Մել Դալուզյանը միակ մեղավորը չէ. Նաիրա Զոհրաբյանը խեղաթյուրում է փաստերը. Fip.am

12-11-2019
Մել Դալուզյանը միակ մեղավորը չէ. Նաիրա Զոհրաբյանը խեղաթյուրում է փաստերը. Fip.am

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 11-ին գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմին։ 

Զոհրաբյանը հայտարարում է, որ չի հավատում այն պնդումներին, որ ֆիլմը «ընդամենը Եվրոպայի եռակի չեմպիոնի մասին է», և շարունակում է. «… Խայտառակ դոպինգ սկանդալից հետո Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան անժամկետ որակազրկել է Մել-Մելինե Դալուզյանին և պարտավորեցրել է վերադարձնել բոլոր մեդալներն ու հուշամեդալները, այդ թվում՝ Եվրոպայի չեմպիոնի մեդալները։ Բայց սա այս պատմության ամենատխուր էջը չէ։ Նաև Դալուզյանի դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանի ծանրամատի հավաքականի մասնակցությունը 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերին մեծ հարցականի տակ է, և հայկական հավաքականի մասնակցությունը դեռ պետք է քննարկվի մայիսի 31-ին»։

Զոհրաբյանը գրառման մեջ նշում է, որ «քանի դեռ հանրային մանիպուլիացիան թրենդի մեջ է, ինչ ասես, ոնց ասես՝ կարող են փաթեթավորել, ու ինչ ասես, ոնց ասես՝ կարող են ներկայացնել»։ 

ԱԺ, սակայն, պատգամավորն իր գրառմամբ ևս մանիպուլյացիա է իրականացնում։ 

Նշենք, որ Տոկիոյում Հայաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մեղավորությունը Մելինե  Դալուզյանի վրա են «բարդել» նաև analitik.am և 168.am կայքերը։ 

Ո՞վ է Մելինե Դալուզյանը

Հայ ծանրամարտիկ Մելինե Դալուզյանը (Մել Դալուզյան) Հայաստանի բազմակի չեմպիոն է։ Միջազգային ասպարեզում ՀՀ-ն սկսել է ներկայացնել 2006 թվականից: 2007 և 2008 թվականների Եվրոպայի չեմպիոն է, 2010 թվականի Եվրոպայի արծաթե մրցանակակիր է։ 2006 ու 2010 թվականներին աշխարհի առաջնություններում բրոնզե մրցանակակիր է։ 2012-ին մասնակցել է Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերին, սակայն արդյունք չի տվել՝ գրավելով 14-րդ հորիզոնականը։ Վերջին անգամ մասնակցել է 2014 թ. ծանրամարտի աշխարհի  առաջնությանը՝ զբաղեցնելով 10-րդ տեղը:  Տրանսգենդեր ատլետը քաղաքական ապաստան է ստացել և 2016-ից  բնակվում է Նիդեռլանդներում։ 2019 թ. մայիսին Ամստերդամում Դալուզյանը վնասազերծել էր կողոպտիչների, ինչի հետևանքով դանակահարվել էր։ 

Ի՞նչ դոպինգ-սկանդալի մասին է խոսքը

2019 թ. մայիսի 10-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտնեց, որ Մելինե Դալուզյանը որակազրկվել է 2012-ին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերին արգլելված խթանիչների օգտագործման համար։ 

Համաձայն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնակարգի՝ այն երկրները, որոնց մարզիկները 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերից սկսած՝ 20 և ավելի դրական թեստեր ունեն, Տոկիոյի 2020 թ. Օլիմպիական խաղերում ծանրամարտի կանանց ու տղամարդկանց պայքարում իրավունք կունենան ներկայանալու ընդամենը 1-ական մարզիկով:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքում ներկայացված ցանկի համաձայն՝ 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերից սկսած՝ որակազրկվել են հետևյալ հայ մարզիկները. 2008-ին՝ Հեղինե Եփրեմյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Լիանա Մանուկյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Արտակ Մկրտչյանը։ 2011-ին արգելված խթանիչների օգտագործումը հաստատվել էր Էլեն Գրիգորյանի և Գևորիկ Պողոսյանի մոտ, 2012-ին՝ Նաիրա Հարությունյանի, Զորիկ Պողոսյանի, Նորիկ Վարդանյանի և Միկա Վարդանյանի մոտ։ 2013-ին ցանկում ներառվեցին նաև Աշոտ Բեղազյանը, Դավիթ Գասպարյանը, Մարգարիտա Ղազարյանը, Անդրանիկ Կարապետյանը, Վլադիկ Կարապետյանը և Գոռ Մինասյանը, իսկ 2018-ին՝ Սոնա Պողոսյանը։

Մելինե Դալուզյանը, փաստացի, դառնում է 19-րդ մարզիկը, որի մոտ 2008-ից ի վեր  հայտնաբերվել են արգելված խթանիչներ։

Ի դեպ, Ծանրամարտի Հայաստանի  ֆեդերացիան 2017-ի հոկտեմբերին որակազարկվել էր մեկ տարով՝ հենց 2008-ի՝ Պեկինի և 2012-ի՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերի փորձանմուշների վերստուգումների ժամանակ Հայաստանը ներկայացնող երեք ծանրորդների դրական թեստերի պատճառով, իսկ այդ ծանրամարտիկներն էին  Հռիփսիմե Խուրշուդյանը, Գևորգ Մարտիրոսյանը և Նորայր Վարդանյանը։

Ի՞նչ է սպասվում Հայաստանին

Fip.am-ի հետ զրույցում Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ այս պահի դրությամբ դոպինգի առկա դրական թեստերի քանակով Հայաստանին թույլատրվում է ունենալ 2-ական ներկայացուցիչ կանանց ու տղամարդկանց մրցումներում։

 «Բայց դեռ հարց է՝ 2 մարզիկ կմասնակցի, թե՞ 1, որովեհտև վերջնական որոշումը կայացվելու է 2020 թ. մայիսի 31-ին կայանալիք ժողովի ժամանակ, որին մասնակցելու են նաև Միջազգային օլիմպիական կոմիտեն և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան»,- ասաց Ալավերդյանը։

Այն պնդումը, որ հենց Մելինե Դալուզյանի դոպինգի պատճառով 2020 թ․ Տոկիոյում Հայաստանի նկատմամբ կարող են պատժամիջոցներ կիրառվել, ճիշտ չէ, քանի որ արգելված խթանիչներ օգտագործած 18 մարզիկից  յուրաքանչյուրն ունի իր «մեղքի բաժինը»։  

Ի դեպ,  2018-ին «Հետք» կայքը հրապարակել էր հետաքննություն, որտեղ հայ ծանրորդները պնդում են, որ դոպինգ արկածների մեջ իրենց մեծ տեղն է զբաղեցրել նաև Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիան՝ այն ժամանակվա ղեկավար Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ։ 

Նելլի Լազարյան

www.fip.am