Հայկ Մարությանը Գագիկ Խաչատրյանի ընտանիքին թույլտվություն է տվել լրացուցիչ 5 հարկ կառուցելու համար․ Էդմոն Մարուքյան

30-11-2019
Հայկ Մարությանը Գագիկ Խաչատրյանի ընտանիքին թույլտվություն է տվել լրացուցիչ 5 հարկ կառուցելու համար․ Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

«Օրերս խոսել էի այն մասին, որ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խումբը ստացել է շինթույլտվություն որոշակի ծառայության դիմաց։ Այսօր բացում եմ փակագծերը և ներկայացնում այդ փաստաթղթերը։ Խոսքը վերաբերում է Տերյան 5 հասցեում գտնվող բազմահարկ շինությանը, որի կառուցապատումը իրականացվել է փուլային կերպով։

2018թ․ փետրվարի 2-ին՝ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման օրոք Խաչատրյանների ընտանիքը ստացել էր հերթական ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ թույլտվությունը մինչև 11 հարկ կառուցելու համար (1-ին և 2-րդ նկարներում տեսնում եք այդ շինթույլտվությունը Տ․Մարգարյանի ստորագրությամբ)։

Ընդամենը օրեր առաջ՝ նոյեմբերի 22-ին Հայկ Մարությանը Խաչատրյանների ընտանիքին տալիս է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ թույլտվություն 5 ՀԱՐԿ ԱՎԵԼ շենքը կառուցելու համար! (3-րդ և 4-րդ նկարներում տեսնում եք Մարությանի կողմից տրված ՇԻՆ․թույլտվությունը 16 հարկ կառուցելու համար)։ Թե ինչ ծառայություն է մատուցվել մայրաքաղաքի կենտրոնում հարկայնության նման բարձրացման համար, մամուլը արդեն խոսել է. 1.5 մլն դոլար արժողությամբ աղբատար մեքենաների հավաքատեղի է կառուցվում Աէրացիա, Շիրակի 88/1 հասցեում։

Իսկ թե էլ ինչե՞ր են արել Մարությանի համար Խաչատրյանների ընտանիքը կպարզի մեր հետագա քննությունը: Երեկվա Հայկ Մարությանի ուղիղ եթերը կեղծիքի ցայտուն դրսևորումն էր, քանի որ իր կոռուպցիոն գործարքը քողարկելու համար նա հղում էր տալիս 2017 թվականի ՆԱԽԱԳԾՄԱՆ թույլտվությանը, մոռանալով ասել, որ ըստ այդ թույլտվության 11-րդ հարկի կառուցումից հետո և շենքի փաստացի ընկալման արդյունքից կախված հնարավոր է փոփոխել հարկայնությունը։ Փաստորեն Մարությանի և Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ընկերության գործարքը փոխեց Մարությանի ընկալումները մայրաքաղաքի սրտում շենքի կառուցման վերաբերյալ և նա նոյեմբերի 22-ին տվեց Խաչատրյանների կողմից այդքան սպասված շինարարության թույլտվությունը։ 

Հ.Գ. նկարներում կարող եք տեսնել Հայկ Մարությանին Խաչատրյանների ընտանիքի շրջապատում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը: