Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի քրեականացում․ որքանով է արդյունավետ գործում օրենքը. Fip.am

07-11-2019
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի քրեականացում․ որքանով է արդյունավետ գործում օրենքը. Fip.am

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու վերաբերյալ օրինագծի քննարկումներին զուգահեռ մամուլում լայնորեն տարածվեց տեսանյութ, որի «հերոսը» կենդանուն կապել էր մեքենայից և շրջել քաղաքում։

Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովն ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու վերաբերյալ նախագիծը, որը նախատեսում է պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով տուգանքով, մեկից երեք ամիս կալանքով կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

Սակայն այս նախագծից առաջ գործում էր «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքը, որը ևս նախատեսում էր պատասխանատվության մեխանիզմներ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ 

«Փաստերի ստուգման հարթակը», հաշվի առնելով թեմայի շուրջ քննարկումները և օրենքի ընդունումը, ուսումնասիրել է մինչ այս օրինական ուժի մեջ եղած օրենսդրական կարգավորումը, դրա իրացումը և միջազգային փորձը։

Նախորդ օրենսդրական կարգավորումը

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքն ուժի մեջ է մտել 20016-ի մարտին։ Այն սահմանում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը և պատասխանատվության մեխանիզմները։ Այսպես, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխանատվություն է նախատեսվում «Քրեական» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքերով։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 92-րդ հոդվածը սահմանում է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և կենդանիներին խոշտանգելը առաջացնում է տուգանք՝ 30-50 հազար դրամ (նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով), իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 80-100 հազար դրամ։

Քրեական օրենսգրքով կարգավորվում են կենդանիների զանգվածային ոչնչացման և ապօրինի որսի դեպքերը։

Օրենքի իրացումը

«Փաստերի ստուգման հարթակին» տրամադրված տվյալների համաձայն՝ 2009 թվականից ի վեր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ ընդամենը 23 հաղորդում է ստացվել ոստիկանություն։ Այդ հաղորդումներից 7-ի հիման վրա կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 7 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Հարուցվել է 4 քրեական գործ, որից երկուսը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հատկանիշով (ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 35, 1-ին մասի 1-ին կետ)։ Եվս երկու դեպքով որոշում է կայացվել դիմումները մերժել՝ նույն հիմքով։

Ստացված հարցումներից 10-ը, ըստ ոստիկանության, մնացել է անհետևանք։

Սպասվող փոփոխություններ և քննարկումներ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկած նախագիծը լայն քննարկումների առիթ դարձավ։ Հնչեցին ինչպես դրական, այնպես էլ բացասական կարծիքներ։ Այսպես, օրինագծին դեմ արտահայտվող պատգամավորների մի մասին անհանգստացնում էր օրենքի հստակությունը, վարչապետ Փաշինյանը, օրինակ, մի առիթով նշեց, որ չպետք է այնպես ստացվի, որ «մարդն իր բակում ծննդյան օրվա առիթով գառ է մորթում, գնանք, գործ հարուցենք»։

Միջազգային փորձը

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող մի շարք օրենքներ ընդունվել են աշխարհի տարբեր երկրներում։ Այլ հարց է, թե որքանո՞վ է օրենքն իրացվում կամ որքա՞ն խիստ են աշխատում վերահսկողության մեխանիզմները։

Այսպես, Արգենտինայում գործող օրենքը նախատեսում է 15 օրից մինչև 1 տարվ ազատազրկում։ Իտալիայում նվազագույն պատիժը 3 ամիս ազատազրկումն է, առավելագույնը՝ 3 տարի։ Կենդանիների ապօրինի կռիվներ կազմակերպելու համար սահմանված տուգանքը կարող է կազմել 50 հազարից մինչև 160 հազար եվրո։

Հետաքրքիր է հարևան Վրաստանի փորձը: Այստեղ ևս կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Փաստերի ստուգմամբ զբաղվող վրացական Factcheck.ge կայքի տվյալներով՝ 2015 թվականից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին ստացվել է մոտ 180 հաղորդում, որից 150-ի պարագայում հարուցվել է քրեական գործ։ Պատասխանատվության միակ մեխանիզմն այստեղ տուգանքն է՝ 100-500 լարի։

Այսպես, դատելով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին ոստիկանություն ուղարկված հաղորդումների քանակից և դրանց արդյունքներից, Հայաստանում կենդանիների պաշտպանության իրավական կարգավորման մեխանիզմներն արդյունավետ չեն եղել։ Իսկ թե ի՞նչ կփոխի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը՝ ցույց կտա ժամանակը։

Անի Ավետիսյան

www.Fip.am