Ո՞վ կարող է Հայաստանում երեխա որդեգրել. արդյո՞ք Գևորգ Պետրոսյանի առաջարկած օրինագծերի անհրաժեշտությունը կա. FIP.am

13-11-2019
Ո՞վ կարող է Հայաստանում երեխա որդեգրել. արդյո՞ք Գևորգ Պետրոսյանի առաջարկած օրինագծերի անհրաժեշտությունը կա. FIP.am

Ազգային ժողովի նոյեմբերի 12-ի նիստում մերժվեց օրակարգում ներառել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեղինակած երկու օրինագծերը՝ «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ։    Առաջին օրինագծով Պետրոսյանն առաջարկում էր արգելել նույնասեռական անձանց ամուսնությունը, երկրորդով՝ արգելել նրանց երեխա որդեգրել։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց անդրադառնալ նախագծերին և հասկանալ՝ ի՞նչ է փորձ արվում կարգավորել այս նախագծերով և արդյո՞ք դրանց անհրաժեշտությունը կա։ 

Առաջին նախագծի իրավակարգավորումները 

Այսպես, առաջին նախագծով առաջարկվում էր լրացումներ կատարել Ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածում` ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքներում և ավելացնել նոր կետ, որով կարգելվի ամուսնություն կնքել նույն սեռի անձանց միջև, ինչպես նաև այն անձանց միջև, որոնցից նույնիսկ մեկը փոխել է սեռը։

Գևորգ Պետրոսյանն Ազգային ժողովի  նիստում նշել էր, որ պետք է այս փոփոխությունները ներառել՝ իրավական տարընկալումներից խուսափելու համար։ 

Իսկ ի՞նչ կարգավորումներ են գործում հիմա։

Այսպես,  Սահմանադրությամբ և Ընտանեկան օրենսգրքով կարգավորվում է ամուսնություն կնքելու կարգը։ Ըստ Սահմանադրության  35-րդ հոդվածի՝ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Այսինքն՝ Սահմանադրությամբ արդեն իսկ սահմանվում է, որ ամուսնություն կարող է կնքվել միայն կնոջ և տղամարդու միջև՝ այդպիսով բացառելով նույնասեռական անձանց միջև ամուսնությունը։ Սահմանադրությունը գերակա է օրենքների և օրենսդրական ակտերի հանդեպ։ Հետևաբար, իրավական տեսանկյունից Պետրոսյանի նախագծի անհրաժեշտությունը չկա։

Հարկ է նշել նաև, որ նոյեմբերի 12-ին ԱԺ-ում, ներկայացնելով օրինագիծը, Պետրոսյանը դիմեց մանիպուլյացիաների։ 

Այսպես, խոսելով կառավարության եզրակացության մասին,  Պետրոսյանն ասաց. «…Կառավարությունը նախագծի վերաբերյալ տալիս է հետևյալ եզրակացությունը. ասում  է՝ ձեռնպահ մնալ քննարկելուց, սա ի՞նչ վերաբերմունք է Ազգային ժողովի նկատմամբ կառավարության կողմից…»։ 

Սակայն կառավարության եզրակացությունում նման ձևակերպում առկա չէ։ Կառավարության առաջարկության մեջ գրված է. «….Ամփոփելով վերոգրյալը` կարծում ենք, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ նախագիծը ներկայացված տարբերակով ընդունելու նախաձեռնությունից՝ ելնելով վերոշարադրյալ հիմնավորումներից»։

Երկրորդ նախագծի իրավակարգավորումները 

Գևորգ Պետրոսյանի հեղինակած երկրորդ նախագծով առաջարկվում էր որդեգրելու իրավունքից զրկել՝

  1. այն անձանց, որոնք ամուսնացած են նույն սեռի ներկայացուցիչների հետ՝ նման ամուսնություն թույլատրող պետության օրենսդրությանը համապատասխան
  2. սեռը փոխած անձի

