Խոշտանգումները Հայաստանում շարունակում են անպատիժ մնալ

28-11-2019
Խոշտանգումները Հայաստանում շարունակում են անպատիժ մնալ

Այս օրերին Հայաստանում ակտիվորեն քննարկվում է ոստիկանությունում քաղաքացիների նկատմամբ խոշտանգումների թեման։

Տեղեկատվական առիթ է հանդիսացել օրեր առաջ հրապարակված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են չորս ոստիկաններ խոշտանգումներ իրականացնում քաղաքացու նկատմամբ․ կապում են ոտքերը, հարվածում ոտնաթաթերին, հակագազ հագցնում։

Տեսանյութը մոտ տասը տարվա վաղեմության է, այնտեղ երևացող ոստիկանների ինքնությունը պարզված է, նրանցից մեկը դեռ շարունակում էր աշխատել համակարգում, սակայն նրա լիազորություններն արդեն դադարեցվել են, հարուցվել է քրեական գործ։

Սրա հետ մեկտեղ, սակայն, նոյեմբերի 26-ին դատարանը խոշտանգման մեկ այլ գործով կայացրել է մի որոշում, որը վկայում է այս ոլորտում մեր երկրում եղած խնդիրների ու մտահոգիչ իրավիճակի մասին։

Խոշտանգումների հարցը

Տարիներ շարունակ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները բարձրաձայնում են իրավապահ համակարգերի աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ խոշտանգումների բազմաթիվ դրսևորումների մասին։ Որպես ոլորտին առնչվող հիմնական խնդիր՝ նշվում են օրենսդրական բացերն ու դրանց հետևանքով առաջացած անպատժելիության մթնոլորտը։ Օրինակ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության 2014 թվականի «Խոշտանգումները Հայաստանում» վերլուծությունում նշվում է, որ խոշտանգումների կիրառմանը նպաստող գործոններից են օրենսդրական բացերը և իրավակիրառ պրակտիկայի խնդիրները, դատարանների ոչ հետևողական մոտեցումը խոշտանգումների մասին հայտարարությունները ՀՔԾ ուղարկելու հարցում, խոշտանգումների փաստերով արդյունավետ քննություն չիրականացնելը, մեղավորներին պատժի չենթարկելը և բողոք ներկայացնելու գործող մեխանիզմների նկատմամբ առկա թերահավատությունը։

Խոշտանգումների հարցին անդրադարձ է կատարվում նաև «Հայաստանի Հանրապետության վերականգմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգում», որտեղ նշվում է, որ  նման հանցագործություն գործած անձանց համար պետք է բացառվի ներման և համաներման կիրառումը։

Հիասթափությունը

Իսկ գործնականում, փաստորեն, շարունակում է կատարվել հակառակը։ Նոյեմբերի 26-ին դատարանի ընդունած՝ Արմեն Աղաջանյանի գործով որոշումը վկայում է այն մասին, որ խոշտանգումների ենթարկելը մեզանում շարունակում է անպատիժ մնալ։ Մասնավորապես, Արմեն Աղաջանյանին խոշտանգումների ենթարկելու մեջ մեղադրվող, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակից մայոր Արմեն Հովհաննիսյանը համաներմամբ ազատ է արձակվել այն պատճառով, որ խոշտանգման հոդվածով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով, և Հովհաննիսյանը համաներմամբ ազատ է արձակվել։

Նշենք, որ Արմեն Աղաջանյանի դին կախված վիճակով հայտնաբերվել էր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, որտեղ նա տեղափոխվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Ըստ պաշտոնական վարկածի՝ նա ինքնասպան է եղել, սակայն Աղաջանյանի հարազատները պնդում են, որ նրան սպանել են։

Հրամայականը

Ոստիկանների կողմից քաղաքացուն խոշտանգումների ենթարկելու կադրերը, անշուշտ, մտահոգիչ են։ Սակայն առավել մտահոգիչ է այն, որ անձին խոշտանգումների ենթարկելը կարող է անպատիժ մնալ։ Արմեն Աղաջանյանի գործով կայացված դատական որոշումը պետք է լրջագույն ազդակ լինի Հայաստանում իրավական բարեփոխումների հրամայականի մասին։

www.uic.am