պետական լեզուն և պատմությունը դասավանդվում են՝ անկախ մասնագիտություններից։

Այսպիսով, իրոք, վարչապետի մատնանշած արևմտյան բուհերում ազգային լեզուները և պատմությունը չեն դասավանդվում որպես պարտադիր առարկաներ։ Այդ պրակտիկան, սակայն, կիրառվում է Ռուսաստանի առաջատար բուհում։

Կարինե Կիրակոսյան

www.Fip.am