Արտագաղթ–ներգաղթ․ թվեր, փաստեր, իրականություն. Fip.am

30-11-2019
Արտագաղթ–ներգաղթ․ թվեր, փաստեր, իրականություն. Fip.am

Բնակչության տեղաշարժերի վերաբերյալ իշխանության վերջին հրապարակումները մի շարք մեղադրանքների և տարակարծությունների տեղիք տվեցին: Եղան պնդումներ առ այն, որ իշխանությունները փորձում են մանիպուլացնել թվերը՝ օգտագործելով Հնդկաստանի շուրջ 37,000 բնակիչների առկայությունը Հայաստանում:

Հաջորդիվ մենք կփորձենք ներկայացնել և մեկնաբանել մեզ բոլորիս շատ հետաքրքրող թեմաներից մեկը՝ արտագաղթի-ներգաղթի իրական պատկերն ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի ներկայացված տվյալների՝ վերջին երեք տարիների կտրվածքով։ Անդրադարձ կլինի նաև այս տարվա փաստացի իրավիճակին՝ իննամսյա տվյալներից ելնելով:

Քանի որ որոշ մեկնաբանությունների դեպքում հանրությանն ընդամենը պատկերի հետ միաժամանակ չի ներկայացվում նաև միայն ՀՀ փաստաթղթերով մեկնածների և եկածների հաշվեկշիռը, մենք կլրացնենք այդ բացը՝ օգտվելով նույն ԱՎԿ-ի հրապարակած տվյալներից:

Եվ այսպես, 2016 թվականին ՀՀ սահմանային անցակետերով Հայաստան է մուտք գործել 2,867,008 անձ, որից 1,665,350-ը՝ ՀՀ քաղաքացիներ։

Երկիրը լքածների թիվը 2,915,178 է, որից 1,719,381-ն են համարվել ՀՀ քաղաքացիներ։

Այսինքն՝ 2016 թվականին Հայաստանի բնակչության թվաքանակը նվազել է 48,170-ով, իսկ ՀՀ քաղաքացիներինը՝ 54,031-ով։

Հաջորդ տարի՝ 2017-ին, Հայաստան են մուտք գործել 3,398,143 անձ, որից ՀՀ քաղաքացիների թիվը 1,927,178 է։

Նույն տարում երկրի սահմաններից դուրս են եկել 3,425,040 անձ, որոնցից 1,963,469-ը՝ ՀՀ քաղաքացիներ։

Այսինքն՝ 2017 թվականին երկրի բնակչությունը նվազել է 26,897-ով, իսկ ՀՀ քաղաքացիներինը՝ 36,191-ով։

2018-ին ՀՀ սահմանային անցակետերով երկիր է մուտք գործել 3,757,168 անձ, որոնցից 2,146,725-ն են եղել ՀՀ փաստաթղթերով։

Նախորդ տարի երկիրը լքածների թիվը 3,741,855 է, որոնցից 2,151,313-ն են համարվել ՀՀ քաղաքացիներ։ 

Սա նշանակում է, որ մուտքերի ու ելքերի սալտոն եղել է դրական և երկրի բնակչությունն ավելացել է 15,313-ով։ Սակայն ՀՀ քաղաքացիների թիվը շարունակել  է նվազել։ Նախորդ տարի երկիրը լքել է 4588 ՀՀ քաղաքացի։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ վերջին տարիներին Հայաստանի բնակչության նվազման միտումները դանդաղում են, քանի որ 2016 թ․ երկրի բնակչությունը նվազել էր 48,170-ով, 2017-ին՝ 26,897-ով, իսկ արդեն նախորդ տարի նկատվել է մուտքի ու ելքի դրական սալտո՝ 15,313 մարդ։

Ակնհայտ է նաև Հայաստանի քաղաքացիների կողմից երկիրը լքելու բացասական դինամիկայի նվազումը։ Ինչպես տեսանք, 2016-ին Հայաստանը լքել է 54,031 ՀՀ քաղաքացի, 2017-ին՝ 36,191, իսկ արդեն նախորդ տարի՝ 4588 ՀՀ քաղաքացի։

Այժմ տեսնենք, թե ինչպես են փոխվել մուտքերն ու ելքերը վերջին երեք տարիներին՝ հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով։

Այսպես՝  2017 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսներին մուտքերի թիվը կազմել է 2,520,746, որոնցից 1,372,292-ն են հանդիսացել ՀՀ քաղաքացիներ։ 

Ելքերի թիվը կազմել է 2,574,658, որոնցից ՀՀ քաղաքացիները 1,447,307-ն են։ Այսինքն՝ 2017 թ․ առաջին ինն ամիսների կտրվածքով մուտքերի ու ելքերի տարբերությունը կազմել է -53,912, իսկ ՀՀ քաղաքացիներինը՝ -75,015։

2018 թ․ նույն ժամանակահատվածում Հայաստան են մուտք գործել 2,732,430 անձ, որոնցից 1,483,500-ն են ունեցել ՀՀ փաստաթղթեր։

Նույն ժամանակահատվածում երկրից դուրս է եկել 2,748,125 անձ, որոնցից 1,525,682-ը՝ ՀՀ քաղաքացիներ։ Այսինքն՝ նախորդ տարվա առաջին 9 ամիսների կտրվածքով երկրի բնակչությունը նվազել է 15,695-ով, իսկ ՀՀ քաղաքացիներինը՝ 42,182-ով։

Այս տարվա առաջին ինն ամիսներին Հայաստան է մուտ գործել 3,135,506 անձ, որոնցից 1,666,321-ն են հանդիսացել ՀՀ քաղաքացիներ։ 

Այս տարի երկիրը լքել են 3,145,363 անձ, որոնցից 1,701,870-ը՝ ՀՀ քաղաքացիներ։

Այսինքն՝ այս տարվա առաջին ինն ամիսներին երկրի բնակչությունը նվազել է 9857-ով, իսկ ՀՀ քաղաքացիներինը՝ 35,549-ով։

Սակայն տվյալներն ուսումնասիրելիս պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ տարվա չորրորդ եռամսյակը համարվում է «ներգաղթի սեզոն», քանի որ սեզոնային աշխատանքով պայմանավորված՝ արտերկիր մեկնածները վերադառնում են Հայաստան, և այս պահին արձանագրված 35,549 թիվն էականորեն կարող է նվազել՝ ընդհուպ վերածվելով դրական թվի։ 

Ինչ վերաբերում է քաղաքական գործիչների և հանրության շրջանում այս տարվա ինն ամիսներին Հայաստան եկած 37 հազար հնդիկների մասին խոսակցություններին, ապա նշենք, որ այս տարվա առաջին ինն ամիսներին ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի սահմանային գրանցումների համաձայն՝ այս տարվա առաջին ինն ամիսներին Հայաստան է ժամանել Հնդկաստանի 28,741 քաղաքացի, մեկնել՝ 29,345-ը։ 

Վերջին երեք տարիներին Հնդկաստանի քաղաքացիների կողմից Հայաստանի անցակետերով սահմանահատումների քանակը կարող եք տեսնել աղյուսակում։ 

 Ամփոփելով վերջին 3 տարիներին ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի ու ելքերի վիճակագրությունը՝ կարող ենք փաստել, որ ինչպես ամբողջ տարվա, այնպես էլ 9 ամիսների կտրվածքով վերջին 3 տարիներին Հայաստանի բնակչության թվաքանակի նվազման միտումները իրապես դանդաղում են։ 

Վահագն Խաչատրյան

www.Fip.am