«Փորձված իրավաբանից ու դասական քաղաքական գործչից ակնկալվում է, որ նա առնվազն հարգի իր պուբլիկան»․ Հակոբ Կարապետյանը՝ Էդմոն Մարուքյանին

30-11-2019
 «Փորձված իրավաբանից ու դասական քաղաքական գործչից ակնկալվում է, որ նա առնվազն հարգի իր պուբլիկան»․ Հակոբ Կարապետյանը՝ Էդմոն Մարուքյանին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև․

«ԱԺ ԼՀԿ խմբակցության լիդեր Edmon Marukyan-ը շաբաթ օրը առավոտ կանուխ «սենսացիոն հայտարարություն» է արել՝ իբր բացահայտելով, թե քաղաքապետ Մարությանը Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ կապակցված ընկերությանը լրացուցիչ հինգ հարկ կառուցելու թույլտվություն է տվել՝ քաղաքին տված նվերի դիմաց:

Երբ փաստաթղթերի ու խրթին ընթացակարգերի մեջ խճճվում են սկսնակ լրագրողները, ես չեմ զարմանում. պատահում է, փորձի հետ ամեն ինչ տեղը կընկնի: Երբ փաստերի մանիպուլյացիայով զբաղվում են տաբլոիդները, կրկին կարելի է հասկանալ՝ տաբլոիդները գոյություն ունեն հենց նրա համար, որ սովորական փաստերից սենսացիաներ ստեղծեն: Բայց փորձված իրավաբանից ու դասական քաղաքական գործչից ակնկալվում է, որ նա առնվազն հարգի իր «պուբլիկան» եւ ավելի ուշադիր լինի փաստերի ինտերպրետացիայի հարցում:

Այսպես. արդեն հայտնել ենք, որ Տերյան 5 հասցեում բազմահարկ կառուցապատման նախագծային թույլտվություն տվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ 2017-ի նոյեմբերի 24-ին: Ըստ այդ նախագծի, թույլատրվում է կառուցել 75,4 մետր բարձրության կառույց, ինչը համապատասխանում է 22-23 հարկին:

Նախագծման թույլտվության մեջ, ՈՒՇԱԴԻՐ, նշված է, որ 11-րդ հարկի կառուցումից հետո, կախված շենքի փաստացի ընկալման արդյունքից, հնարավոր են փոփոխություններ նախագծում և թույլտվության մեջ: Սա, իհարկե, չի նշանակում, որ 11-րդ հարկից հետո նոր շինթույլտվություն կարելի էր պարզապես չտալ։ Նախագծում որևէ փոփոխություն պետք է հիմնավորված լինի, այլապես, ըստ 2017-ի նոյեմբերի 24-ի թույլտվության, պետք է տրվի 75,4 մետրի (մինչև 22-23 հարկի) կառուցման թույլտվությունը։ Եվ նույն այդ նախագծային թույլտվության հիման վրա տրվել է հաջորդ հինգ հարկերի կառուցման թույլտվությունը: 16 հարկ կառուցելուց հետո ճարտարապետները կրկին կգնահատեն շինարարության շարունակման հարցը՝ միչեւ ՆՆԱ-ով տրված նիշին հասնելը: 
Սրա մասին, ի դեպ, ես խոսել եմ երեկ Լուրեր-ի «Բաց հարթակի» տաղավարում, եւ սրա մասին գիտի ոլորտի ցանկացած մասնագետ Արժե կոնսուլտացիա վերցնել մասնագետների՝ ստատուսներ գրելուց առաջ:

Սա՝ փաստաթղթերը կարդալու կարեւորության մասով:

Պարոն Մարուքյանը իր զրպարտագրի տակ տեղադրել է նաեւ մի լուսանկար, որտեղ պատկերված է քաղաքապետ Մարությանը՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի երկու որդիների՝ Արամի եւ Գուրգենի հետ, «Մարիոթ» ընկերության կազմակերպած մի միջոցառման ժամանակ (Տերյան 5 հասցեում կառուցվող շենքը նախատեսվում է դարձնել «Մարիոթ»):

Արամ եւ Գուրգեն Խաչատրյանները, ի դեպ, նաեւ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրները եւ/կամ բաժնետերերն են: Այս խմբի մեջ են մտնում մի շարք ընկերություններ՝ սկսած բջջային օպերատորից, մինչեւ առեւտրի կենտրոններ, խաղալիքի խանութ եւ այլն: Եվ եթե օրինակ, Անի Սամսոնյանին տեսնեք «Յուքոմ»-ի գրասենյակում, Դավիթ Խաժակյանին՝ MegaToys-ում, իսկ Գեւորգ Գորգիսյանին՝ Captain Kid-ում, հանկարծ չմտածեք, թե գործնական այցով են այնտեղ, նրանք հաստատ կոռուպցիոն գործարքի մեջ են կալանավայրում գտնվող Գագիկ Խաչատրյանի հետ:

Նույն տրամաբանության մեջ, եթե Էդմոն Մարուքյանը հայտնվում է մեկ դաշնակցականի, երկու ՀՀԿականի ու մեկ երբեմնի ՕԵԿ-ականի հետ մի լուսանկարում, ապա հազարումի բան կարելի է մտածել»։