Անդրադառնանք առաջին կետին՝ Ընտանեկան օրենսգրքով հստակ սահմանվում են այն բացառությունները, երբ անձը կամ անձինք չեն կարող որդեգրել երեխաների։ Ըստ 116-րդ հոդվածի՝  բացառություն են կազմում նաև ամուսինները, որոնցից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ։ Նույն հոդվածի 2-րդ կետով նշվում է, որ ամուսնության մեջ չգտնվող անձինք չեն կարող համատեղ որդեգրել միևնույն երեխային։  

Որդեգրման կարգի վերաբերյալ կառավարության որոշման մեջ էլ գրված է, որ որդեգրող անձը ներկայացնում է ամուսնության վկայականի պատճենը, եթե ամուսնացած է։ 

Ինչպես տեսնում ենք, օրենքով օգտագործվում է «ամուսնություն» և «ամուսիններ»  տերմինները։ 

Ինչպես վերևում նշեցինք, Սահմանադրությամբ սահմանվում է, որ ամուսնությունը կնոջ և տղամարդու միությունն է։ 

Գևորգ Պետրոսյանի օրինագծով առաջարկվում էր արգելել նույնասեռական ամուսինների՝ երեխա որդեգրելու իրավունքը, սակայն այս պահին ՀՀ-ում գործող իրավակարգավորումներով հնարավոր չէ նույնասեռական անձնանց միջև ամուսնությունը, հետևաբար՝ նրանք չեն կարող երեխա որդեգրել։ Իսկ օտարերկրացի զույգերի կողմից երեխա որդեգրելու համար սահմանված ընթացակարգերը շատ ավելի խիստ են, հետևաբար՝ այս մասով ևս օրինագծով առաջարկվող կարգավորումների կարիքը չկա։ Հարկ է նշել նաև, որ  կառավարությունը նախագիծը մերժելու վերաբերյալ իր եզրակացության մեջ շեշտել էր, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 152-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա ընտանեկան իրավունքի նորմերը չեն կիրառվում այն դեպքում, եթե նման կիրառումը հակասում է ՀՀ իրավա­կարգին (հանրային կարգին)։ Ինչպես նշեցինք, ՀՀ կարգավորումով ընտանիք կարող են կազմել միայն կինը և տղամարդը։ 

Հայաստանի քաղաքացի հանդիսացող, երեխա որդեգրել ցանկացող, ամուսնության մեջ գտնվող նույն սեռի օտարերկրացիների և Հայաստանի սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների դիմումը,  որպես որդեգրել ցանկացող անձինք հաշվառվելու մասին, դեռևս հաշվառման փուլում կմերժվի՝ կառավարության սահմանված վերոնշյալ կարգին համապատասխան, քանի որ վերջիններս Հայաստանյան օրենսդրության իմաստով ամուսիններ համարվել չեն կարող:

Պատգամավորի ներկայացրած օրինագծի երկրոդ կետով էլ առաջարկվում էր արգելել երեխա որդեգրել սեռը փոխած անձին։ Այս դեպքում հարց է առաջանում. եթե Գևորգ Պետրոսյանի ներկայացրած փոփոխությունների առաջարկը ընդունվեր, ինչպե՞ս էին պարզելու՝ անձը սեռը փոխա՞ծ է, թե՞ ոչ։ 

Ուշագրավ է, որ ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նոյեմբերի 13-ին, անդրադառնալով Պետրոսյանի առաջարկած օրինագծին, խոսել է այնպես, կարծես ներկայում նույնասեռականները կարող են երեխա որդեգրել. «…Մեզ համար անընդունելի է, որ կարող են համասեռամոլները երեխա որդեգրել և այդ երեխային դաստիարակել… ինչ ուզում է ասեն, թող ասեն մենք հետամնաց ենք, բայց դա մեզ համար անընդունելի է»։

Այսպիսով, Գևորգ Պետրոսյանի առաջարկած օրենսդրանական նախաձեռնությունների կարիքը չկա, քանի որ ներպետական օրենսդրությամբ առկա են այն կարգավորումները, որոնք կբացառեն նույնասեռ անձանց ամուսնությունը և երեխաներ որդեգրելու հնարավորությունները։ 

Կարինե Կիրակոսյան

www.Fip.am