«Ոստիկանության ոչ արժանահավատ աշխատանքը կարող է ստվերել այս ընտրությունների բոլոր փուլերի դրական ձեռքբերումները». Կարեն Անդրեասյան

20-02-2013
304 դիտում
«Ոստիկանության ոչ արժանահավատ աշխատանքը կարող է ստվերել այս ընտրությունների բոլոր փուլերի դրական ձեռքբերումները». Կարեն Անդրեասյան

Հարգելի հայրենակիցներ,

Յուրաքանչյուր ընտրություներից հետո էլ լինում են որոշակի արդյունքներ և բազմատեսակ գնահատականներ: Ընտրությունների արդյունքներից առավել կարևոր է հանրության վստահությունը այդ արդյունքների նկատմամբ: Հանրության վստահությունը կարող է ձևավորվել միայն չեզոք և օբյեկտիվ գնահատականներով: Այսօրվանից շատ տեղական և միջազգային կազմակերպություններ կներկայացնեն իրենց գնահատականները այս ընտրությունների վերաբերյալ:

Այդուհանդերձ, որևէ գնահատական չի կարող լինել հայ հանրության համար լիարժեք և վստահելի, եթե Հայաստանի Ոստիկանությունը օբյեկտիվորեն չներկայացնի, թե hետևյալ լրջագույն ընտրախախտումների վերաբերյալ քանի ահազանգ է եղել և դրանցից քանիսն են եղել հիմնավոր՝

ընտրակաշառքի բաժանում

կրկնակի քվեարկություն,

ուղղորդված քվեարկություն,

քվեաթերթիկի լցոնում,

հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի ճնշում ձայների հաշվարկի ընթացքում,

ձայների հաշվարկի արդյունքների կեղծում:

    Ընդ որում Ոստիկանությունը պետք է հրապարակի նաև այդ ահազանգերը հիմնավոր կամ անհիմն գնահատելու հիմքերն ու պատճառները:

    Չափազանց կարևոր է նաև հրատապ պարզել և հանրությանը ներկայացնել, թե ինչու էր քվեարկության օրը խափանվել Գալա հեռուստաընկերության կայքի աշխատանքը: Անհրաժեշտ է նաև հրատապ բացահայտել լրագրողների ու դիտորդների գործունեության խոչընդոտման բոլոր դեպքերը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

    Ոստիկանության ոչ արժանահավատ աշխատանքը կարող է ստվերել այս ընտրությունների բոլոր փուլերի դրական ձեռքբերումները: Այսպիսով, ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության վստահության և ընտրությունների ընդհանուր գնահատականի համար պատասխանատվության ողջ ծանրությունն ընկած է Հայաստանի Ոստիկանության վրա: Կոչ եմ անում բոլոր կառույցներին և անհատներին սերտորեն համագործակցել Ոստիկանության հետ, որպեսզի հնարավորինս արագ և արդյունավետ բացահայտվեն բոլոր ընտրական հանցագործությունները, և հանրությունը ստանա ընտրախախտումների իրական ծավալները և պատկերը:

    Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վերոհիշյալ էական և այլ ընտրախախտումների վերաբերյալ ստացել է 253 ահազանգ: Մինչև առաջիկայում ընտրությունների վերաբերյալ մեր համապարփակ գնահատականը ներկայացնելը մենք կշարունակենք ընդունել ընտրության փուլերում կատարված խախտումների վերաբերյալ ահազանգեր, հետևել զանգվածային լրատվության միջոցների համապատասխան հրապարակումներին, դիտորդական կազմակերպությունների գնահատականներին և հետընտրական զարգացումներին:

    Կարեն Անդրեասյան

    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան