Աննախադեպ արտահանում. ոչխարի գլխաքանակի կրճատումը` մարտահրավեր Հայաստանի եզդիական համայնքի համար

11-04-2010
425 դիտում
Աննախադեպ արտահանում. ոչխարի գլխաքանակի կրճատումը` մարտահրավեր Հայաստանի եզդիական համայնքի համար

Ոչխարի գլխաքանակի ինտենսիվ զանգվածային արտահանումը Հայաստանից հարևան Իրանի Իսլամական Հանրապետություն, գառան մսի դեֆիցիտի և գների առնվազն կրկնակի աճի հետ զուգահեռ, դժվարին իրավիճակ է ստեղծել անասնաբուծության այս ճյուղում:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը մարտի 16-ին լրագրողներին տեղեկացրել է, թե կա հրաման, որով արգելվում է Հայաստանից արտահանել էգ գառներ, որպեսզի ոչխարների վերարտադրողականությունը հնարավոր լինի պահել, և վերականգնել ոչխարների թիվը:

«Վրաստանից և Կրասնոդարից ներկրում ենք ազնվացեղ տեսակի մայրեր, նախապատրաստվում են Գերմանիայից և Ավստրիայից ներկրել հղի շիշակներ, ազնվացեղ տեսակի մայրեր»,- ասել է նախարար Ալավերդյանը` անդրադառնալով ոչխարների արտահանմանը զուգահեռ ծագած խնդիրներին:

Հայաստանի պետեկամուտների կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն` անցյալ տարվա ընթացքում Հայաստանից արտահանվել է 142.000 ոչխար, որը գերազանցում է 2008-ի ցուցանիշը 133.000-ով կամ 1480%-ով: Մինչ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները ծրագրեր են նախապատրաստում իրավիճակը շտկելու ուղղությամբ, Հայաստանում հիմնականում ոչխարաբուծությամբ զբաղվող շատ եզդիներ բողոքում են, թե հայտնվել են չափազանց դժվարին կացության մեջ:

Պաշտոնապես Հայաստանում գրանցված ավելի քան 42 հազար եզդիների գերակշիռ մասը, ըստ Աշխարհի և Հայաստանի եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյանի, ապրում է անասնապահությամբ: «Ոչխարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում, ոչխարը սերմ չի, որ ցանես՝ աճի»,- ասում է Ազիզ Թամոյանը:

Նա ասում է, որ համայնքում դժվարին իրավիճակ է ստեղծվել: Ամուր պահելով միջհամայնքային կապը` եզդիները, տարիներ շարունակ ապրելով հայերի մեջ, լավ պահել են իրենց ավանդույթները ու «այցեքարտը»` ոչխարաբուծությունը, ոչխարի պանրի և բրդի արտադրությունը: «Ստեղծված իրավիճակում շատ եզդիներ ստիպված լքում են Հայաստանը, քանի որ վերջին տարվա ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանման պայմաններում այլևս տնտեսություն չունեն»,- «Մեդիալաբին» ասում է Թամոյանը: Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ 82-ամյա Ուսուփ Ամարյանը, որը թիկն է տվել բակում ոչխարապահ շների ընկերակցությամբ, ասում է, որ այս տարի տղաներն այլևս սար չեն տանի ոչխարներին:

Նա ասում է, որ իր ընտանիքն անցյալ տարեվերջին առաջարկված բարձր գներով վաճառել է 200 գլուխ ոչխարը, որն արտահանվել է Իրան, իսկ հետո չեն կարողացել լրացնել գլխաքանակը, քանի որ գներն էլ ավելի են բարձրացել: «Ես այսպիսի վիճակ իմ ապրած կյանքում չեմ հիշում, որ եզդին հայտնվի էս վիճակում,-«Մեդիալաբին» ասում է Ուսուփ Ամարյանը,- քանի~-քանի ընտանիքներ խաբնվեցին, ծախեցին ունենացած-չունեցածը և հեռացան Հայաստանից»:

Նրա մտահոգությունը կիսում են Զովունու եզդիներից շատերը: Զովունու (գտնվում է Երևանին հարակից տարածքում) եզդի համայնքը, գոյատևելով անասնապահությամբ, կազմում է գյուղի բնակչության մեկ երրորդը: «Ամեն ինչ թանկացավ, ամեն ինչ,- ասում Ամարյանը,- ես չգիտեմ` էս ի´նչ խաղ էր մեր ազգի գլխին, ոնց է ապրելու ժողովուրդը»: Կողքի բակում վաղեմի հարևաններից մեկը մեքենայի վրա է բարձում իրերը. վաճառել է տան եղած-չեղածը և պատրաստվում է հեռանալ Հայաստանից: «Մենք ամեն ինչ կորցրինք, մնանք ի´նչ անենք: Ի~նչ եզդի առանց ոչխարի,- «Մեդիալաբին» ասում է ընտանիքի 30-ամյա տղան, որը խնդրում է չհրապարակել իր անունը: - Ոչխարների գները հասել են անպատկերացնելի թվերի, իսկ մենք ցածր գներով վաճառեցինք ու մնացինք դատարկ: Մենք հեռանալուց բացի ուրիշ ճանապարհ չունենք»:

Գառան մսի գները, իրոք, հասցրել են վերջին տարում զարմացնել շատերին: Հայաստանի բնակիչները, որոնք առավել նախապատվությունը տալիս են տավարի, խոզի, հավի, ապա նոր գառան մսին, եթե անցյալ տարի հնարավորություն ունեին 1 կգ գառան միսը գնել 1500-1800 դրամով (3,6-4,8 դոլար), ապա հիմա այն ավելի քան կրկնապատկվել է` հասնելով 4000-ի (մոտ 10 դոլար), իսկ մեկ գառան արժեքը 15-20 հազար դրամից (38-50 դոլար) հասել է 65 հազարի (165 դոլար): «Գառան միսը դարձել է դելիկատես, և մենք հիմնականում պատվերի դեպքում ենք բերում: Հիմա դա ամեն մեկի գրպանի բանը չէ»,- Երևանի կենտրոնական մսի շուկաներից մեկում «Մեդիալաբին» իրավիճակն է ներկայացնում մսավաճառներից մեկը:

Ոչխարաբուծությամբ զբաղվող Շարո Ամալյանն ասում է, որ, ի տարբերություն շատերի, ինքն ու մայրը նախընտրել են չվաճառել իրենց ոչխարները: Նրա բակում նոր մեքենա է կանգնած, Շարոն ասում է, որ ստեղծված դեֆիցիտը և իր շրջահայացությունը օգնել են խուսափել շատերի դրության մեջ հայտնվելուց:

«Եզդիների բողոքն անտեղի է, նրանք բողոքելու տեղ չունեն»,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ Գյուղնախարարության աշխատակազմի անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: - Թող չվաճառեին իրենց ոչխարները, նրանց ոչ մեկը չի խնդրել: Նրանք բորբորքված են, քանի որ արտահանողները հենց արտադրողից են առնում, և եզդիները կորցրել են վերավաճառելու հնարավորությունը»:

Եզդիների ազգային միության խորհրդի անդամ, Հայկական ագրարագյուղացիական միավորման ազգային փոքրամասնությունների գծով խորհրդական Օմար Մամոյանն ասում է, որ գյուղնախարարության ներկայացրած պատկերը չի համապատասխանում իրականությանը: «Ինչո՞ւ պիտի դուրս տայինք ոչխարը, որ այսօր ընկնենք փրփուրների հետևից, ներկրենք,- ասում է Մամոյանը,- 10 հոգու համար լավ է եղել, բայց ամբողջ ժողովրդի համար վատ է եղել, և գյուղնախարարությունը պետք է միջոցներ ձեռք առներ, բայց չի արել»:

Աշոտ Հովհաննիսյանն ասում է, որ գյուղնախարարությունը ծրագիր է մշակել, որը մոտ ժամանակներս պատրաստվում է ներկայացնելու կառավարություն: «Ըստ ծրագրի` ոչխարներ պետք է ներկրվեն, որոնք տարաժամկետ կտրամադրվեն գյուղացուն,-ասում է Հովհաննիսյանը: - Գյուղացին հնարավորություն կունենա փակելու այդ ծախսերը երեք տարվա ընթացքում»:

© Medialab.am