Գարիկ Սարգսյանի դեմ քրեական գործ չի հարուցվել․ հաղորդումը մերժվել է․ ՀՔԾ

08-11-2019
Գարիկ Սարգսյանի դեմ քրեական գործ չի հարուցվել․ հաղորդումը մերժվել է․ ՀՔԾ

ՀՔԾ-ն մերժել է Նորաշենի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի պաշտպան Ամրամ Մակինյանի ներկայացրած հաղորդումը՝ ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: «Հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվել, նյութերի նախապատրաստման ընթացքում որոշվել է քրգործի հարուցումը մերժել»,- տեղեկացրեց Մարինա Օհանջանյանը: Նորաշենի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ մեզ հետ զրույցում փաստեց, որ իրենք որոշումը բողոքարկելու են։ «Մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՔԾ, որը մերժվել է։

Որոշումը բողոքարկելու ենք Դատախազություն, և եթե Դատախազությունը մեր բողոքը չբավարարի, իրավական բոլոր ընթացակարգերով անցնելու ենք»,- տեղեկացրեց փաստաբանը։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պնդելով, թե Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անօրինաբար պաշտոնից ազատել է համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին: Վերջիններս պահանջում էին վերականգնել նրան պաշտոնին: Ըստ Արարատի մարզպետարանի՝ Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունը կայացվել է Նորաշեն համայնքի ավագանու կողմից, այլ ոչ թե մարզպետ Գարիկ Սարգսյանի, իսկ հիմք է ծառայել Նորաշեն համայնքի ղեկավարի կողմից ավելի քան 6 ամիս անընդմեջ համայնքի ավագանու նիստ չհրավիրելու հանգամանքը: