«Երեխաների մատների և ձեռքերի ջնջխման և անդամահատման դեպքեր` պայթուցիկների պայթելու պատճառով»․ Արսեն Թորոսյան

02-12-2019
«Երեխաների մատների և ձեռքերի ջնջխման և անդամահատման դեպքեր` պայթուցիկների պայթելու պատճառով»․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ցավոք սրտի ամանորյա տոները ուրախություն բերելուց զատ նաև երբեմն դժբախտություն են բերում մեր որոշ ընտանիքներին` երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով:

Քիչ առաջ ահազանգ ստացա իմ մանկական միկրովիրաբույժ գործընկերներից, որ նորից սկսել են արձանագրվել երեխաների մատների և ձեռքերի ջնջխման և անդամահատման դեպքեր` փոքրիկների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու պատճառով:

Տարեկան 10-15 երեխա մնում է առանց մատների հենց միայն դրանց պատճառով:

Մինչև մենք օրենսդրական մակարդակով կկանոնակարգենք կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումների հարցը, կոչ եմ անում և խնդրում եմ բոլոր ծնողներին պարզապես ՉԳՆԵԼ որևէ պայթուցիկ սարք իրենց երեխաների համար, ինչպես նաև խոսել իրենց երեխաների հետ դրանց վտանգների մասին: Նույնը խնդրում եմ անել նաև դպրոցների մանկավարժական կոլեկտիվներին:

Վստահ եմ` Ամանորը ուրախ կանցնի նաև առանց մեր երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր պայթուցիկների»: