«Քանի դեռ բարձր վարձատրությամբ ապահովված պատվերները առկա են, ամենաստոր ստեր հնարողների պակաս չի լինի». Հովսեփ Խուրշուդյան

22-11-2019
«Քանի դեռ բարձր վարձատրությամբ ապահովված պատվերները առկա են, ամենաստոր ստեր հնարողների պակաս չի լինի». Հովսեփ Խուրշուդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը

- Պարո՛ն Խուրշուդյան, ձեր կազմակերպության իրականացրած հետազոտությունն ի՞նչ է ցույց տալիս, Հայաստանում ատելության խոսքն ի՞նչ մակարդակի վրա է:

- Եվրոպական միության «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով «Հանուն Հայաստանի երիտասարդության շրջանում արմատականացման, այլատյացության և ատելության քարոզի հաղթահարման» ծրագրի շրջանակում մեր կազմակերպությունը 2018-2019 թվականներին իրականացրել է ատելության խոսքի վերհանմանն ուղղված ինտերնետ մոնիթորինգ։ Մոնիթորինգն իրականացվել է հատուկ մշակված մեթոդաբանության հիման վրա և ծածկել վեց առցանց լրատվամիջոցներում հրապարակվող նյութերը և դրանց մեկնաբանությունները։

Մոնիթորինգի արդյունքների վերլուծությունը բացահայտել է ատելության խոսքի տարածման ծավալները Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո չորս հիմնական թեմաներով՝ քաղաքական, սեռական, կրոնական և էթնիկ-մշակութային։ Հետազոտության շրջանակներում պարզվել է, որ ատելության խոսքն ու սպառնալիքները առավել մեծ ծավալների են հասնում քաղաքական և սեռական թեմաների շուրջ։

Հետազոտության արդյունքները՝ ատելության խոսքի կանխմանն ու պատժին ուղղված համապատասխան առաջարկություններով, տրամադրվել են ՀՀ անվտանգության խորհրդին և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ 

- Ինչո՞վ է բացատրվում վերջին մեկուկես տարիներին և՛ ԶԼՄ-ներում, և՛ սոցցանցերում ատելության խոսքի տարածումը: 

- Թավշյա հեղափոխությունը բերեց մեծ սպասումներ հասարակության մեջ՝ նախկին կեղեքիչ իշխանությունների առանցքային դեմքերին պատասխանատվության ենթարկելու տեսանկյունից։ Սակայն այդ գործընթացի դանդաղումը ու նախկինների վերադասավորումն ու ակտիվ դիմադրությունը հեղափոխական իշխանություններին իրենց վերահսկողության տակ գտնվող բազմաթիվ լրատվամիջոցներով, այդ թվում՝ հեռուստաընկերություններով, բերեցին հասարակության մեջ վախերի, որ նախկին թալանչիները ոչ միայն կարող է խուսափեն պատժից ու անգամ չվերադարձնեն գողոնը, այլև կարող են այս կամ այն ձևով ռևանշի՝ հակահեղափոխության հասնել։

Հենց այդ է պատճառը, որ մտահոգ քաղաքացիները, որոնց զգալի մասը չի առանձնանում դաստիարակությամբ և բարեկրթությամբ, հեղեղեցին համացանցը ատելության խոսքով՝ այդպիսով իրենց վրդովմունքը հայտնելով նախկին ռեժիմների ներկայացուցիչների ամբարտավան, հանդուգն և որևէ զղջման նշույլ անգամ չպարունակող պահվածքով։

Դա, իր հերթին, բերեց հակադարձ ալիքի՝ կազմակերպված նախկին իշխանությունների կողմից, որոնք թալանված հսկայական ֆինանսական ռեսուրսների են տիրապետում և կարողանում են վարձել ոչ միայն հարյուրավոր ֆեյքերի, այլ նաև բազմաթիվ «անկախ» լրատվամիջոցների՝ ձգտելով ամեն գնով թուլացնել հեղափոխական իշխանություններին, ապակայունացնել իրավիճակը, լարվածություն մտցնել հասարակության մեջ՝ խորացնելով տարատեսակ բաժանարար գծերը: Եվ այս ամենի արդյունքում հասնել նրան, որ գործող իշխանությունները չունենան քաղաքական բավարար ռեսուրսներ՝ իրենց պատասխանատվության ենթարկելու։ 

 - Ի՞նչ կապ կա ատելության խոսքի ու ապատեղեկատվության, ֆեյք նյուզի տարածման միջև: Այս հարցը տալիս եմ, քանի որ ֆեյք նյուզ կոչվածն էլ է ավելացել վերջին մեկ տարում: 

- Ֆեյք նյուզը դարձել է նախկին իշխանությունների ներկայացուցիչների ձեռքին հեղափոխական կառավարության դեմ պրոքսի պայքարի գլխավոր գործիքներից մեկը։ Ցավոք, հայաստանյան իրականության մեջ որևէ սկզբունք չունեցող և լավ վարձատրության դիմաց ցանկացած, ամենաստոր ստեր հնարելու և դրանց տարածումն ապահովելու պատրաստ լրագրողների և «քաղտեխնոլոգների» պակաս չկա, որոնց նախկինները բուծել էին դեռ իրենց իշխանության տարիներին, ու քանի դեռ բարձր վարձատրությամբ ապահովված պատվերները առկա են, այդ երևույթն իր տեղն ունենալու է մեզանում։

Դրա դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը ճշմարիտ լուրեր և սուտ լուրերի մերկացումներ տարածելն է և նման լուրեր տարածող լրատվամիջոցների վարկանիշի անկման հասնելն է հասարակության մեջ։ 

- Ի՞նչ մեխանիզմներ պետք է կիրառվեն առկա իրավիճակը փոխելու համար, պետության անելիքը ո՞րն է այս հարցում, ի՞նչ կարգավորումներ պետք է լինեն: 

- Պետք է խստացումներ մտցվեն ատելության խոսքի, հատկապես՝ ատելության քարոզի (ատելության խոսքի կազմակերպված և ուղղորդված տեսակի), ֆիզիկական սպառնալիքներ հնչեցնողների հանդեպ իրավական պատիժներում, լինեն դրանք վարչական թե քրեական:

Նաև պետք է պատասխանատվության ենթարկվեն այն ԶԼՄ-ները, որոնք հանրային կապուղիներ են օգտագործում ֆեյք նյուզի տարածման համար։ Պետք է նաև օր առաջ ընդունվի իրավահավասարության (հակախտրականության) մասին օրենքը՝ ներառելով բոլոր խոցելի խմբերի իրավական պաշտպանությունը՝ սոցիալական, կրոնական, էթնիկ, սեռային և սեռական, սահմանափակ կարողություններ ունեցող և այլն։

Ցավոք, արդարադատության նախարարության առաջարկած վախվորած նախագիծը լիարժեքորեն չի արտացոլում բոլոր այս խմբերի պաշտպանության անհրաժեշտությունը։ Օրինակ՝ դրանում իսպառ բացակայում է «սեռական փոքրամասնություններ» եզրն անգամ, կարծես նման խոցելի խումբ Հայաստանում գոյություն չունի, մինչդեռ, ինչպես արդեն նշեցի, մեր կատարած մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ սա ամենաուժգին և կազմակերպված հոգեբանական հետապնդումների ենթարկվող և ատելության քարոզի թիրախ հանդիսացող խումբն է։

Արդարադատության նախարարության ղեկավար կազմը թերևս կարիք ունի տարրական իրավական գիտելիքների ձեռքբերման նպատակով պարտադիր դասընթացների անցկացման, այդ թվում՝ մարդու իրավունքների ոլորտին վերաբերող։ 

- Ամիսներ առաջ վարչապետը հենց ԱԱԾ-ին հանձնարարեց սոցցանցերում ապատեղեկատվության դեմ պայքար մղել, ի՞նչ արդյունքներ եք նկատում:

- Այդ պայքարի արդյունքները, ցավոք, տեսանելի չեն։ Գուցե դա պայմանավորված է ԱԱԾ նախկին պետի հնարավոր սաբոտաժով այս հարցում։ Սպասենք, թե ինչ արդյունքներ կարձանագրի ԱԱԾ նոր ղեկավարը։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am