Սամվել Կարապետյանը հրաժարվել է Քննչական կոմիտեում ցուցմունք տալուց

02-12-2019
Սամվել Կարապետյանը հրաժարվել է Քննչական կոմիտեում ցուցմունք տալուց

«Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի և գործարար Վահե Պարազյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով` Սամվել Կարապետյանին Քննչական կոմիտեն ծանուցում է ուղարկել հարցաքննության հրավիրելու վերաբերյալ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:

«Սամվել Կարապետյանին ծանուցում է ուղարկվել հարցաքննության հրավիրելու վերաբերյալ, սակայն Կարապետյանը հայտնել է, որ ինքը գտնվում է ՌԴ-ում եւ չի կարող ներկայանալ, բացի այդ, ցանկանում է օգտվել Սահմանադրության իր իրավունքից եւ հրաժարվել է ցուցմունք տալուց»,- ասաց Հարությունյանը:

Ավելի վաղ` Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ առանձնապես խոշոր չափերով շորթման մեղադրանք է առաջադրվել ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին: