Ոստիկանությունը կոծկո՞ւմ է. Բնապահպանների նոր աղմկահարույց տեսանյութը` Խոսրովի արգելոցից

05-10-2012
233 դիտում
Ոստիկանությունը կոծկո՞ւմ է. Բնապահպանների նոր աղմկահարույց տեսանյութը` Խոսրովի արգելոցից

Խճճված ու տարօրինակ աղմկահարույց պատմությունը Խոսրովի արգելոցի շուրջ շարունակվում է: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին «Խոսրովի արգելոցում» տիրող խայտառակ վիճակի մասին բարձրաձայնել էին բնապահպանները, ի դեմս «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության:

Այցելելով արգելոց, վերջիններս «դեպքի վայրից» սահմռկեցուցիչ լուսանկարներ, ինչպես նաեւ տեսանյութ էին տարածել, ուր երեւում էր, որ արգելոցը ոմանց համար ուղղակի վերածվել է խրախճանքի վայրի. Ոգելից խմիչքի դատարկ շշեր, կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի կտրած գլուխ, գորշ արջի եւ նապաստակի մորթի եւ մարմնի մասեր, խարույկի հետքեր: Այս ամենին արձագանքել էր եւ բնապահպանության նախարարությունը եւ ոստիկանությունը: Ի դեպ, ոստիկանությունը բացահայտել էր մեղավորին, որի հարազատները պնդում էին, որ տղամարդը, որեւէ առնչություն չունի արգելոցում տեղի ունեցածի հետ:

Այսօր բնապահպանները տարածել են հերթական հայտարարությունն ու տեսանյութը, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Մի քանի օր առաջ հայրենի ոստիկանությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե իբր բացահայտել է «Խոսրովի անռատ» արգելոցում կենդանիների սպանդն իրականացնողին, իսկ բնապահպանները խանգարում են նախաքննության ընթացքին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է` «… սեպտեմբերի 29-ին, որսագողության դեպքը բացահայտվեց. 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ Նորիկ Սարգսյանը խոստովանեց կատարվածը», «Պարզվեց` նրանց (բնապահպաններին) ոչ սպանված կենդանիներն են հետաքրքրում, ոչ որսագողության բացահայտումը: Նույնիսկ որսագողությունը խոստովանած` Նորիկ Սարգսյանը չի հետաքրքրում, ում զարմանալի եռանդով իրենց պաշտպանության տակ են առել»:

Տեսանյութում առկա 'փաստերը' առաջացնում են մեր արդարացի տարակուսանքը գործի լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու, իրական հանցագործներին ու պատվիրատուներին բացահայտելու առնչությամբ: Ոչ միայն բնապահպանների, այլ նաև ողջ հանրության պահանջն է բացահայտել իրական հանցագործներին` անմիջական կատարողից մինչեւ անգործություն ցուցաբերող բարձրաստիճան պաշտոնյաները:

Ուստի հարկ ենք համարում ներկայացնել որոշակի պարզաբանումներ.

1. Մեզ հետաքրքրում է դեպքի ամբողջական, լիարժեք քննությունը, իրական պատասխանատուների եւ պատվիրատուների բացահայտումը, Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում կենդանական աշխարհի սպանդի արմատական վերացումը, եւ ոչ թե մեկ մասնավոր դեպքի բացահայտումը,

2. Ոստիկանության աշխատակիցները գործում են ոչ պրոֆեսիոնալ, քննչական գործողությունները (տեղազննություն, հարցաքննություն եւ այլն) իրականացվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգերի խախտումներով: Մասնավորապես, տեղազննության ձեւական բնույթը, Նորիկ Սարգսյանի` դատավարական կարգավիճակի հարցը (ըստ վերջինիս պաշտպան, փաստաբան Վ. Ենգիբարյանի, Ն.Սարգսյանը գործով ներգրավված է որպես վկա, սակայն ոստիկանության տարածած տեսանյութն այլ բանի մասին է վկայում, իսկ փաստաբանը հրաժարվեց դրա վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնել),

3. Ոստիկանությունը զարմանալիորեն չի անդրադառնում զանգվածային լրատվամիջոցներով լուսաբանված ինտերնետային կայքէջերի տվյալները, որտեղ բացահայտ կերպով մարդկանց (այդ թվում արտասահմանից) հրավիրում են Հայաստան՝ բեզոարյան այծ, հայկական մուֆլոն եւ Կարմիր գրքում գրանցված այլ կենդանատեսակներ որսալու համար: Ավելին, 'Շանթ' հեռուստաընկերության եթերից սույն թվականի սեպտեմբերի 30-ին ուղղակիորեն հնչել է ռուսական մի ընկերության ներկայացուցչի խոսքն այն մասին, թե ինչպես են իրենց ծառայություններից օգտվող որսորդները վերջերս եղել Հայաստանում, որսացել նշված կենդանիներին եւ դժգոհ մնացել հայկական կողմի 'մատուցած ծառայություններից': Այս հանգամանքը վկայում է, որ ոստիկանությունը կամ կոծկում եւ հովանավորում է իրական մեղավորներին, ովքեր Հայաստանի կենդանական աշխարհը դարձրել են միջազգային բիզնեսի առարկա, կամ ոստիկանության կոմպետենտությունը չի բավարարում կիրառելու մի պարզագույն մեխանիզմ` կապվել նշված կայքէջերի կոնտակտներով եւ փորձել բացահայտել կազմակերպված հանցավոր խմբերին:

