«Երբ սեռական բռնության ենթարկված անձը դիմում է իրավապահներին, անընդհատ պետք է իր անմեղությունն ապացուցի». Տաթևիկ Աղաբեկյան

26-11-2019
«Երբ սեռական բռնության ենթարկված անձը դիմում է իրավապահներին, անընդհատ պետք է իր անմեղությունն ապացուցի». Տաթևիկ Աղաբեկյան

Հայաստանում սեռական բռնության ենթարկված անձանց թվի աճին զուգահեռ, ավելանում է նաև այդ մասին բարձրաձայնողների թիվը: Եվ որքան այս թեմայով քննարկումները հաճախակի են լինում, այնքան մարդիկ չեն վախենում ու կաշկանդվում խոսել իրենց հետ կատարվածի մասին։

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» դիմողների թիվն այս տարի ավելացել է: Կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանն ասում է, որ եթե ամեն տարի 10-12 նոր դեպք էր գրանցվում իրենց կենտրոնում, այս տարի արդեն 27 նոր դեպք է գրանցվել:

Տաթեւիկ Աղաբեկյանը դա կապում է այս տարի մեծ աղմուկ հանած «Իմ մարմինն անձնական է» գրքույկի և անանուն պատմությունների հրապարակման հետ:

«Այսինքն՝ երբ քննարկումներ են լինում այդ թեմայով, սեռական բռնության ենթարկված անձինք ավելի ակտիվ են սկսում դիմել աջակցության մարմիններ: Մի քանի տարի անց արդեն պատկերն այլ կլինի: Կարծես նախորդ տարի ընդունվեց, որ Հայաստանում սեռական բռնություն կա: Եվ ինչքան շատ խոսենք այդ մասին, լուսաբանվի, այնքան մարդիկ կսկսեն խոսել դրա մասին, կհասկանան, որ իրենց հետ կատարվածն արտառոց դեպք չէ»,- «Մեդիալաբին» ասում է Տաթևիկ Աղաբեկյանը:

2019 թվականի 10 ամիսներին, ոստիկանության պաշտոնական տվյալներով, ՀՀ տարածքում գրանցվել է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործության 84 դեպք՝ նախորդ տարվա 77-ի դիմաց:

Հայաստանում նոյեմբերի 25-ից հայտարարված է գենդերային պատկանելությամբ պայմանավորված բռնության դեմ ուղղված 16-օրյա արշավ: Դրա շրջանակներում նոյեմբերի 25-ին հանրային տարածքներում առաջին անգամ իրականացվել է սեռական բռնության և բռնաբարության վերաբերյալ հանրային իրազեկման ակցիա: 

Տաթևիկ Աղաբեկյանը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնում է այն խնդիրներին, որոնք Հայաստանում առկա են այս ոլորտում: Ըստ նրա՝ Հայաստանում գոյություն ունի սեռական բռնության տրավմայի ընկալման բաց:

«Վերջերս դատավորը ցուցմունք տվող անչափահաս երեխային ասել էր՝ ինչ էլ ուրախ ես խոսում դրա մասին: Այսինքն՝ եթե ինքը ինչ-որ տեղ լսած լիներ, որ սեռական բռնության ենթարկված անչափահասն էլ, չափահասն էլ դառնում են հուզական, նման արտահայտություն չէր անի: Հատկապես անչափահասների մոտ հուզական անադեկվատություն է դիտվում, այդ դեպքի մասին իրենք խոսում են ծիծաղելով, այն պարագայում, երբ բոլորն ընկալում են, որ պետք է դրա մասին լացելով խոսեն»,- ասում է Տաթևիկ Աղաբեկյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում կան կարծրատիպային պատկերացումներ, որ եթե անձը սեռական բռնության է ենթարկվել, միշտ պետք է լացակումած դեմքով լինի:

Մեկ այլ դեպքով մարզերից մեկում դատախազն ասել է. «Դու գիտե՞ս, էդ աղջիկը բռնության դեպքից հետո գնացել է իր ընկերուհու տուն, լվացվել, սանրվել է, նորից քսվել է, նոր է գնացել տուն»: 

«Մենք նրան բացատրում ենք՝ ախր դա չի նշանակում, որ ինքը դրան թեթև է վերաբերվում: Պարզ է, որ եթե ինքը որոշել է, որ պետք է թաքցնի, դրանք տարրական բաներն են, որոնք արել է, որ ծնողն իրեն չտեսնի ու ասի՝ ի՞նչ է եղել»,- պատմում է նա:

Տաթևիկ Աղաբեկյանի դիտարկմամբ՝ մյուս խնդիրն այն է, որ իրավապահ մարմինները սեռականության ենթարկված անձանց գործերը քննելիս անընդհատ ամեն հարցով կանչում են իրենց մոտ, ինչի հետևանքով նրանք պարբերաբար ստիպված են լինում նույն բաները պատմել ու վերհիշել այդ ամենը: Դա խոսում է իրավապահների ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին, քանի որ, ըստ մասնագետի, ամեն հասարակ հարցով մարդկանց կանչում են բաժանմունք:

Խնդիր է նաև այն, որ մինչև անցյալ տարի դատաբժշկական համակարգում կին մասնագետներ չկային: 

«Դա լուրջ խնդիր է: Օրինակ՝ մենք ունեցել ենք վեց տարեկան շահառու, որը գնացել է դատաբժշկական փորձաքննության, և այդ փոքր երեխան սթրես է տարել: Նրան մոտենում են տղամարդիկ, միանգամից սեռական օրգանների զննում են անում: Դա այն պարագայում, երբ այդ երեխան ծնված օրվանից սովորում է, որ դրանք մարմնի ամոթ մասերն են»,- նշում է Տաթևիկ Աղաբեկյանը:

Խնդիրը սուր է հատկապես մարզերում: Մասնագետն ասում է, որ մարզերում ոչ ոք երաշխիք չունի, որ եթե դիմի իրավապահ մարմիններ, այդ դեպքի մասին բոլորը չեն իմանալու: Իսկ շատերը Երևան գալու հնարավորություն չունեն:

Մյուս խնդիրն այն է, որ զոհի վրա են թողնում ապացուցման բեռը:

Տաթևիկ Աղաբեկյանի խոսքով՝ «երբ սեռականության ենթարկված անձը դիմում է ինչ-որ իրավապահ մարմնի, նրան այն վիճակում են դնում, որ անընդհատ պետք է իր անմեղությունն ապացուցի»: 

«Նրան են սկսում կասկածել, նրա վարքը: Մինչև այսօր Հայաստանում մենք ունենք «բարոյական բնութագիր» ասված եզրույթը, որն ընդհանրապես ամբողջ աշխարհը չի հասկանում անգամ, թե ինչ է: Հիմնականում սեռական բռնության դեպքերում շատ է կիրառվում, երբ ուղարկում են բարոյական կերպարի ներկայացում: Այսինքն՝ մենք սկզբից այդ կնոջն ենք սկսում հետազոտել ու ուսումնասիրել, թե նա, տվյալ քննիչի սուբյեկտիվ ընկալմամբ, անբարոյական ինչ-որ բան ունի իր վարքում: Եվ անընդհատ պետք է մարդն ապացուցի, որ ինքը բացարձակ բարոյական է, որ պատկերացում անգամ չուներ, թե կարող է սեռական հարաբերության մասին խոսք գնալ»,- ասում է նա:

Տաթևիկ Աղաբեկյանը նաև հավելում է, որ ներկա փուլում մի գործ է քննվում, հակառակ կողմից փաստաբանը զոհին ասում է. «Եթե դու նստել ես նրա մեքենան, հետը ինչ-որ տեղ ես գնացել, բա մտքովդ չէ՞ր անցնում, որ ինքը կարող էր հետդ սեռական հարաբերություն ունենալ»:

Մասնագետն այս խնդիրների լուծման համար կարևորում է իրավապահների պրոֆեսիոնալիզմի բարձրացման հարցն ու ոլորտում այս ուղղությամբ բարեփոխումները: Իսկ հասարակությունում նման դեպքերի քննարկումները կարող են բերել նրան, որ զոհերը չվախենան ու չամաչեն, պատմեն իրենց հետ կատարվածը՝ դրանով նպաստելով դեպքերի բացահայտմանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am