4. Եթե ոստիկանությունը պնդում է, որ Նորիկ Սարգսյանը Հայաստանի որսորդների միության անդամ է, ապա հարց է ծագում, թե ի ՞նչ չափանիշներ են պահանջվում այդ միության անդամ դառնալու համար, ինչպիսի պատասխանատվություն է կրում որսորդների միությունն իր անդամների գործողությունների համար եւ հակառակը: Եվ կարևոր մի հանգամանք` ինչպե ՞ս ստացվեց, որ այդ հանցանքը կատարելու համար մեղադրվեց միայն Նորիկ Սարգսյանը: Ոստիկանության կողմից պատրաստված տեսանյութում ասվում է, որ նա մեկ տարի զբաղվել է ոչ միայն որսագողությամբ, այլ նաև վաճառել է որսը, միգուցե պետք է պարզել, թե ովքե՞ր են եղել նրա պատվիրատուներն ու գնորդները:

5. Եւ, ի վերջո` ինչպե՞ս են ծախսվում այն հսկայածավալ դրամական միջոցները, որոնք ՀՀ պետական բյուջեից եւ միջազգային դրամաշնորհային ծրագրերի միջոցով հատկացվում են 'Խոսրովի անտառ' պետական արգելոցի կենդանական եւ բուսական աշխարհի պահպանության համար:

Մենք հայտարարում ենք, որ չենք պաշտպանում որեւէ մեկին, այլ հետամուտ ենք լինում, որպեսզի ամբողջությամբ եւ հիմնովին արմատախիլ արվի արգելված կենդանիների որսի արատավոր պրակտիկան մեր հանրապետությունում, իսկ դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն իրական հանցագործներն ու նրանց հանցակիցները, այդ թվում` պատվիրատուները:

Մենք պահանջում ենք հարուցված քրեական գործի շրջանակներում հաշվի առնել վերեւում նշված բոլոր հանգամանքները եւ բացահայտել ողջ ծավալով, եւ ոչ թե կոծկել գործի առանցքային դրվագները եւ գործը բարդել մեկ անձի վրա: Մեր խնդիրն է այս երեւույթի վերացումը, ոչ թե մեկ մասնավոր դեպքի բացահայտումը: Զանգվածային լրատվամիջոցների կողմից հրապաակված նյութերում առկա են լիարժեք հետաքննության իրականացնելու համար անհրաժեշտ առավել քան բավարար հիմքեր:

Հավաստիացնում ենք նաեւ, որ մինչեւ վերջ հետամուտ ենք լինելու, որպեսզի բացահայտվեն եւ պատասխանատվության ենթարկվեն իրական մեղավորները` արգելված կենդանիների սպանդը որպես բիզնես իրականացնող անձինք եւ կազմակերպությունները: Նրանք, ովքեր տարիներ շարունակ Հայաստանի բնաշխարհը որսատեղի են դարձրել, ովքեր հիմնականում զանազան օլիգարխների ու նրանց հովանավորների ջանքերի շնորհիվ չեն ենթարկվում պատասխանատվության:

Ելնելով վերոշարադրյալից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործը գտնվում է ՀՀ ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ` վերջինիս հորդորում ենք.

- վերահսկել, որ քննչական գործողություններն իրականացվեն լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ,

- «գլխից բռնել» եւ բացահայտել իրական մեղավորներին` սկսած բնապահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մինչեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդ տեղամասի պահպանության գծով պատասխանատուների,

- բացահայտել «ատկատների» դեպքերը, որոնք թույլ են տրվել ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնյանների կողմից. Մեր գնահատմամբ դրանք անմիջական կապ ունեն որսագողության արատավոր դեպքերի հետ,

- միևնույն ժամանակ, հորդորում ենք ՀՀ ոստիկանությանը զբաղվել իր գործով եւ խստորեն պահպանել ՀՀ Սահմանադրության եւ քրեաիրավական օրենսդրության պահանջները, հանդես չգալ քաղաքական բնույթ ունեցող եւ ոչ կոռեկտ հայտարարություններով` անլրջացնելով երկրի իրավապահ համակարգը:

Մենք ձեզ հավաստիացնում ենք, քրեական գործերի կոծկման դասական մեխանիզմները հետայսու չեն գործելու:

Եթե իրավապահ մարմինների գործողությունները վստահություն չներշնչեն առ այն, որ նրանք իրապես ցանկանում են ամբողջությամբ բացահայտել այս ոլորտում առկա հանցավոր դեպքերը, ապա մենք ինքներս դրանք կբացահայտենք` զուգահեռաբար պատասխանատվության կանչելով իրավապահ մամինների պատասխանատու պաշտոնյաներին:

«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնություն»

© Medialab.am